Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուզան Մխիթարյանն արտասվում է հենց առաջին նախադասությունից: Երկու ամիս առաջ է հուղարկավորել կոկորդի քաղցկեղից մահացած ազատամարտիկ ամուսնուն: Դուստրը գումարի բացակայության պատճառով կիսատ է թողել ուսումը դեղագործական ուսումնարանում: Նա ընդամենը կես տարի հասցրեց գերազանց սովորել: 12-ամյա որդու երաժշտական կրթության գումարը դեռ չեն տվել: Մինչեւ հիմա ապրում էին նպաստով ու թոշակով: Թոշակ ասվածը հանգուցյալ ամուսնունն է, դեռ չի ստացել, սպասում է մայիսից: 38 հազարի մասին է խոսքը: Նպաստը 28 հազար դրամ է: «Աշխատանք կա՞, որ աշխատանքով ապրեմ»,- ասում է տիկին Ռուզաննան:
Իսկ աշխատանք նրան պետք է: Մի քանի հիվանդություն ունի «շալակին»: «Չեմ թվարկի»,- թեման փակում է նա: Պարզ երեւում է, որ վատ է տեսնում, մարմինն ուռչում է: Ձեռքերը, սակայն, առողջ են, չի կարող թույլ տալ, որ ձեռքերին էլ բան պատահի: Դեղագործ աղջիկը հրաժարվում է ձայնագրվել: Սակայն համաձայն է ասել, թե ինչ է անհրաժեշտ մորը` հիվանդությունների դեմ պայքարի համար. «Մամային դեղ պետք չի, մաման պիտի աշխատանք ունենա»:
12-ամյա որդին՝ Եգոր Շառյանը, ավելի փոքր է, երաժշտական դպրոց է հաճախում, շվիի դասընթացների: Շվացնում է անհայտ դասականի մի ստեղծագործություն, ասում է՝ ժողովրդական է: Նոտաների տետրում նշած է՝ էտյուդ N1, Չեռնի-Գերմեր: Հաջորդ ստեղծագործությունը, որ պիտի սովորի տղան, Խաչատուր Ավետիսյանի «Սիրուս կսպասեմ» երգն է: Տղան դեռ չգիտի, թե ինչ սիրո մասին է խոսքը: Հոր երազանքն էր, որ դառնա երաժիշտ: Տղան երազում է դառնալ զինվոր, որ Հայրենիք պաշտպանի: «Պապայիս նման»,- կարճ է կապում տղան: Հարցնում եմ՝ ո՞վ է սպառնում քո Հայրենիքին: Տղան ուսերն է թափ տալիս:
Հայրենի Ճամբարակը չունի մի «փրփուր», որից կարող է կառչել առանց ամուսնու մնացած այս կինը: Յուրաքանչյուր օջախ այս քաղաքում ունի իր ավերակը եւ կամ ավերակների վերածվելու նախադրյալները: Շառյանների տունը բազմիցս ռմբակոծվել է Արցախյան պատերազմի տարիներին: Ռուզանն աշխատեցնում է վերջին հույսի ձեռքերը, որպեսզի ցույց տա տան կարկատած պատերը: Տան պատուհանների մի մասի ապակիների փոխարեն պոլիէթիլենային թաղանթ է: Միջանցքի առաստաղը ստվարաթուղթ է:
Ընտանիքը ձեւավորվել է պատերազմի գնդակոծությունների տակ: «Նոր ամուսնացած էինք, որ էս պատերը փլվեցին»,- առաստաղի «կարկատաններն» է ցույց տալիս տիկին Ռուզանը: Հենց այդ ժամանակ էլ ամուսինը՝ Կամոն, մեկնեց ճակատ: Պատերազմը դարձավ նրա գործը: Եվ դժբախտությունը: «Իրա բոլոր հիվանդությունները պատերազմի հետեւանք էին, նախ սիրտը լավ չէր, սրտից վիրավորվեց, էնպես տվել էր, որ կրծքամիսը դուրս էր թափվել, հետո՝ պոչկաները, թոքերը»,- թվարկում է կինը: Էլ ավելի խրոխտ, հայտնագործություն արածի նման շարունակում է` վախից է ձեռք բերել բոլոր հիվանդությունները:
Կամոն հաղթահարեց պատերազմը: Պատերազմից հետո ընտանիքը ոտքի կանգնեց միայն սեփական ուժերով: Տիկին Ռուզանն ասում է, որ այս ընթացքում ազատամարտիկ ամուսնուն հիշել են միայն մեկ անգամ` մեդալ են տվել բանակի 20-ամյակի կապակցությամբ, ու «էնքան ուրախացել էր, աշխարհն իրենն էր»: Պարգեւի տեղն էլ չգիտի այս կինը. «Ոչ մի տեսակի օգնություն չենք ստացել, շատ ենք դիմել, կեսրարս ինչքան բողոքեց, ասում էր տանս կովերը ծախել եմ, զենք եմ առել, գոնե մի հատ օգնություն չտա՞ն»:
Փոքրիկ Եգորը արդեն «դերի» մեջ է, ինձ առաջնորդում է տան նախամուտքի բազրիք, ցույց տալու համար մյուս ավերակները:
Բազրիքի բետոնը քանդվել է, ծածկել են մետաղե բարակ սալիկներով: Շվիահար Եգորն ինքն է այդ սալիկները մի կողմ տանում` ցույց տալու համար, թե պատերազմն ինչպես է վարվել իրենց տան հետ: 20-ամյա այս տան պատերը կյանքի ոչ մի նշան ցույց չեն տալիս:
Միայնակ մայրը կամաց-կամաց ուրվագծում է մի ապագա, որում Ճամբարակը տեղ չունի: Աղջկա ապագան ինչ-որ կերպ տեսանելի է տիկին Ռուզանին. «Նշանած ունի Մեղրիից, տալու եմ գնա»: Որդուն տեսնում է որպես բարձրաստիճան զինվորական: «Թող գնա Երեւան»,- ճամբարակյան ապագայի թեման փակում է նա: Ի դեպ, տիկին Ռուզաննայի տունը քաղաքի եզակի օջախներից է, որտեղից Ճամբարակի գերեզմանոցը չի երեւում:
Շառյանների տան նախամուտքի բազրիքից երեւացող բոլոր օջախները խնդիրներ ունեն, պատուհաններին ապակի չկա, այս օջախի տեսադաշտում հիմնականում սարերն են, որտեղից էլ ռմբակոծվել են նրանց եւ մյուսների տները: Բոլորի տան բակում մետաղի ջարդոն է: Այդպիսի ջարդոն կա Շառյանների ոչ միայն բակում, այլեւ տան նախամուտքում եւ դատարկ, լղար ոչխարի բարձրության գոմում: «Գոնե մի հատ կով նվիրեն, հա,- շարունակում է տիկին Ռուզանը,- երեխեքս կաթ կխմեն, մածուն կուտեն, միս կուտեն»:
Սեյրան Հանոյան