Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենսաթոշակի պարտադիր կուտակային միջոցները անձի սեփականությունն են, սակայն դրանց տնօրինումը որոշակիորեն սահմանափակվում է` կապված նրա տարիքի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանը:
Սակայն նա նշեց, որ մինչեւ կենսաթոշակային տարիքին հասնելու դեպքում էլ կուտակված գումարները կարող են տրամադրվել. «Իհարկե, կարող են լինել նաեւ ժամկետից շուտ տնօրինելու դեպքեր, երբ այդ գումարի չտնօրինումը կհանգեցնի այնպիսի իրավիճակների, որոնց դեպքում պարզապես անիմաստ կդառնա կենսաթոշակի մասին մտածելը` հիվանդություններ եւ այլն»:
Կուտակային այս միջոցները նաեւ ժառանգելի են. եթե, օրինակ, աշխատանքային պրակտիկայի ընթացքում անձը մահանում է, ապա գումարը փոխանցվում է նրա ժառանգին: Սակայն ժառանգի կողմից այն տնօրինումը նույնպես որոշակի սահմանափակումներ ունի:
Ս. Սաիյանը խոսեց նաեւ գումարների վերադարձելիության երաշխիքների մասին` նշելով, որ եթե խոսում ենք երաշխիքներից, բնականաբար, կան նաեւ ռիսկեր:
Կամավոր կուտակային համակարգի դեպքում անձը պետք է ընտրի այն ընկերությունը, որին վստահում է: Այս դեպքում պետության պարտականությունն է պատշաճ մակարդակով իրականացնել իր կարգավորիչ պարտականությունները: Այս դեպքում պետությունն ուղղակիորեն ֆինանսական փոխհատուցման երաշխիքներ չի տալիս:
Այնինչ` պարտադիր կուտակային համակարգի դեպքում ֆինանսական փոխհատուցման երաշխիքներ տրվում են: Դրա համար ստեղծվում է հատուկ երաշխիքային ֆոնդ, որը փոխհատուցման ենթակա գումարների 20 տոկոսն է վճարում, իսկ մյուս 80 տոկոսը տրվում է պետբյուջեից:
«Պետությունն ասում է քաղաքացուն` ես երաշխավորում եմ` քո վճարած գումարները ճշտված գնաճով ստանալու ես կենսաթոշակային տարիքդ լրանալուց հետո»,- ասաց Ս. Սաիյանը: