|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Բանակցությունների նախորդ եւ ոչ մի փուլում պաշտոնական Ստեփանակերտը երբեք այսքան հստակ եւ բացահայտ դեմ չէր արտահայտվել արդեն ստորագրման ներկայացված Մադրիդյան սկզբունքներին: Դա տպավորություն էր ստեղծել, թե ԼՂՀ-ի համար ընդունելի է այն քաղաքականությունը, որը բանակցություններում վարում է Հայաստանը:
Արցախի պետական եւ հասարակական շրջանակների ներկայիս աննախադեպ սուր արձագանքը, սակայն, վկայում է երեք տարի շարունակ հարցի կարգավորման կապակցությամբ երկու հայկական պետությունների դիրքորոշումների միջեւ առկա, բայց խնամքով թաքցված ճեղքվածքի մասին:
Սա ոչ միայն Հայաստանի՝ ԼՂՀ-ին բանակցություններից հեռացնելու, այլեւ իր օրինական իրավունքներին տեր չկանգնելու, կրավորական կեցվածք որդեգրելու և տևական ժամանակ լռելու` ղարաբաղյան իշխանությունների թույլ տված կոպիտ քաղաքական սխալների հետեւանքն է, որը բանակցություններում մանեւրելու ռեսուրսների սպառմանը զուգընթաց, անխուսափելիորեն պետք է մի օր դուրս գար ջրի երես: Եվ այդ օրը եկել է:
ԼՂՀ-ի ներկայիս դիրքորոշումն այլեւս փաստ է, եւ սա Հայաստանում ու ԼՂՀ-ում այլեւս հնարավոր չի լինելու շրջանցել թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական եւ թե՛ հասարակական մակարդակներում: Հնարավոր չի լինելու այլեւս թաքնվել միմյանց թիկունքում եւ, այդպիսով, պատասխանատվությունը բարդել միմյանց վրա: Խնդիրն այն է, սակայն, որ խաղաքարտերը ստիպված բացելու` Ստեփանակերտի այս քայլը կարող է ուշացած լինել: