կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-28 12:37
Մշակույթ

«Կոմիտաս. վերապրում»` կոմիտասյան գործերի նորովի մեկնություն

«Կոմիտաս. վերապրում»` կոմիտասյան գործերի նորովի մեկնություն

Երեկ Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 145-ամյակին։ «Կոմիտաս. վերապրում» խորագրով համերգի կազմակերպիչներն էին երգիչ, երգահան Վահան Արծրունին և թավջութակահար, երգահան Գրիգոր Առաքելյանը։ Համերգին ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Վահան Արծրունին նշեց, որ նպատակ ունեն այս համերգով մի ամբողջ շարք սկսել՝ նվիրված Կոմիտասի ստեղծագործություններին:

 

«Արվեստի առաքելությունը ժամանակներն իրար կապելու մեջ է, և մեր համերգով ժամանակները կապել ենք նույնիսկ նվագարանների առումով, օրինակ՝ դուդուկը հայկական ավանդական հնագույն գործիքներից մեկն է, իսկ ահա Գրիգոր Առաքելյանը հայկական վիոլա է նվագում, որը նորաստեղծ նվագարան է: Համերգը մեզ համար խոնարհում է Կոմիտաս էության առաջ, սա Կոմիտասի մեր վերապրումն է»,- ասաց Արծրունին` հավելելով, որ Կոմիտասին դիտարկել որպես երաժշտագետ կամ կոմպոզիտոր` նշանակում է ոչինչ չանել. «Կոմիտասի գործերի, ստեղծագործական կյանքի հանդեպ ծրագրային մոտեցում պետք է դրսևորել»:

 

Գրիգոր Առաքելյանն էլ, իր հերթին, կարևորեց այն, որ իրենք համերգի միջոցով Կոմիտասին չեն ներկայացնում զուտ որպես կոմպոզիտոր, այլ փորձում են ցույց տալ, թե ինչ ոգեշնչում կարող են տալ այսօրվա արվեստագետին Կոմիտասի մոտեցումները, կոմիտասյան աշխարհը:

 

Դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը /համերգին հանդես եկավ` որպես մենակատար/ միջոցառման «մեղավորն» էր. ամեն ինչ սկսվեց նրանից, երբ դուդուկահարը մասնակցեց Վահան Արծրունու երաժշտական հաղորդմանը, և  նրա մոտ ցանկություն առաջացավ` համերգով հանդես գալ Վահան Արծրունու հետ: Առաջարկն էլ, բնականաբար, ընդունվեց:

 

«Մենք փորձել ենք օգտագործել դուդուկի հնարավորություններն ամբողջությամբ: Դուդուկը, հանդես գալով դասական նվագարանների հետ, չի կորցնում իր տեսակը և հանդես է գալիս որպես ավանդական երաժշտական գործիք: Վախ չկար, որ հանդիսատեսը քիչ կլինի կամ վերապահումով կմոտենա միջոցառմանը, քանի որ, չնայած որքան էլ այսօր հեռացել ենք Կոմիտասից, միևնույն է, Կոմիտասը մեր գենետիկ կոդն է, մեր հիմքը, Կոմիտասի ստեղծագործությունները մեր մասին են, նրա գործերը մենք ենք»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Համերգի առաջին մասում հնչեցին Գրիգոր Առաքելյանի կոմիտասյան մշակումները, իսկ երկրորդ մասում՝ Վահան Արծրունու «Կոմիտաս․ տասը հայտնություն» երգաշարը՝ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված: Համերգին, որպես մենակատարներ, հանդես եկան նաև Հասմիկ Բաղդասարյանը /սոպրանո/ և Նելլի Մանուկյանը /ֆլեյտա/: Մասնակցում էր նաև «Les Violons d'Armenie» լարային քառյակը` Մելինե Մարուկյանը, Սոնա Սոխիկյանը, Ալբինա Մալիշենկոն և Սուսաննա Մուրադյանը: