կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-26 13:19
Արցախ

Արցախի հետ սահմանին մաքսակե՞տ է լինելու

Արցախի հետ սահմանին մաքսակե՞տ է լինելու

«Իրազեկ Քաղաքացիների Միավորման» կայքում արդեն հրապարակվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի նախագիծը և դրա հավելվածները: Այսպիսով` պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հավելված 2-ի 7-րդ կետում հստակ գրված է, որ «Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել ««Հայաստանի Հանրապետություն» բառերը»:

 

Իսկ ՄՄ Մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասն ասում է. «Մաքսային միության միասնական մաքսային սահման են կազմում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները, ինչպես նաև այդ պետություններից դուրս գտնվող արհեստական կղզիները, կառույցները, շինությունները ու այլ օբեկտները, որոնց նկատմամբ ՄՄ անդամ երկրները ունեն բացառիկ իրավասություններ»:

 

Այսպիսով` եթե այս ձևակերպմանը ավելացվի «Հայաստանի Հանրապետություն» բառակապակցությունը, միևնույն է, ՄՄ միասնական մաքսային սահմանի մեջ որևէ կերպ չի մտնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ այն ո'չ արհեստական կղզի է, ո'չ շինություն է, ո'չ էլ այլ օբյեկտ, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն ունի բացառիկ իրավասություններ:

 

ՄՄ Մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասն ասում է, որ մաքսային սահմանը հատող ապրանքների (այդ թվում` ավտոմեքենաների) նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողություն: Իսկ նույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասը ուղղակիորեն ասում է, որ «մաքսային հսկողության գոտիները դրանք այն տեղերն են, որտեղ ապրանքները հատում են մաքսային սահմանը…»:  

 

Այսպիսով` ԼՂՀ-ն դուրս է մնալու Մաքսային միության սահմաններից: Ուստի, այն վայրերում, որտեղ ԵՏՄ տարածք հանդիսացող Հայաստանից դեպի Արցախ ճանապարհներ են գնում և ապրանքներ են տեղափոխվում պետք է լինեն մաքսային գոտիներ (մաքսակետեր):

 

Պայմանագրի նախագծից հետևում է, որ մաքսակետեր կստեղծվեն Քաշաթաղում, Լաչինում և Արցախ տանող մյուս ճանապարհներին: Իսկ Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան ապրանքները կներմուծվեն Եվրասական տնտեսական միությունում գործող բավականին բարձր սակագներով: