|
Փոխարժեքներ
22 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի առաջին Հանրապետութեան կառավարութեան եւ իշխող կուսակցութիւն՝ ՀՅ Դաշնակցութեան դիրքորոշման եւ վերաբերմունքի մասին, յուժ կարեւոր վկայութիւններ է տուել ՀՀ նախարար, ՀՅԴ բիւրոյի անդամ՝ Արշակ Ջամալեանը (1882-1940թթ․), որոնցից ստորեւ մէջ ենք բերում որոշ հատուածներ՝ Հայաստանի առաջին եւ «չորրորդ» Հանրապետութիւնների սկզբունքային մօտեցումները պատմական համեմատութեան նժարի վրայ դնելու նպատակով․
«Նախ՝ մենք գիտակցում էինք, որ հայ ժողովրդի պատմութիւնը մեզնով չի սկսւում, ինչպէս եւ մեզնով չի վերջանալու: Այդ պատմութիւնը կերտել են բազմաթիւ սերունդներ, որոնցից շատերի կեանքում Էջմիածինը, որ ներկայ դէպքում անձնաւորում է հայ եկեղեցին ընդհանրապէս, խիստ մեծ դեր է կատարել թէ՛ ժողովրդի ազգային պահպանման եւ թէ՛ մշակոյթային զարգացման համար: Մեծ է եղել այս դերը մանաւանդ այն պատճառով, որ մեր ազգային-պետական անկախութիւնը երկար դարերի ընդմիջումներ է ունեցել, որոնց ընթացքին եկեղեցին ամենակարեւոր շաղկապող օղակներից մէկն է եղել, եթէ ոչ միակը, տարբեր պետութիւնների մէջ բաժանուած եւ տարբեր պայմանների ենթակայ հայկական հատուածների միջեւ:
«Էջմիածնի պատմական դերի մասին այս ըմբռնողութիւնն ունենալով, հայ ժողովուրդը մի տեսակ երախտագիտական զգացմունքներով կապուած էր նրա հետ: Այն բացայայտ, շատ տեղերում՝ զինուած ըմբոստութիւնը, որ կատարեց հայ ժողովուրդը ցարիզմի դէմ՝ եկեղեցական կալուածների բռնագրաւման ժամանակ, եւ այն բուռն բողոքները, որ բարձրացնում էր նա Թուրքիայում ամէն, անգամ, երբ որեւէ ոտնձգութիւն էր լինում դէպի հայ եկեղեցին՝ ամենից քիչ կրօնական բացատրութիւն ունին: Այս ցոյցերի միջոցով արտայայտւում էր ժողովրդի երախտագիտական զգացմունքը հանդէպ անցեալում հայ եկեղեցու կատարած դրական դերի, մասամբ նաեւ այն գիտակցութիւնը, որ այդ դերը դեռ չէ վերջացել։
«Հայ ժողովրդի այս տրամադրութիւններն աչքի առաջ ունենալով, մեր կուսակցութիւնը (ՀՅԴ – Կ․Խ․), որ համաձայն իր ժողովրդապետական սկզբունքների նշանաբան էր դարձրել գործելու «ժողովրդի համար եւ ժողովրդի միջոցով», անհրաժեշտաբար պէտք է շրջահայեաց, զգաստ եւ խնայող վերաբերմունք ունենար դէպի Էջմիածինը։
«Կրօնական նախապաշարումներ, անշուշտ, կան, որոնք ոչ միայն աւելորդ են, այլ եւ վնասակար: Սրանց վերացման համար մենք աշխատում ենք մեր բովանդակ քաղաքակրթական գործունէութեամբ։ Բայց սա հակակրօնական պայքարի շրջանակից դուրս է գտնւում. որովհետեւ այդ նախապաշարումների դէմ հէնց ինքը եկեղեցին էլ է պայքարում:
«Սակայն, եթէ Էջմիածնի պատմական դերը, նրա բաղաքական չեզոքութիւնը եւ կրօնական անտարբերութիւնը թելադրում էին մեզ հանդուրժող եւ խնայող վերաբերմունք ունենալ նրա հանդէպ՝ կար մի հանգամանք, որ մեզ ղրդում էր դրական գնահատանքով մօտենալ նրան: Դա այն է, որ հայ ժողովրդի ազգահաւաքման գործում մենք Էջմիածնի օժանդակութեան կարիքն էինք զգում:
«Այդ ժամանակ, ճիշդ է, կար Հայաստանի Հանրապետութիւնը, որ կիզակէտ էր հանդիսանում հայ քաղաքական մտքի համար․ կային նաեւ գեղեցիկ հեռանկարներ, որոնք աւելի եւս հրապուրիչ էին դարձնում այդ կիզակէտը, բայց դրա հետ միասին կար եւ այն փաստը, որ հայ ժողովրդի տարագրուած զանգուածները անորոշ վիճակի մէջ դեռ յածում էին օտարութեան մէջ՝ ենթակայ ամէն տեսակի այլասերող ազդեցութիւնների, որ այդ զանգուածների մէջ շատերը կային, որոնք, ազգային գիտակցութիւն չունենալով, միայն եկեղեցու միջոցով էին կապ պահպանում ազգային հաւաքականութեան հետ, եւ որ գանազան հոսանքներ ու խմբակցութիւններ, կուրացած Դաշնակցութեան հանդէպ ունեցած ատելութիւնից, օգտագործում էին այս տարրերի տգիտութիւնը՝ նրանց Հայաստանի Հանրապետութիւնից ուծացնելու եւ իրենց մութ գործերի յենարան դարձնելու համար: Այս ամէնի դէմ կարող էր հակազդել եւ որոշ չափով էլ հակազդում էր Էջմիածինը, որովհետեւ նա, համաձայն իր պատմական աւանդութիւնների, համակրանքով էր վերաբերւում հայ ժողովրդի մէկտեղման եւ պետական անկախութեան գաղափարին :
«Ահա այս պատճառով է, որ մենք, ինչպէս ասացինք, վանքապատկան հողերը ազգայնացնելիս անգամ, հեռու էինք Էջմիածինը արհեստականօրէն մեռցնելու կամ թուլացնելու մտադրութիւնից եւ հողերի ազգայնացումից յետոյ էլ նա, պահելով իր եկեղեցական կազմակերպութիւնը, տէր մնալով իր ծխական հասոյթներին եւ ազատ յարաբերութիւններ ունենալով արտասահմանի հայութեան հետ՝ կարող էր հոգալ իր ընթացիկ ծախսերը, մանաւանդ որ այդ ծախսերի մի զգալի մասը (մշակոյթային ծախսեր) պետութիւնն առել էր իր վրայ:
«Բայց որովհետեւ հին տնտեսութիւնից նորին դիմելու փոխանցման շրջանին Էջմիածինը կարող էր նիւթական դժուարութիւների մատնուել, ՀՀ կառավարութիւնը, սրա առաջն առնելու համար, թողել էր վանքի տրամադրութեան տակ նրա բոլոր այգիները, 80 դեսիատին (մօտաւորպէս՝ 87 հետկար – Կ․Խ․) մշակելի հող եւ ամբողջ գիւղատնտեսական ինվենտարը (գոյք – Կ․Խ․): Բացի սրանից՝ նա պետական նախահաշուի մէջ յատուկ վարկ էր բացել Էջմիածնի համար, որպէսզի վերջինս որոշ չափով կարողանար հոգալ իր դրամական պէտքերը:
«Այդ այն օրերն էին, երբ հայ ժողովուրդը, հազիւ աչք բացած թիւրքական արշաւանքի աւերածութիւնից, դեռ չէր վերականգնել իր տնտեսութիւնը՝ կիսաքաղց կեանքի ճիրաններից ազատուելու համար, իսկ Հայաստանի կառավարութեան անդամները կամ նախարարները, աչքի առաջ ունենալով ժողովրդի անձուկ վիճակը՝ ամսական չորս տոլար ոռճիկ էին սահմանել իրենց համար․․․
(Ջամալեան, Արշակ, «Մենք եւ Էջմիածինը», «Հայրենիք» օրաթերթ, Բոստոն, 1928 մայիսի 30, էջ 1, 3, հատուածներ)
Կարէն Խանլարեան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,
տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր,
պատմական գիտությունների թեկնածու