Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը զեկուցեց մի հանձնարարականի մասին, որը տվել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը` որոշելու համար, թե ինչպիսի օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի պաշտպանվեն քաղաքական գործիչների և պաշտոնյաների սահմանադրական ազատությունները և կանխվեն զրպարտանքի հնարավոր դրսևորումները հանրային միջոցառումների ընթացքում:
Արդարադատության նախարարը նշեց, որ կատարվել են ուսումնասիրություններ, այդ թվում ուսումնասիրվել է միջազգային փորձը և ոստիկանության հետ մշակվել է համատեղ կարծիք հանձնարարականի վերաբերյալ:
Ըստ այդմ` խոսքի իրավունքի իրացման սահմանադրական իրավունքը կարևոր է, որով պետք է պարզել, թե որտեղ է ավարտվում խոսքի ազատությունը և սկսվում մյուսի անձնական և ընտանեկան կյանքը, նաև պատիվն ու արժանապատվությունը հարգելու պարտականությունը, և ինչպես կարող է պետությունը արձագանքել հանրային միջոցառումների ու հավաքների ժամանակ հանրային ու քաղաքական գործիչների իրավունքներն ու ազատությունները խախտող գործողություններին` նրանց հասցեին հնչած վիրավորական արտահայտությունների դեպքում:
Արդարադատության նախարարը ներկայացրեց մի քանի երկրների` Սերբիայի, Իսպանիայի, Վրաստանի ու Նիդեռլանդների փորձը, ինչպես նաև Եվրոպական դատարանի որոշւմներից մի քանիսը, ըստ որոնց` քաղաքական գործիչը, ինչպես յուրաքանչյուր այլ անձ, ունի անձնական կյանքի պաշտպանության իրավունք:
Հանրային խոսքի ազատության իրավունքը չպետք է սահմանափակվի բոլոր այն դեպքերով, երբ սուր քննադատությունը բխում է քաղաքական իրավիճակից, քննարկվող հարցի հանրային կարևորությունից և նպատակ չունի վիրավորել քաղաքական ու պետական գործիչին` որպես անհատի: Նախարարն առաջարկեց դատավորների ու փաստաբանների համար այս խնդրի առնչությամբ կազմակերպել վերապատրաստման դասընթացներ ու ծրագրեր:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ Հայաստանում պետք է այնպիսի պրակտիկա ձևավորվի, որ պաշտոնատար անձինք չկաշկանդվեն իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար դատարան դիմելու հարցում:
«Մինչև մենք դա չանենք, ուզում եք` առավոտից իրիկուն դատավորներ ու փաստաբաններ վերապատրաստեք: Մարդը պետք է դիմի դատարան, որ փաստաբանն ու դատավորը դատական պրակտիկա ու նախադեպ ձևավորեն»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Նա կոչ արեց նաև լրագրողական հանրույթին ինքնակազմակերպվել այնպես որ սահմանի ու պահպանի էթիկական որոշակի նորմեր: