Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տիկին Լալան ադրբեջանական դիրքերից պարբերաբար գնդակոծվող տանը հրաժարվում է կարոտել մանկությունն էլ, հարազատներին էլ: «Կարոտըմ էլ չեմ, որ սրան սհե տենըմ եմ, կարոտըմ էլ չեմ»,- հայացքը հաշմանդամ դարձած որդուն է ուղղում:
Լալա Սաֆարի Աթգյոզալովան հարս եկավ Բաղանիս ուղիղ 50 տարի առաջ: Հարազատ ադրբեջանական գյուղը մի քանի կիլոմետր էր հեռու, նրա ու նշանածի ընտանիքները բարեկամություն էին անում, ինքն էլ` տասնութամյա բարալիկ գեղեցկուհի: Ամուսնացավ պարզ պատճառով. «Սիրուն մարդ էր, մաշնա ուներ: Սիրահարվեց, ուզեցի, ես շա՞տ գիտեի կլյուխս էդ դի կյալ, կռիվնի դի սկսիլ»:
Ադրբեջանուհուն Բաղանիսը հենց սկզբից էլ անակնկալով է դիմավորել. հարս եկավ՝ տեսավ ամուսինը չորս տղա ունի, առաջին կինը երեքին առել-գնացել է: Փոքրին տիկին Լալան է պահել: Իր եւ Դերենիկ ամուսնու հետ համատեղ կյանքում երեք երեխա էլ ունեցան` Արմինե, Անդրանիկ, Մանուշակ: Հովվերգությունը մինչեւ պատերազմն էր: Ամուսինն այգում, մեղուների փեթակների կողքին հանգիստ նստած էր, երբ սկսվեց հերթական ռմբակոծությունը` գնդակը ուղիղ սրտին: Որդին՝ Անդրանիկը, պատերազմի թեժ օրերին առաջին գծում էր` Մեղրի, Ֆիզուլի, Հորադիզ, այստեղ վիրավորվել ու ոտքն է կորցրել: Աջ ոտքից միայն յոթ սանտիմետր է պահպանվել: Ճակատագրական զուգադիպությամբ` հայրն էլ Երկրորդ համաշխարհայինում էր կորցրել նույն` աջ ոտքը:
Տիկին Լալան իր «կիսաջան-կեսմարմին» դարձած ընտանիքի պատմությանն է միացնում նաեւ մեծ աղջկան` Արմինեին, նրան չի տեսել ութսունականների վերջից, երբ հարս ուղարկեց Բաքու: Հիշում է` «շեկ-շեկ աղջիկ էր»: Տարիներ առաջ լսել է, որ երկու տղա թոռ ունի այնտեղ՝ Բաքվում: Հիմա «ախպերները քրքրում են ամեն տեղ, որ քվորը գտնեն, բայց չեն կարըմ»:
Տիկին Լալան Ադրբեջանում է թողել տասներկու հարազատ եղբայրներին, ծնողներին` Սաֆար ու Սալաթին Աթգյոզալովներին: Չգիտի` կան-չկան: Լուսանկարների ալբոմում բոլորի նկարները կան: Տիկին Լալան հաճախ է քնքշանքով թերթում, բայց հենց Բաղանիսն սկսում է գնդակոծվել, մոռանում է բոլոր նրանց, ում թողել է Ադրբեջանում: «Տասներկու ախպերս էլ հեչ, մերս էլ հեչ, հարազատս էլ հեչ, մենակ էս քյուլփաթս /ընտանիքս/ սաղ սալամաթ կենա»,- կինը աչքը Անդրանիկ որդու ընտանիքից, երեք թոռնիկներից չի կտրում, վախենում է նրանց համար:
Սահակյանների տունը ադրբեջանական դիրքերի տեսադաշտում է: «Ամենահասարակ զենքն ստեղ հասնում ա»,- ասում է Անդրանիկն ու ցույց տալիս տան ամենահաստ պատը, որը կարող էր պաշտպանել, միայն թե տանիքն է խարխուլ. «Եթե վերևից հարված լինի, նաղդ տան մեջն ա»:
Հայի ու ադրբեջանուհու սիրուց ծնված այս ընտանիքից հայ-ադրբեջանական հակամարտությունը շատ բան տարավ, բայց տիկին Լալան չի զղջում, որ հիսուն տարի առաջ փախավ հայի հետ Բաղանիս, որը հետո պիտի սահմանամերձ ու սահմանապահ դառնար. «Ես հայ եմ ուզել, մատաղ Հայաստանին, ես դժգոհություն չունեմ` սիրել են, հարգել են ինձ` որպես իրանց քիրը, աղջիկը»:
Բաղանիսում էլ, Նոյեմբերյանի հարեւան գյուղերում էլ ընտանիքը ճանաչված ու սիրված է: Մեծից մինչեւ փոքրը այս տանը երգում, նվագում են: Նույնիսկ փոքրիկ Սամվելիկն է արդեն դհոլ նվագում: Ասում են` տիկին Լալայի եղբայրներն էլ երաժիշտներ են` հարեւան ադրբեջանական գյուղերում հայտնի: Պատերազմը համատեղ նվագի հնարավորություն չի տալիս: Տիկին Լալան իրեն հայ է համարում տասնութ տարեկանից, փայփայում է իր Անդրանիկին ու թոռնիկներին, միայն ժամանակավոր խաղաղության օրերին, երբ Բաղանիսում կրակոցներ չկան, թեքվում է դեպի հին լուսանկարները` մայրը, բոլոր եղբայրները, իր շեկ-շեկ աղջիկը, տեսնես ո՞նց են...
Հ.Հարությունյան Կ. Հարությունյան