Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` քառյակի նիստից հետո, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների պատճառով ՀՅԴ-ն հրաժարվեց քառյակի ձևաչափով համատեղ հանրահավաքից, արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների հարցն այդքան կարևոր էր, քան հանրահավաքի հարցը, ասաց. «Նախ`ՀՅԴ-ի համար միշտ են կարևորվել սահմանադրական բարեփոխումները: Ոչ թե ինքնանպատակ բարեփոխումներ, այլ կողմ ենք և հավատավոր պաշտպանում ենք այն գաղափարը, որ երկիրը պետք է անցնի ավելի հավասարակշռված համակարգի` կոլեգիալ կառավարման: Մենք ունենք սահմանադրական բարեփոխումների մեր փաթեթը, մենք պատրաստ էինք քառյակով համաձայնեցնել այդ փաթեթը, բայց դա տեղի չունեցավ»:
Նա ակնհայտ համարեց, որ հանրահավաքը չի կարող շրջանցել կարևոր այն հարցը, ինչպիսին սահմանադրական բարեփոխումների հարցն է: «Մենք չենք պատկերացնում անհամատեղելի մոտեցումներով համատեղելի հանրահավաք անել»,- բացատրեց նա` հավելելով, որ այդ դեպքում դժվար կլինի ժողովրդին հստակ ուղերձ հաղորդել, որովհետև հանրահավաքը պետք է կոնկրետ նպատակ ու ուղերձներ ունենա:
Ռուստամյանը վերահաստատեց այն մոտեցումը, որ քառյակը քառյակ է այնքանով, որքանով քաղաքական ուժերը կարողանում են համաձայնության գալ որևէ հարցի շուրջ, իսկ նման հարցերը շատ են` իշխանությանը ներկայացված 12 կետերը: «Հույս ունեմ, որ հանրահավաքի ժամանակ քառյակի անունից կամփոփվեն այդ 12 կետերը»,- ասաց նա:
Արմեն Ռուստամյանը նաև նշեց, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը պետք է ներկայացվի հոկտեմբերի 15-ին, և ՀՅԴ-ի համար հստակություն կառաջանար հոկտեմբերի 15-ից հետո, երբ պարզ կդառնար, թե արդյո՞ք իշխանությունն ընդունում է ՀՅԴ սահմանադրական փոփոխությունների փաթեթը, թե՞ ոչ: Այդ իսկ պատճառով ՀՅԴ-ն առաջարկել է քառյակի գործընկերներին համատեղ հանրահավաքի հարցը որոշել հոկտեմբերի 15-ից հետո:
«Եվ հոկտեմբերի 15-ից հետո չէր բացառվում, որ իշխանությունները չընդունեին մեր փաթեթը: Այդ պարագայում մենք դեմ կլինեինք սահմանադրական փոփոխություններին, և տարաձայնությունը քառյակում կվերանար: Բայց եթե իշխանությունը կողմ լիներ ՀՅԴ առաջարկած փոփոխություններին, այդ ժամանակ քառյակի գործընկերների հետ կհայտնվեինք տարբեր դաշտերում, որովհետև ՀՅԴ-ն պետք է պաշտպաներ սահմանադրական փոփոխությունները»,- ասաց Արմեն Ռուստամյանը: