կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-20 17:44
Սփյուռք

Սահմանագոտու հրահրմամբ Անկարան նոր գործարք է առաջարկում Մոսկվային

Սահմանագոտու հրահրմամբ Անկարան նոր գործարք է առաջարկում Մոսկվային

«Մեկ ազգ, երկու պետություն» առաջադրանքին ընդառաջ Բաքվի եւ Անկարայի ղեկավարների կատարած հայտարարություններում ռազմավարական մոտեցման առումով առանցքային զուգահեռներն ակներեւ են: 

Ալիեւի համար ադրբեջանցի ժողովուրդը հոգնել է ղարաբաղյան տագնապի լուծման շուրջ անիմաստ բանակցություններից, եւ միջնորդները դա պետք է հասկանան: «Ադրբեջանցի ժողովուրդը հոգնել է այս անիմաստ բանակցություններից: Այդ իսկ պատճառով, բոլոր նրանք, ովքեր այս օրերին իրենց միջնորդական առաջարկներն են անում, թող մտածեն այս մասին, ադրբեջանցի ժողովրդի համբերությունը անսահման չէ»: 

Իսկ Թուրքիայի նախագահը  պարզապես նույն բովանդակությունն է կրկնել. «Անշուշտ Հայաստանը բռնագրավող է: Հայաստանի գրավումը տասնյակ տարիներ շարունակվում է: Նախիջեւանը բռնագրավված է եւ Մինսկի եռյակը 25-30 տարիէ այդ գործը սեղանի վրա է թողել»: Թեկուզ տարածքի անվան սխալ օգտագործումով (Արցախի փոխարեն Նախիջեւան), Էրդողանը պարզապես կրկնել է Ալիեւի միտքը: 

Պարզ է, որ Բաքուն եւ Անկարան որոշել  են սաստկացնել ճնշումը` հակամարտության նոր տարողություն հաղորդելու եւ մանավանդ բանակցային ձեւաչափը փոխելու: 

Տավուշի գործողությունները լիարժեք օգտագործելով Անկարան ազդանշան է տվել եվրոպական տարբեր քաղաքներում հակահայ ցույցեր կազմակերպելու: Որքան էլ լայնածավալ պատերազմական գործողություններ չնախատեսվեն, այդուհանդերձ քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ պետական սահմանը անհանգիստ եւ լարված պահելը բանակցային ձեւաչափի փոփոխությանը նպաստող ռազմավարական քայլ է: 

Հակամարտության աշխարհագրական դիրքերը կփոխվեն այս ձեւով. Ադրբեջան-Արցախ հարաբերակցությունը կվերածվի Ադրբեջան-ՀՀ հակամարտության, շփման գիծը կվերածվի պետական սահմանագոտու: Իսկ Թուրքիայի արագ հակազդեցությունն ու նման ներգրավվածության չափը, կամ խնդիրը թեժ պահելու քաղաքականությունը հուշում են հակամարտության բանակցային լուծման նոր գործընթացի միտում եւ այդ գործընթացին մեջ Թուրքիայի դերակատարության ստանձնում: 

Այս եղանակով եռյակը փոխարինելու օրակարգ առաջ կքաշեն Անկարան եւ Բաքուն: Թե՛ Ալիեւը եւ թե՛Էրդողանը խոսում են փաստորեն Մինսկի եռյակի սպառման, անարդյունավետության եւ հետեւաբար միջնորդական նոր ձեւաչափի կայացման անհրաժեշտության մասին: 

Ահա այստեղ է, որ Անկարան քաղաքական նոր առեւտուր առաջարկում Մոսկվային: Աշխարհաքաղաքական հնչեղություն ունեցող հակամարտության վերահսկելիության դաշտից դուրս մղել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային եւ երկկողմ` Մոսկվա-Անկարա նոր պայմանավորվածություն ձեռք բերել:

Օրակարգը առնչվում է անշուշտ նոր օսմանականությամբ հատկանշվող Անկարայի արտաքին քաղաքականության հավակնոտ քայլերին եւ անմիջականորեն Լիբիայի հետ, ուր հակասական տրամագծությամբ դիրքավորվել են Մոսկվան եւ Անկարան: Նոր ճակատի հրահրմամբ ռազմաքաղաքական նոր գործարքի համար շահարկման նյութեր ստեղծելու քայլն է, որն առնում է Անկարան: 

Հյուսիսարեւելյան սահմանգոտու թեժացումը հետապնդում էր ուրեմն հետեւյալ թիրախները. 

Ա.- Ադրբեջան-Արցախ հակամարտությունը իրողապեսեւ ապա իրավական առումով վերածել Ադրբեջան -Հայաստան հակամարտության: 

Բ.- Շփման գիծը տեղափոխել պետական սահմանագոտի: 

Գ.- Հակամարտության նոր գոտի ձեւավորելով առ ոչինչ կարգավիճակ հաղորդել 1994-հրադադարին, որը վերաբերում էր հիմնականում շփման գծին: 

Դ.- Հակամարտության նոր տարողություն եւ էություն հաղորդելով ճնշել միջազգային ընտանիքի վրա բանակցային նոր ձեւաչափ ճշտելու` սպառած նկատելով ԵԱՀԿ-ի Մինսկի եռյակի առաքելությունը: 

Ե.- Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը թեժացնելով ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր գործարքներ առաջարկել: 

Ծրագիրը դժվար թե գործնական դրսեւորում ունենա: Արցախյան թղթածրարը աշխարհի այն սակավաթիվ հակամարտություններից է, ուր ներգրավվել  են թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ՌԴ-ն եւ թե՛ այս դեպքում ԵՄ-ի հենասյուներից Ֆրանսիան: Այս ձեւաչափը աշխարհաքաղաքական ներկա պայմաններում դժվար թե Անկարայի խուսանավումներին ընդառաջ զիջումների գնա։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր