Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ ստեղծված Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը աշխատանքը կորցրած և աշխատանք փնտրող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով տրամադրում է անվճար ծառայություններ:
Գրասենյակը գործում է 2018 թվականից: Այն իրազեկում է աշխատանքային հիմնական իրավունքների մասին, աշխատողների աշխատանքային վեճերի դեպքում դատական հայցեր է պատրաստում, աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն մատուցում աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ և այլն), ինչպես նաև Զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ ուղղորդելու միջոցով աշխատանքային և մասնագիտական կողմնորոշում է իրականացնում:
Yerkir.am –ին այսօր տեղեկացրեցին, որ գրասենյակի թիմը տոնում է իր հերթական հաղթանակը:
2019 թվականին քաղաքացին դիմել էր գրասենյակ` իր գործատուի կողմից չվճարված աշխատավարձի բռնագանձման խնդրանքով` ընդդեմ պանիր արտադրող մասնավոր կազմակերպության: Փաստաթղթերի հավաքագրման, օրենսդրական վերլուծության, դատարանում համապատասխան ներկայացուցչության շնորհիվ գրասենյակի փաստաբանը կարողացել է ապացուցել, որ գործատուն պետք է վճարի կատարված աշխատանքի դիմաց: Քաղաքացուն հասանելիք գումարը կազմել է 320 000 ՀՀ դրամ:
«Աշխատավարձի բռնագանձման պահանջով մտել ենք դատարան. 2 ամսվա աշխատավարձ ենք բռնագանձել, ինչպես նաև չվճարման դիմաց կետանց տոկոսները»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց գրասենյակի իրավախորհրդատու Աննա Մարտիրոսյանը:
ԱԻՊԳ-ն խորհրդատվություն է տրամադրում և’ հեռախոսազանգերի, և’ այցերի միջոցով: Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար կարող եք զանգահարել գրասենյակ` 010 42 67 41, 096 99 66 04 հեռախոսահամարներով, կամ պարզապես այցելել Շենգավիթ, Մանանդյան 20: