կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-02 18:20
Առանց Կատեգորիա

Թե ինչու Տեր-Պետրոսյանը Պետրոս առաքյալ չի դառնա

Թե ինչու Տեր-Պետրոսյանը Պետրոս առաքյալ չի դառնա

Հիշո՞ւմ եք Նոր կտակարանի այն դրվագը, երբ Պետրոս առաքյալը երեք անգամ ուրացավ Քրիստոսին: Դա չխանգարեց Պետրոսին՝ դառնալ քրիստոնական ամենակենտրոնական սրբերից մեկը և կաթոլիկ եկեղեցու հիմնադիրը:

 

Դժվար է ասել՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ունի՞ նոր կրոն ստեղծելու ամբիցիաներ, թե` ոչ, թեեւ դրա համար ունի բավարար երկու նախադրյալ: Առաջինը շրջապատի կողմից նրա նկատմամբ` գրեթե աստվածացման աստիճանի հասնող ոչ երկրային, կույր հավատն ու մոլեռանդությունն է, որը թույլ չի տալիս նկատել նրա հակասականություններն ու առաջնորդի գահից աստիճանաբար դեպի հասարակ, ինտրիգային քաղաքական գործչի փոշոտ արահետները գահավիժելու հանգամանքը:

 

Երկրորդ նախադրյալը դավաճանելու կարողությունն է: Տեր-Պետրոսյանը երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ դավաճանեց իր հիմնական քաղաքական գործընկերոջը՝ Գագիկ Ծառուկյանին: Առաջին անգամ դա տեղի ուենցավ վերջինիս համար ամենաճակատագրական պահին՝ փետրվարի 16-ին, երբ, փաստի առաջ կանգնեցնելով իշխանական հզոր մեքենայի ճնշման տակ կանգնած ԲՀԿ ղեկավարին, ով ամենաշատը հենց այդ պահին ուներ աջակցության կարիք, Տեր-Պետրոսյանը ամենաճիշտ պահը համարեց դեմ առ դեմ հանդիպման հրապարակային առաջարկ անել այդ «մեքենայի վարորդին»` «մեծարգո Սերժ Սարգսյանին»: Երկրորդ անգամ նա Ծառուկյանին դավաճանեց արդեն մարտի 1-ի հանրահավաքում՝ հրապարակավ հայտարարելով, թե միակ ընդդիմությունը մնացել է ՀԱԿ-ը: Փաստորեն, ըստ Տեր-Պետրոսյանի, Ծառուկյանն ընդդիմադիր էր այնքան ժամանակ, քանի դեռ պարում էր իր դուդուկի տակ և դադարեց ընդդիմադիր լինելուց միայն այն պատճառով, որ որոշեց դուրս գալ ասպարեզից` իշխանության գործադրած վարչա-քաղաքական ճնշումների զոհը չդառնալու նկատառումից ելնելով:

 

Մինչդեռ ընդամենը օրեր առաջ նրա ղեկավարած ՀԱԿ-ը հայտարարում էր, որ ըմբռնումով է մոտենում Ծառուկյանի որոշմանը, իսկ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, հատուկ իր «սրտի պարտք»-ը համարեց մի ամբողջ դամբանական կարդալ Ծառուկյանի հասցեին առ այն, թե ինչպես վերջինս, լինելով իսկական հեղափոխական, «մարտիրոսացավ»` որպես բուրժուա-դեմոկրատական հեղափոխության առաջամարտիկ, ով համարձակվել էր դեմ գնալ «ռեժիմին» և իր ձեռքը վերցնել հեղափոխության կարմիր դրոշը:

 

Ընդ որում՝ Տեր-Պետրոսյանը ընդդիմադիրների ցուցակից Ծառուկյանին սահուն կերպով «դուրս է շպրտում»` անգամ չսպասելով նրա ղեկավարած կուսակցության համագումարի արդյունքներին՝ հասկանալու համար ի՞նչ ուղեգիծ է որդեգրելու այդ կուսակցությունը, մնո՞ւմ է քաղաքական դաշտում, թե՞ ինքնալուծարվում է, մնալո՞ւ է Ծառուկյանը ասպարեզում, թե՞ ոչ: Եթե Տեր-Պետրոսյանն իսկապես առաջնորդվեր «սրտի պարտք»-ի բարոյական արժեքներով, այլ ոչ թե իր սիրած real politik-ի անողոք կանոններով, նման պնդում անելու համար գոնե պետք է սպասեր համագումարի ավարտին: Եթե չի սպասում, նշանակում է՝ պատմության գիրկն է ուղարկել Ծառուկյանին և ԲՀԿ-ին ու այրված է համարում կամուրջները նրանց հետ:

 

Եվ դա հասկանալի է՝ նման ուրացումներից հետո իրեն հարգող ուժը լուրջ կհամարի՞ Տեր-Պետրոսյանի հետ հետագա գործակցությունը: Ի դեպ, այս երկընտրանքը լրջորեն ծառացած է նաև «Ժառանգության» առջև, որին ևս Տեր-Պետրոսյանը որոշեց ապտակել` չնայած «հրաշալի եռյակի» ձևաչափում նրանց ոչ վաղ անցյալի սերտ համագործակցությանը: Նախ` հայտարարելով, թե ՀԱԿ-ը միակ ընդդիմությունն է մնացել, նա ընդդիմադիրների ցուցակից, փաստորեն, ԲՀԿ-ի հետ միասին դուրս մղեց նաև «Ժառանգությանը»: Երկրորդ՝ որքան կարելի էր հասկանալ նրա կոդավորված ուղերձներից, շտապեց «Ժառանգությանը» մեղադրել իշխանության կողմից ստեղծված ընդդիմադիր նոր դաշինք-պրոյեկտի մաս կազմելու մեջ:

 

Փաստորեն, «Ժառանգություն»-ը ևս իրական ընդդիմություն էր այնքան ժամանակ, քանի դեռ բռնած էր ՀԱԿ-ի ու Տեր-Պետրոսյանի «պոչը» ու միանգամից, վայրկյանապես պսևդոընդդիմություն դարձավ այդ պոչը թողնելուց հետո: Եվ դա այն դեպքում, երբ թե' Ծառուկյանի և թե' եռյակի թիկունքին հարվածողը բոլորովին էլ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր:

 

Բայց այսպիսի պարզ իրողությունները Տեր-Պետրոսյանին բացարձակապես չեն մտահոգում: Նրա միակ խնդիրը հիմա թույլ տված կոպիտ սխալներից ու սայթաքումներից հետո թե' իր և թե' ՀԱԿ-ի դեմքը փրկելն է, արմատական ընդդիմության դաշտն իրենց վերադարձնելը, քանի դեռ դրա նկատմամբ այլ հավակնորդներ չեն հայտնվել: Իսկ որպեսզի չհայտնվեն, ի դեմս, օրինակ, «Ժառանգության», անհրաժեշտ է որքան հնարավոր է նրանց իշխանությանը ծախված ներկայացնել, անվանարկել: Եվ այն, ինչ անում է հիմա Տեր-Պետրոսյանը թե' այս կուսակցության և թե' ԲՀԿ-ի հետ, հենց այս «օպերայից» է:

 

Գևորգ Դարբինյան

 

Հ.Գ. Տեր-Պետրոսյանին, այնուամենայնիվ, Պետրոսի նման նոր կրոն ստեղծել չի հաջողվի՝ չնայած նախադրյալների առկայությանը և ազգանվան մեջ առաքյալի անվան առկայությանը: Որովհետև, ի տարբերություն Պետրոսի, նա զղջալու, սխալներն ընդունելու կամք չունի: Հետևաբար, առավելագույնը, ինչ կարող է արարել Տեր-Պետրոսյանը, ընդամենը մի փոքրիկ աղանդ է, որի շրջանակներում կարող է բավարարել առաջնորդ զգալու ներքին պահանջմունքը:

 

Ափսոս միայն, որ այդ պահանջմունքի բավարարումն անընդհատ զոհերի մատուցում է պահանջում, այդ թվում` նաև սեփական սեկտայի ներսից, ինչի պատճառով նրա հետևորդ հավատացյալների շրջանակն անընդհատ մաշվում, փոքրանում է: Դե, մոտավորապես այնպես, ինչպես Տեր-Պետրոսյանի առաքելության շրջանակները մեծ քաղաքականության մեջ: