|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Երբ զրուցեցի նրա հետ, ասաց` ես խուլ երեխաների եմ բուժում, ձեր աղջկա խնդիրն ընդհանրապես հարց չէ»,- Yerkir.am-ին Գոհար Աղաջանյանը պատմում է, թե ինչպես է ծանրալսություն ունեցող իր անչափահաս դստերը տարել «Ռ. և Պ. Սկէնառ» առողջության վերականգնման կենտրոն, սակայն այդպես էլ սպասված արդյունքը չի եղել:
Կինը պատմեց, որ երեխան ունեցել է լսողության խանգարումներ, և բժիշկները, որպես միակ լուծում, առաջարկել են լսողական սարք կրել: Սակայն մի օր հեռուստատեսությամբ տեսել է «Ռ. և Պ. Սկէնառ» ԱՎԿ-ի գովազդը: Հանդիպել է կենտրոնի տնօրեն Ռուբիկ Հարությունյանի հետ: Գ. Աղաջանյանի խոսքով` կենտրոնի տնօրենն իր դստերը խոստացել է, թե «աուդիոգրամմայի կոր գիծը կբերի ուղիղ մակարդակի», այսինքն` լսողությունը լիովին կվերականգնվի:
«Ես ուշադրություն չդարձրի մի բանի վրա, որ նա ամեն ինչ էր բուժում, ինչը մի քիչ անհավանական է: Չնայած` ինձ համար այդ պահին հարմար էր հավատալը, որովհետև ես շատ էի ուզում` աղջիկս բուժվեր: Էդ ժամանակ բանականությունս քնած էր, ես հեքիաթների հավատացի»,- պատմեց կինը:
2012-ի օգոստոսին Գոհար Աղաջանյանը դստեր հետ դիմում է կենտրոնին, նշանակվում են անալիզներ, որոնց համար վճարում են 35 հազար դրամ: Իսկ բուժման համար կենտրոնի տնօրենը 500 հազար դրամ է պահանջում: Քանի որ այդ պահին կինը չէր կարող ամբողջական գումարը վճարել, վճարումը կատարվում է մաս-մաս:
Սակայն բուժումը սկսելուց մոտ 15 օր անց Գ. Աղաջանյանը նկատում է, որ երեխայի մոտ դրական փոփոխություններ չկան: Լսողությունը ստուգելու համար աղջկան տանում է «Էրեբունի» ԲԿ, այնուհետև` «Արմենիա» ԲԿ, և երկու կլինիկաներից էլ ստանում է միևնույն պատասխանը` դրական փոփոխություն չկա:
«Երբ ցույց տվեցի պատասխանները, ինքը (Ռուբիկ Հարությունյանը –Ա.Կ.) ասաց, թե` իրենք իմ կոնկուրենտներն են, գիտեն, որ իմ հիվանդն եք, խոչընդոտում են իմ գործունեությանը…»,- պատմեց Գ. Աղաջանյանը: Նա հիշեց նաև մի դեպք, որից հետո արդեն թերահավատորեն է սկսել վերաբերվել Ռ. Հարությունյանի գործունեությանը:
«Երբ աղջիկս պառկած էդ պրոցեդուրան է ընդունելիս լինում, Ռ. Հարությունյանը այլ անձանց հետ մոտենում է նրան ու զրնգուն ձայնով հարցնում է` ինչպե՞ս ես քեզ զգում: Իմ աղջիկը ոչ թե խուլ է, այլ վատ լսողություն ունի: Եթե պարզ խոսում ես, լսում է: Երեխան պատասխանում է, որ շատ լավ է զգում: Փաստորեն, դա էլ ռեկլամի ձև է, թե` տեսեք չլսող երեխան հիմա ինձ լսում, պատասխանում է: Երբ աղջիկս սրա մասին պատմեց, դա արդեն ինձ վախեցրեց»,- պատմեց կինը:
Ըստ նրա` Ռ. Հարությունյանը երեխային բազմիցս ասել է, թե շնորհակալագիր գրի, սակայն երեխան տարակուսել է, քանի որ բուժումն ավարտված չի եղել, արդյունքներ էլ չեն նկատվել ու չի հասկացել, թե ինչու պիտի շնորհակալագիր գրի:
Դատարանը համարել է, որ հայցն անհիմն է
«Անդամ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հաշմանդամություն ունեցող երեխաների կողմից մարդկային իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման համար` մյուս երեխաների հետ հավասարապես»,- նշվում է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածում: Այս կոնվենցիան ՀՀ-ն վավերացրել է 2010-ի հոկտեմբերի 22-ին:
Գ. Աղաջանյանի և նրա դստեր շահերը դատարանում ներկայացրած փաստաբան Մուրադ Ասրյանը մեզ հետ զրույցում նշում է, որ այս պահին կա դատական ակտ, որը հաստատում է, որ երեխայի իրավունքները չեն ոտնահարվել, այնինչ` իրենք պնդում են հակառակը:
Աղջիկը ներկայումս ավագ դպրոցում է սովորում, բարձր առաջադիմություն ունի, ու մայրը չի ցանկանում, որ խնդիրներ լինեն` վատ լսողության պատճառով կրթության հետ կապված: Պետք է լսողական սարք գնել նրա համար: Նախորդ տարվա մարտին դիմել են դատարան` կենտրոնին վճարված 535 հազար դրամը և դրա վրա Կենտրոնական բանկի տոկոսադրույքով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու հայցապահանջով: Գումարով պետք է լսողական սարք գնեին: Սակայն Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գայանե Մազմանյանի նախագահությամբ, մերժել է հայցը` համարելով այն անհիմն:
Վճռի` «Դատարանի իրավական վերլուծությունները» հատվածում դատարանը մեջբերում է «Ռ. և Պ. Սկէնառ» ԱՎԿ-ի կողմից տրված էպիկրիզը, որում նշվում է, որ 16-ամյա աղջիկը «Ռ. և Պ. Սկենառ» ԱՎԿ-ում բուժում է ստացել 2012-ի օգոստոսի 16-ից մինչև հոկտեմբերի 12-ը, և հիվանդի լսողությունը լավացել է 10-25 db` տարբեր հաճախությունների վրա: Նշվում է նաև, որ ծառայությունը հանձնված-ընդունված է, ծառայության վերաբերյալ առարկություններ չեն եղել, ինչը վկայում է համապատասխան փաստաթղթի տակ Գ. Աղաջանյանի ստորագրությունը:
Ի դեպ, Գ. Աղաջանյանն ասել է, թե այդ փաստաթուղթն ինքը չէ ստորագրել: «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» կողմից 31.10.2013-ին արված դատաձեռագրաբանական փորձաքննությունը, սակայն, հաստատել է, որ ստորագրությունը Գ. Աղաջանյանինն է, կեղծված չէ: Կրկնակի փորձաքննությունը նույնպես դա է հաստատել:
Սակայն հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Մուրադ Ասրյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք փորձաքննություն են պատվիրել անկախ փորձագետ Արմեն Պողոսյանին, և ստացվել է հետևյալ եզարահանգումը. «…առկա ստորագրությունը կատարված է այլ անձի կողմից` Գոհար Աղաջանյանի ստորագրությանը նմանեցման եղանակով»: Սակայն փորձագետի այս եզրակացությունը դատարանը որպես ապացույց չի ընդունել` նշելով, թե այն պատշաճ ապացույց չէ, սակայն պատճառաբանված չէ:


Մ. Ասրյանը սրա վերաբերյալ նշեց նաև, որ եթե նույնիսկ Գ. Աղաջանյանը ստորագրել է, ապա դա ոչինչ չի կարող նշանակել, քանի որ ծառայություններն անմիջապես մատուցվել են նրա դստերը: Եվ հավանական է, որ այդ պահին ամեն ինչ բավարար լիներ, սակայն խնդիրներ առաջանային բուժումից որոշ ժամանակ անց:
Ինչ վերաբերում է էպիկրիզում նշվածին, թե հիվանդի լսողությունը լավացել է 10-25 db` տարբեր հաճախությունների վրա, հայցվոր կողմը պնդում է, որ անհասկանալի է, թե ինչ հետազոտության հիման վրա է նման բան նշվել, հատկապես, որ գործում առկա դատաբժշկական փորձաքննական եզրակացության համաձայն` որևէ փոփոխություն չի եղել:

Yerkir.am-ի հետ զրույցում «Ռ. և Պ. Սկէնառ» ԱՎԿ-ի շահերը դատարանում ներկայացրած փաստաբան Արմինե Ղասաբողլյանը պնդեց, որ եթե դրական տեղաշարժ չլիներ, ապա նրա մոտ ծանրալսությունը պետք է ավելի խորանար, այնինչ` դրական տեղաշարժ եղել է (նկատի ունի` վերոհիշյալ 10-25db բարելավումը):
«Դատարանում աղջիկը երբ վկայություն տվեց, ասաց, թե բուժման ընթացքում լսողությունն ավելի է վատացել: Սակայն հարցրեցինք` եթե այդպես է, ապա ինչո՞ւ շարունակեցին վճարել բուժման համար, եթե հնարավորություն ունեցեին չվճարելու, քանի որ վճարել են ոչ թե միանվագ, այլ մաս-մաս»,- փաստաբանը նշեց նաև, որ հավանական է բուժումն անարդյունք լիներ, եթե նա բժշկի ցուցումները չկատարեր: Իսկ գործով վկա բուժքույրը վկայություն է տվել, թե աղջիկը, հակառակ բժշկի խորհրդի, նույնիսկ ցուրտ-քամոտ եղանակին գլխարկ չէր դնում:
Սակայն նշենք նաև, որ հայցվոր կողմը պնդում է, թե երեխան կատարել է բժշկի բոլոր ցուցումները:
Վճռի «Դատարանի իրավական վերլուծությունները» հատվածում դատարանը հաստատված է համարել, որ երեխայի նկատմամբ կատարված հետազոտությունները ճիշտ են եղել, իսկ բուժման գործընթացի և արդյունավետության վերաբերյալ գնահատական տալ հնարավոր չէ, քանի որ համապատասխան փաստաթղթեր չկան:
Միայն հղում է արվում դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, որում նշվում է, որ «Ռ. և Պ. Սկէնառ» կենտրոնի կողմից կատարված միջոցառումները ո'չ դրական, ո'չ էլ բացասական արդյունքներ չեն ունեցել: Եվ որ երեխայի մոտ առկա` 3-րդ աստիճանի երկկողմանի ծանրալսությունը բժշկական սխալի հետևանք չէ: «Ըստ այս տրամաբանության` եթե հետազոտությունները եղել են ճիշտ, ապա բուժումն էլ է եղել ճիշտ»,- նշում է փաստաբան Մուրադ Ասրյանը:
Ի դեպ, պատասխանող կողմը դատարանին է ներկայացրել նաև այն սարքերի լիցենզիաների վերաբերյալ փաստաթղթեր, որոնցից երևում է դրանց ժամկետանց լինելը: Այս փաստաթղթերը տեսնելուց հետո Գոհար Աղաջանյանն ավելի է մտահոգվել.` եթե այդ սարքերի պիտանելիության ժամկետն անցած է եղել, ապա չի էլ ցանկանում մտածել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ կենտրոնի բուժումը:
Սրա վերաբերյալ Արմինե Ղասաբողլյանը նշեց, որ սարքերի լիցենզավորված լինելու հարցը հայցվոր կողմը բազմիցս շահարկել է, սակայն այդ փաստաթղթերը չեն վերաբերում կենտրոնում օգտագործվող սարքերին. «Մենք այդ փաստաթղթերը ներկայացրել ենք դատարանին որպես կողմնորոշիչ ապացույց, որպեսզի դատարանն ամբողջական պատկերացում կազմի, թե դրանք ինչ սարքավորումներ են և ինչ արդյունքների կարող ես հասնել դրանցով»:
Իսկ թե ինչո՞ւ չեն ներկայացրել հենց այն սարքերի լիցենզիաները, որոնք օգտագործվում են «Ռ. և Պ. Սկէնառ» ԱՎԿ-ում, Ա. Ղասաբողլյանը պատասխանեց, որ իրենք պարտավորված չեն եղել որևէ նման ապացույց ներկայացնել: Դա հայցի սահմաններից դուրս է եղել:
Փաստաբանը քննարկվող գործի շրջանակներից դուրս է համարում նաև այն, որ հայցվոր կողմը պնդում է, թե «Ռ. և Պ. Սկէնառ» ԱՎԿ-ն որոշակի գործունեություն է իրականացնում` չունենալով համապատասխան լիցենզիա: Մասնավորապես` առողջապահության նախարարության կողմից տրամադրված լիցենզիայի համաձայն` կենտրոնը կարող է մատուցել «բժշկական ընդհանուր պրակտիկա, ախտորոշիչ» բժշկական սպասարկման տեսակը: «Սակայն եթե մտնեք Youtube, ապա կտեսնենք, որ կենտրոնը զբաղվում է ամեն տեսակի բուժօգնությամբ` ականջ բուժելուց մինչև ողնաշարի բուժում»,- ասաց Մ. Ասրյանը:
Մ. Ասրյանը նաև հարցում է արել առողջապահության նախարարություն` պարզելու համար, թե ի՞նչ ծառայություններ կարող է մատուցել ընդհանուր պրակտիկայի բժիշկը, և ստացել է հետևյալ պատասխանը. «…ԱՆ բժշկական մասնագիտությունների ցանկում ընդհանուր պրակտիկայի բժիշկը ներկայացվում է որպես ընտանեկան բժիշկ: Վերջինիս գործողությունների մեջ «սկէնար» թերապիան չի ներկայացվում: Ավելին` ընտանեկան բժիշկների մասնգիտացման և կատարելագործման ծրագրերում այդ մեթոդն ընդգրկված չէ»:
Այս հարցի վերաբերյալ Արմինե Ղասաբողլյանը նշեց, որ թերևս պետք էր հարցումն անել ոչ միայն «բժշկական ընդհանուր պրակտիկայի», այլ «բժշկական ընդհանուր պրակտիկա, ախտորոշիչ» մասով, և հավանական է, որ այլ պատասխան ստացվեր: «Ինչևիցե, սա ներկայացված հայցի հետ կապ չունի: Եթե անօրինական գործունեություն է ծավալվում, թող դիմեն համապատասխան մարմիներին»,- ասաց նա:
Նշենք նաև, որ հայցվոր կողմն առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկելու է վերաքննիչ ատյանում:
Հ.Գ. Գ. Աղաջանյանի խնդրանքով` անչափահաս դստեր անունը չենք հրապարակում:
Աստղիկ Կարապետյան

