Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կիրանցը Հայաստանի միակ բնակավայրն է, որը ստալինյան բռնաճնշումների ոչ մի զոհ չի ունեցել: Այստեղ ոչ ոք համագյուղացու վրա մատնություն չի գրել: Գյուղը հայ-ադրբեջանական սահմանի խաղաղության եզրագծում է, գյուղապետի բառերով ասած, հողից փխրուն խաղաղության մշակներն են: Ինչպես հետո պարզվում է, այլ բան նկատի ունի: Փամփուշտներն այստեղ հասնում են ծուլորեն: Ադրբեջանցի նշանառուն այս գյուղի կողմը այնքան էլ հաճույքով չի նայում: Հավանականությունը փոքր է, որ կխոցի: Պատերազմը սակայն ամբողջ «ջերմեռանդությամբ» վերաբերվել է նաեւ այս գյուղին: Պատերազմից հետո առաջին տարիներին ոչ ոք այստեղ մատը մատին չի խփել, չի հավատացել խաղաղության տեւականությանը: «10 տարվա ընթացքում ոչ ոք մի հատ քարը քարին չէր դնում, դաժե մի հատ չափարի սետկա չէր սարքում»,-ասում է գյուղապետի օգնական Ռուսլան Աղասարյանը: Այս երիտասարդն իրեն համարում է հայ-ադրբեջանական հակամարտության գերին, բանակից վերադարձել է, սկսվել է պատերազմը: «Ուզած-չուզած մնացել ենք գյուղում, պաշտպանել մեր գյուղը, մեր սրբությունները, գերեզմանները»:
Հենրիկ Ավալյանը հարազատ գյուղ է վերադարձել հայ-ադրբեջանական առաջին հակամարտությունից հետո, մոտ 20 տարի առաջ: Փոփոխությունները հիմա են սկսվում: Իջեւանի տարածաշրջանի վերջին գյուղն առաջին անգամ ջրագծերով է զբաղվում, կառուցել էգյուղապետարանի նոր շենք, շքեղ եկեղեցի: Լուծում է նաեւ գյուղամիջյան գլխավոր ճանապարհի լուսավորության հարցը: Աշխատանքի համար սակայն գյուղացիների մի մասը նախընտրում է Ռուսաստանը՝ Ռոստով, Մոսկվա: Վերջին 20 տարում գյուղը գրեթե չի դատարկվել: «Դե գնացել են, քիչ էլի, քիչ»): Զարմայր Շահիրյանը «մեծ առաջընթացի» է սպասում. «Ուղղակի սահմանապահ գյուղ ա, արտերի մեծ մասը չի մշակվում»: Անցել են ժամանակները, երբ գյուղն անձամբ էր աճեցնում իր հավերի կերը: Պարոն Զարմայրը ափսոսում է՝ սահմանի բերանին լավ հողեր ունեինք: Այսօր այդ հողերի կողմը նայում են որպես ինտերնացիոնալ անցյալի մնացուկի:
Այս գյուղացիների համար խաղաղությունն ինքնահոսի է մատնվել: Իրենք լսում են ավելի սահմանամերձ գյուղերի վրա թափվող կրակոցները՝ Բերքաբեր, Ոսկեպար: Խաղաղության փխրուն ավերակների մեջ մարդ առ մարդ ուրվագծվում է այլեւս ոտքի չկանգնող մի կյանք: Գյուղապետը գրեթե պոետ է՝ հողից փխրուն խաղաղության գերիներն ենք: Խաղաղությանն այստեղ կառչում են տարբեր վարկերով, մեծ մասն է վարկերի տակ՝ 12-20 տոկոսով: «Ճիշտն ասած, դժվարությամբ են կարողանում էդ վարկերը տալ, բայց որեւէ գույք ու տեխնիկայի առգրավում չի եղել»,-ասում է գյուղի վերջին 19 տարվա գյուղապետ Հմայակ Նազարյանը: Խաղաղության փխրունությունը գյուղապետը ներկայացնում է այսպես՝ անասուն ու հող ունեցող գյուղացին «Երեւանից բերած սմետան ու մածուն» է առնում գյուղի խանութներից. «Եթե Երեւանից պետք ա ստե սմետան ու մածուն գա ու ստե սպառվի, ուրեմն մենք մեր տեղում չենք»: Խանութի վաճառողուհին առանձնապես հիացած չէ այս գյուղի գնողունակությամբ, մոտ 300 բնակիչ ունեցողբնակավայրի համար պարտքը շատ է. «Մի 500-600 հազար կազմում ա, էլի»: Պարտքը չփակողները կարող են հուսալ այս կնոջ ողորմածությունը, նորից կտա, եթե ուզածները վերմիշել է. «Բա ի՞նչ անեմ, երեխեքը սոված են, հաց ա ուզում, հասարակ վերմիշել ա ուզում, չտա՞մ»:
Հմայակ Նազարյանն իրեն զգում է, ինչպես ավերակների վրա թագավորող, կանաչ, լուսավոր գյուղ է, եկեղեցուց բացի եւս մի շքեղ տուն է կառուցվել գյուղում վերջին տարիներին , բայց կառուցողը տեղացի է, տունը կառուցել է պապական հողի վրա, իրենք «դրա համար չեն հավաքվել»: «Էս համայնքում դեռ մեկ հեկտար վարելահող կամ հող չի վաճառվել: Այսինքն, դա արդեն նշան ա էն բանի, որ հողը արժեք չունի մեր մոտ»,-ասում է գյուղապետը: «Բա վտանգավոր գյուղ ա»,-ասում է Ղազարյանների տան հարսը՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին:
«Ինվալիդացել եմ»,-ասում է կիսակույր, վատ լսող Ժորա Ղազարյանը: Նրա տունը 92 թվականին է ռմբակոծվել, կարկատել է եւ այսօր տունը նման է ռմբապաստարանի: Ժորա պապիկը դեռ հույս ունի, որ պետությունը կնայի իր կողմը, կգնահատի, թե ինչպես չլքեց գյուղը: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին ավելի լավատես է. «Եթե արտագաղթ ունենայինք, առաջին հերթին դպրոցի վրա պիտի զգացվի: Մեր աշակերտները չեն պակասում, ավելանում են»: Սակայն աշխատանքի բացակայությունը երիտասարդներին վանում է գյուղից՝ այսպես շարունակվելու դեպքում, ըստ ուսուցչուհու՝ Քրիստինե Ղազարյանի, «ծերացող գյուղի կվերածվենք»: Գալիս են 9 աշակերտանոց 3-րդ եւ 4-րդ դասարանները՝ սա նվաճում է ծերացման սպառնալիքի դեմ կանգնած գյուղի համար:
Խալիս Ղազարյանը զրույցին միանում է «ծանր ու մեծ», պատերը շոշափելով մոտենում է ու նստում: Այս ծեր կինը չի տեսնում, կույր է: Հաստատում է՝ վտանգավոր գյուղ է Կիրանցը, աշխատանք չկա, որդուն ռուսական միգրացիոն ծառայությունները թույլ չեն տալիս մեկնելՌուսաստան արտագնա աշխատանքի: «Ի՞նչ եմ իմանում՝ խի, ասում չեն, որ՝ խի»: Իրականում, Խալիս տատիկը 4 որդի ունի՝ հլա տես հմի կա՞ն հետս նստած: 3-ը արդեն վաղուց ապրում են Ռուսաստանում, դեռ շունչ քաշելու ժամանակ չունեն, մոր կողմը չեն նայում, մինչդեռ մայրը նայում է նրանց կողմը նույնիսկ skype-ով, բայց ոչինչ չի տեսնում: «15 տարի ա, տենում չեմ, կարու՞մ են որ գան: Աշխատում են Ռուսաստանում, մալյար են»,-ծնկները շոշափելով է ասում Խալիս տատիկը: Քիչ հետո լացելու է Խալիս տատիկը: Ծնկներն է շոշափելու, ամեն բառի հետ կոկորդն է սեղմվելու՝ երեք որդի... ու չգիտի, թե ով ոնց է. «Ոչ տենում եմ ինչ են, լղար են, չաղ են, պռավել են, չեմ տենում, տենում չեմ»:
Փաստը, որ այս գյուղից «երեւում» է Ռուսաստանը, տեղացիներին այնքան էլ չի ոգեւորում խոսել քթի տակ գտնվող Ադրբեջանից: Ինքնապաշտպանական մարտերի ժամանակ իրենք են ստեղծել իրենց անվտանգության «գոտին»: Այսօր գյուղը սահմանային միջադեպերի վիճակագրության մեջ չկա: Հայկական google-ում գյուղի մասին կա 38 հազար հիշատակում՝ մեկ-երկուսն են միայն գյուղի առօրեայի մասին, մյուսները վանքերի, ճանապարհների եւ պատահարների մասին է: Մարդկանց մասին գրեթե ոչ մի խոսք: Ինչպես գյուղապետն է ասում, ոնց որ հողից փխրուն խաղաղության դատարկ պատերը լինեն:
Սեյրան Հանոյան, Ագնեսա Խամոյան