կարևոր
529 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-01 15:59
Իրավական

ՍԴ որոշումից անկախ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների գույքերը չեն կարող բռնագանձվել․ Արամ Օրբելյան

«Սահմանադրական դատարանի որոշումից անկախ, Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի անդամների գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետև առկա են բոլոր հիմնավորումները»: Այս մասին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում»» խորագրով համաժողովի ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:

«Եվ ես գտնում եմ, որ անկախ նրանից, որ իր մոտ առկա է բոլոր հիմնավորումները որևէ անձ, ներառյալ Ռոբերտ Քոչարյանը և ընտանիքը, պարտավոր չեն դատական գործընթաց անցնել և ապացուցել իրենց կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի օրինականությունը կամ ապօրինությունը:

Բոլոր երկրները, որոնք որ դա արել են, ունեցել են կորուստներ, ոչ թե՝ աճ: Բոլոր քաղաքացիները, ովքեր ակնկալել են, որ այս գործընթացի արդյունքում իրենց բարեկեցությունը պետք է լավանա, իրականում վատացել է: Դրա համար, ես բոլոր գործերով միջնորդելու եմ, որ, ըստ էության, մերժվի հայցադիմումները»,-նշեց նա:

Նշենք, որ «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ,  հրավիրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ –1776 որոշման համատեքստում»» խորագրով համաժողով։

Հիշեցնենք՝ ՍԴ-ն օրերս ներկայացրել է ՍԴՈ-1776 եզրափակիչ մասը, որում ասվում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնն ստանձնելու պահից հետո։
 

Նաև նշվել է, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ, և նշվել են համապատասխան կետերը:
 

Այլ կերպ ասած, եթե, օրինակ, Գլխավոր դատախազությունը հասնում էր հեռավոր 1991 թվականներ և հայտարարում, թե որևէ մեկի գույքը 90-ականներին է ձեռք բերված և ապօրինի է , այդ գույքն այլևս չի կարողանա դարձնել բռնագանձման առարկա: ՍԴ-ն գրել է, որ պաշտոն զբաղեցնելու ժամանակ հանցավոր կապով ձեռք բերված գույքը միայն կարող է համարվել ապօրինի: Բացի դրանից, պիտի ապացուցեն, որ պաշտոնյան կաշառք է վերցրել, և այդ պահից սկսած՝ ձեռքբերված գույքը կարող է ապօրինի համարվել։