Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սկիզբն՝ այստեղ:
Հետևանքները
Այն, որ թանկացումներն ամբողջ աշխարհում բնականոն և նորմալ երևույթներ են, ակնհայտ է: Առավել ակնհայտ է, որ թանկացումները Հայաստանում որևէ կանոնի չեն ենթարկվում և շատ հաճախ դուրս են տրամաբանության սահմաններից:
Ասվածի վառ օրինակն են դրոշմապիտակները: Կառավարության սահմանած ապրանքախմբերի վրա փակցվող դրոշմապիտակների գինը 3.5 դրամ է: Հարկատուն վճարում էր ձեռք բերման գինը, իսկ հետագայում` հարկ վճարելու ժամանակ, ձեռք բերած դրոշմապիտակների արժեքը հանվում էր հարկերից, այլ կերպ ասած` գործատուն ժամանակավոր պարտք էր տալիս պետությանը` այն հետ ստանալու ակնկալիքով: Արդյունքն այն է, որ գործատուն, վերջին հաշվով, որևէ հավելյալ ծախս իր արտադրանքի վրա չի կատարում, սակայն եղավ` ինչպես միշտ` արտադրանքը ստվերից դուրս եկավ, շրջանառության հետ մեկտեղ ավելացան վճարվող հարկերը, բայց այդ հարկերը վճարվեցին ոչ թե շահույթի նվազեցման, այլ արտադրանքի գնի բարձրացման հաշվին:
Նույն սցենարը կրկնվելու է շրջանառության հարկի պարագայում, քանի որ այս հարկատեսակի կիրառմամբ ստվերը կրճատվելու է, ինչն էլ, արդեն պարզեցինք, հանգեցնելու է ապրանքի գնի բարձրացման: Թանկացման մակարդակն, իր հերթին, կապված է նրանից, թե հարկային բեռն ինչքանով կավելանա: Նախորդ հոդվածում արդեն խոսել էինք, որ հավանականությունը մեծ է, որ առևտրականները կարող են հատել 58.3 միլիոն դրամի շեմը, հետևաբար, առկա է ընդհանուր հարկման դաշտ անցնելու վտանգը:
«Տնտեսվարողը գիտակցում է, որ շեմը հատելու դեպքում 1 տոկոսից դրույքաչափը կարող է հասնել մինչև 10 տոկոսի: Այս կտրուկ անցումը մտահոգում է փոքր ու միջին բիզնեսին, հետևաբար, ավելի խելամիտ մոտեցում կլինի, եթե կառավարությունը կիրառի շեմային մոտեցում, ասենք` մինչև 58.3 միլիոնը հարկվի շրջանառության 1 տոկոսը, մինչև 100 միլիոնը` 2 տոկոսը, եւ այդպես` շարունակ» ,- նշում է Արթուր Առաքելյանը:
Այսօր արդեն շատ տնտեսվարողներ մտածում են օրենքն ինչ-որ կերպ շրջանցելու մասին, և ամենահավանական տարբերակներից մեկն է բիզնեսի մասնատումը, այսինքն` մեկ Ա/Ձ-ն կբաժանվի մի քանիսի: Փոքր խանութ, փոքր շրջանառություն, հետևաբար` 58.3 միլիոնի շեմը հատելու առավել փոքր հավանականություն: Ընդհանրապես, այսօր տնտեսվարողների մեծ մասը հոգեբանական խնդիր ունի` հարկ վճարելու հետ կապված, օրենքը, ինչքան էլ լավը լինի, շրջանցելու համար ձևեր հաստատ գտնվում են: Հիմա կգտնվեն մարդիկ, որ կասեն` այս կառավարությանը ոչ մի կոպեկ չի հասնում, սակայն սա առանձին քննարկման թեմա է: Պարզ օրինակ` այսօր տաքսու վարորդի ամսական հարկը կազմում է 14500 դրամ կամ, որ նույնն է, օրական 500 դրամ, բայց մենք կգտնենք 501 ձև` այդ փողը չմուծելու համար, անգամ` տաքսու նշանը սեփական գրպանում պահելը:
Այն, որ նոր օրենքը դժվարություններ է առաջացնելու ՓՄՁ-ի համար, ակնհայտ է: Նրանք չեն սիրում, որ իրենց խեղդում են, ազատություն են ուզում, այդ իսկ պատճառով ավելի խելացի կլիներ կառավարության կողմից սահմանել առևտրականների համար հաստատագրված վճար, քան ավելի քաշքշուկներ ստեղծել: Օրենքի դրական կողմը, իհարկե, ստվերի կրճատումն է, որը կհանգեցնի բյուջեի ավելացման:
Գևորգ Խաչատրյան
Հ.Գ. Հարկային դաշտը կառավարության համար դարձել է «պարապ վախտվա խաղալիք»: Հարկային օրենքները մեզ մոտ փոխվում են այնպիսի հաճախությամբ, որ անգամ հեղինակների մոտ է գլխապտույտ առաջացել: Գործարարի համար այսօր ամենակարևորը կանխատեսելիությունն է, սակայն կայծակնային արագությամբ փոխվող օրենքներն իրենց բացասական հետևանքն են թողնում: Արդյունքն էլ անընդհատ դժգոհողների ցուցակի ընդլայնումն է և նեդրումների ահռելի կրճատումը, թվերի մասին խոսելն արդեն ավելորդ է: