Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա արգելանք դնելու մասին քննիչի որոշումը փոխվել է. նա արդեն կարող է կնոջ ու երեխայի հետ կապ հաստատել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը։
«Տեսակցությունն ու հեռախոսային խոսակցությունը կնոջ ու երեխայի հետ վերականգնվել է։ Երկուշաբթի էի միջնորդել քննիչին, որպեսզի վերացնեի այդ որոշումը, որը բավարարվեց»,- ասաց Ենոքյանը։
Հարցին՝ կալանավորման որոշումից հետո որեւէ քննչական գործողություն իրականացվե՞լ է Սաղաթելյանի նկատմամբ, Ենոքյանն ասաց, որ չի իրականացվել. «Լրացուցիչ չի հարցաքննվել։ Վերջին հարցաքննությամբ ունեցել է կասկածյալի կարգավիճակ»։
Պաշտպանը հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ քրեական դատարան, բայց դեռ մակարգված չի։
Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։ Նա նախ ձերբակալվել էր, ապա միջնորդություն է ներկայացվել դատարան կալանավորման համար։ Փետրվարի 21-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, արձանագրել է, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, բայց այդուհանդերձ նրան կալանավորելու որոշում կայացրել։
Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։
Նշենք, որ այդ գործով մեղադրյալ կարգավիճակ ունեն Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը եւ քաղաքացի Արամ Սարգսյանը։ Այդ գործով կալանքի տակ է գտնվում նաեւ Արամ Սարգսյանը։