կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-28 13:23
Հասարակություն

Ես կարգավիճակ չունեմ, ազատ մարդ եմ․ Արծրուն Հովհաննիսյանը՝ սահմանին լինելու մասին

Ես կարգավիճակ չունեմ, ազատ մարդ եմ․ Արծրուն Հովհաննիսյանը՝ սահմանին լինելու մասին

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Վարդենիսում է։ Այս մասին իմացանք, երբ նա Վարդենիսից լայվ մտավ եւ մանրամասներ հայտնեց սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։

Yerkir.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ ճշտելու, թե ի՞նչ կարգավիճակով է նա այնտեղ հասել, երբ անգամ լրագրողներին թույլ չեն տալիս դիրքեր մեկնել։

«Ես կարգավիճակ չունեմ, ազատ մարդ եմ։ 26 տարի բանակում եմ եղել, երբ մեր սահմաններին հանգիստ չէ, ես չեմ կարող տանը նստել՝ անկախ նրանից, թե իմ կարգավիճակն ինչպիսին է։ Ես անելիք ունեմ, ընդհուպ՝ զենքը ձեռքիս սահմանին կանգնելը։ Ցանկացած հայ պիտի այդպես մտածի։ Այլ բան չունեմ ավելացնելու, մնացած հարցերը պարզելու, բացատրություններ տալու ժամանակը կգա, ինչպես արդեն իմ լայվում ասել եմ»։

Հովհաննիսյանը «արհեստական օրակարգ» է որակում այն, որ քննարկում են իր՝ սահման մեկնելու, այնտեղից կրկին ինֆորմացիա տալու հանգամանքը։ «Արհեստական օրակարգ է, սահմանին կռիվ է գնում, մենք, Երեւանում նստած, քննարկում ենք, թե ով ինչպես է սահման հասել»,- ասաց նա։ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ մենակ չի գնացել դիրքեր, կարեւոր նախաձեռնություն ունի, որի մասին, ըստ ամենայնի, կհայտնի ավելի ուշ։  Հարցին՝ ՊՆ-ում կրկին պաշտոն ստանալու հավակնություններ ունի՞, պատասխանեց․ «Դրա ժամանակը չէ, մնացածը՝ հետո»։

Լիանա Սարգսյան