կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-16 13:14
Հասարակություն

Ստրկամտությունը երբեք ապահովության երաշխիք չի եղել. Ռուբեն Բաբայանը` Արամ Աթեշյանի մասին

Ստրկամտությունը երբեք ապահովության երաշխիք չի եղել. Ռուբեն Բաբայանը` Արամ Աթեշյանի մասին

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը ցանկանում է իմանալ, թե ինչքանո՞վ է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանը քրիստոնյա, ինչքանո՞վ է նա հոգևոր հայր: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Բաբայանը նշեց, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է առաջնորդվի Աստծո տասը պատվիրաններով, որոնցից մեկն էլ սուտ վկայություն չտալն է, մինչդեռ Աթեշյանը սուտ վկայություն է տալիս:

«Քաղաքական իրավիճակից ելնելով` հաճախ արդարացվում է ամեն ինչ: Նման մտայնություն կար 1915-ին, թե` ավելի լավ է չդիմադրել, ինչի արդյունքում էլ Ցեղասպանություն եղավ: Ինչ վերաբերում է արդարացմանը, թե հայ համայնքի համար է նման քայլի գնացել, ապա ասեմ, որ չեմ կարծում, թե հայ համայնքի կյանքը դրանից հետո դառնում է  ավելի ապահով»,- ասաց նա:

Ըստ Բաբայանի`  ստրկամտությունը երբեք ապահովության երաշխիք չի եղել, և Աթեշյանը պետք է որոշի՝ ինքն ո՞վ է՝ պոլսահայ համայնքի առաջնո՞րդը, թե՞ Թուրքիայի նախագահի աջ ձեռքը:

«Սա ճիշտ չկշռադատված քայլ էր, որի տակ իրականում անձնական որոշակի հետաքրքրություններ են թաքնված, այլ ոչ թե հայ համայնքի մասին մտավախություն: Հանուն ճշմարտության՝ պետք է դիմադրել, պատկերացնո՞ւմ եք` եթե ժամանակին ղարաբաղցիները հարմարվեին, հիմա մենք Արցախ կունենայի՞նք: Խնդիրների մասին բարձրաձայնելով ու պայքարելով միայն` կարող ես իրավունքներդ պաշտպանել»,- ասաց Բաբայանը: