Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում հայտարարել է, որ դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի կաթողիկոսարանը և կիլիկյան այլ պատմական եկեղեցական տարածքներ հայությանը վերադարձնելու պահանջով: Ըստ նրա՝ եթե Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժի այդ հայցը, ապա ինքը կդիմի Եվրոպական դատարան:
Այսօր թեմայի հետ կապված մամլո ասուլիսում պրոֆեսոր, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշեց, որ միայն ողջունելի է այն միտքը, որ մենք մեր հարցերը փորձում ենք իրավական դաշտ բերել: Նման հարցերում իրավական մոտեցումները, նրա կարծիքով, ամենաճիշտն են, առավել ևս այն դեպքում, երբ տեսնում ենք, որ աշխարհում նաև գոյություն ունեն ուժային լուծումներ, թեեւ դրանք հավերժական կյանք չեն կարող ունենալ:
«Սակայն այստեղ կա նաև հարցի երկրորդ կողմը` ինչքանո՞վ ենք մենք պատրաստ բոլոր հարցերը լուծել իրավական դաշտում: Իրավական հարթության մեջ պետք է ճանաչես վերին ատյանին` դատարանին, պատրաստ լինես ներկայացնել քո բոլոր հիմնավորումները, գործես ընդհանուր խաղի կանոններով, որոնք ընդունված են աշխարհում, և պետք է պատրաստ լինես ընդունել այն որոշումը, որը կկայացնի դատարանը: Այս բոլորը հաշվի առնելով` կարծում եմ, որ մենք դեռ պատրաստ չենք»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ մենք մեծ գիտական-իրավական աշխատանք ունենք կատարելու նախքան դատարան մտնելը, քանի որ անպաշտպան, դատարկ ձեռքերով դատարան մտնել հնարավոր չէ:
Նրա կարծիքով` մեր առօրյայում էլ հենց առաջին հերթին պակասում են հարցերն իրավական դաշտում լուծելու պահանջն ու անհրաժեշտությունը:
Հարցին, թե արդյո՞ք քայլն ուշացած չէ, Բաբայանը պատասխանեց, թե լավ քայլ անելիս երբեք չպետք է մտածես` ուշ է. «Եվ հետո` 20-30 տարի առաջ նման հարցով Թուրքիայի դատարան դիմելն ուղղակի անարձագանք կմնար, իսկ այսօր կա նաև երկրորդ ատյանը` Եվրոպական դատարանը»:
Ռեժիսորի կարծիքով` դատարանում, որպես պահանջատեր, պետք է հանդես գա Հայաստանի Հանրապետությունը` որպես իրավական անձ, իսկ դատական պրոցեսը պետք է բացառի թշնամությունն ու հուզական կողմը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ նշեց, որ հարցերին իրավական լուծում տալը, այո, ճիշտ մոտեցում է և, հավանաբար, միակ ճանապարհը` բարձրացված հարցերին լուծում տալու:
«Ինչ վերաբերում է պահանջատիրությանը, մենք պետք է հստակեցնենք` ինչ ենք պահանջում, քանի որ միայն հող պահանջելը շատ պարզունակ կլիներ մեր կողմից: Մենք պետք է պահանջենք, որպեսզի Թուրքիան ընդունի այն ոճրագործությունը, որ կատարեց իր քաղաքացիների հանդեպ»,- ասաց նա` հավելելով, որ հայերի վերադարձը Թուրքիա նաև Թուրքիայի շահերից է բխում, քանի որ առանց հայերի Թուրքիայում մի օր ներսից «իրար են ուտելու»:
Գրող Արտեմ Հարությունյանի կարծիքով էլ` ահավոր ուշացրել ենք մեր` հարցերն իրավական դաշտում լուծելու որոշումը: Հիմա, նրա կարծիքով, պետք է կամաց-կամաց անհրաժեշտ փաստաթղթերը հավաքենք ու միայն լիարժեք պատրաստված դատարան մտնենք:
«Թե պետք է, փաստաբան էլ կվարձենք, հիմա բազում լավ փաստաբաններ կան, դա խնդիր չէ: Պետք է մեր ձևակերպումների մեջ հստակ լինենք: Կարծում եմ` դեռ տարիներ են պետք, որ Թուրքիան զիջումների գնա, քանի որ, մեր տարածքները վերադարձնելուն զուգահեռ, պետք է նաև Ցեղասպանությունն ընդունի»,- ասաց Հարությունյանը` հավելելով, թե ամենևին էլ զարմանալի չէ, որ Սիսի կաթողիկոսարանը և կիլիկյան այլ պատմական եկեղեցական տարածքներ հայությանը վերադարձնելու պահանջով Թուրքիային դիմելու առաջարկը հենց Սփյուռքից է գալիս: «Սփյուռքը մինչև հիմա մխում է, քանի որ շատերի ցավը դեռ «տաք» է: Եվ հետո` միգուցե սա Սփյուռքից եկող ազդակ էր ՀՀ նախագահի համար»,- ասաց նա: