կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-24 13:53
Մշակույթ

«Կոմիտասյան օրեր». կներկայացվեն բացառապես բնագրային գործեր

«Կոմիտասյան օրեր». կներկայացվեն բացառապես բնագրային գործեր

2014-ը Կոմիտասյան տարի է` տոնում ենք Կոմիտասի 145-րդ հոբելյանը: Այդ կապակցությամբ ընթացիկ տարում մի շարք միջոցառումներ են իրականացվել, որոնք դեռ շարունակվելու են մինչև տարեվերջ:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանում կանցկացվի «Կոմիտասյան օրեր» փառատոնը, որի ընթացքում կներկայացվի Կոմիտասի ժառանգությունը` իր բոլոր շերտերով: Կկազմակերպվեն երգչախմբային, վոկալ և դաշնամուրային երաժշտության 5 համերգներ:

 

«Դժվար է թերագնահատել Կոմիտասի դերը երաժշտության, մշակույթի զարգացման գործում, դրա համար էլ նախարարության այս տարվա գերակա ուղղությունը Կոմիտասին նվիրված միջոցառումներն էին: Բացի փառատոնից, մինչև տարեվերջ նախատեսվում է նաև «Կոմիտաս» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան իրականացնել, ինչպես նաև գիտաժողով անցկացնել: Կոմիտասյան տարին կամփոփենք մեծ համերգով»,- ասաց Պողոսյանը:

 

Փառատոնի կազմակերպիչ, Կամերային երաժշտության ազգային և հայ հոգևոր երաժշտության կենտրոնների գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանն էլ նշեց, որ փառատոնի մեկնարկն ու ավարտը` սեպտեմբերի 26 և հոկտեմբերի 8, պատահական օրեր չեն` սրանք հին տոմարով Կոմիտասի ծննդյան օրերն են: «Ուզում եմ շեշտել մի փաստ` բոլոր համերգներին հնչելու է Կոմիտաս` ինչպես որ կա, առանց մշակումների: Կոմիտասի գործերը շատ են մշակում և այդպես ներկայացնում, մենք էլ որոշեցինք, որ համերգների ընթացքում կներկայացնենք Կոմիտաս, բայց` բնագրով»,- ասաց նա:

 

Անվանի դաշնակահար Արմեն Բաբախանյանն էլ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 2-ին Կամիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ, որտեղ կհնչի Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների գրեթե ողջ ժառանգությունը. «Կհնչեն անգամ Կոմիտասի` ուսանողության տարիներին գրված գործերը, որոնք, ի դեպ, առաջին անգամ կներկայացվեն: Կոմիտասը մի շարք մանկական գործեր էլ ունի գրված, որոնք նույնպես այդ օրը կներկայացվեն»:

 

«Կոմիտասյան օրեր» փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախմբերը և «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ Ռոբերտ Մլքեյանի, Սոնա Հովհաննիսյանի, Հարություն Թոփիկյանի և Մհեր Նավոյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ` հանդես կգան դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը, Կարինե Օհանյանը, Անդրեյ Կուրբետը, մեներգիչներ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Լուիզա Երեմյանը (սոպրանո), Անահիտ Պապայանը (սոպրանո), նվագակցող՝ Արմեն Աղաջանյան (դաշնամուր):