|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ Հայաստանում կան կազմակերպված ակցիաներ՝ բռնության կոչերով։
Ըստ Թաթոյանի՝ ինքն առհասարակ չունի հասանելիություն օպերատիվ տվյալների առումով:
«Մենք շատ ավելի աչալուրջ և հետևողական պետք է լինենք, որովհետև բռնություն ցանկացած տեսակ անթույլատրելի է: Ավելի աչալուրջ պետք է լինենք, որպեսզի կարողանանք իրականացնել մեր վերահսկողական գործառույթը, որ իրավապահ մարմինների կողմից գործողություններ իրականացնելիս չոտնահարվեն քաղաքացիների իրավունքները: Բռնությունն անթույլատրելի է»,– ասաց նա:
Ինչ վերաբերում է դատարաններն արգելափակելու վերաբերյալ կոչերին՝ Արման Թաթոյանը նշեց, որ առհասարակ ցանկացած բռնության կոչ անթույլատրելի է: «Ես շատ խիստ եմ արձագանքել դատարանների մուտքերն արգելափակելու կոչերին: Ինձ համար մտահոգիչ էր, երբ նկատեցի, որ պաշտոնատար անձինք կոչ էին անում գնալ դատարանների մուտքերն արգելափակել: Վարչապետն արեց իր կոչը, բայց հաջորդ օրն իր կոչի պատասխանը տվեց, որը, կարծում եմ, լավագույնն էր այդ իրավիճակում` կամք արտահայտելով դատաիրավական համակարգում բարեփոխումների: Իմ սկզբունքային դիրքորոշումն է, որ պաշտոնատար անձինք պարտավոր են իրականացնել իրենց պարտավորություններից բխող քայլեր, դրանից ցանկցած շեղում հանդիսանում է օրենքի խախտում»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ հրապարակումները, Արման Թաթոյանը նշեց, որ երբ գեներալ Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխում էին քրեակատարողական հիմնարկ, առաջին պահից սկսած նա եղել է իրենց ուշադրության ներքո:
«Մեր աշխատակիցները պարբերաբար իրականացրել են այցեր, անընդհատ սկզբունքով կապի մեջ ենք եղել փաստաբանի հետ։ Այս գիշեր Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն՝ պայմանավորված առողջական վիճակով, պարոն Գրիգորյանն այժմ հրաժարվում է բուժօգնությունից, հրաժարվում է դեղամիջոցներ ընդունել, նաև շաքարային դիաբետի հետ կապված դեղամիջոցներ։ Ես արդարադատության նախարարին ուղղված նամակով հարցեր եմ առաջադրել՝ արդյոք ՔԿՀ–ի պայմաններում կա՞ն հնարավորություններ Մանվել Գրիգորյանին ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնությունը, եթե կան, որոնք են դրանք, եթե չկան, քննարկել պատշաճ բուժօգնության հարցը, Մանվել Գրիգորյանին զննել է նաեւ իր նախընտրած բժիշկը, նրա եզրակացության հետ կապված նույնպես հարցեր ենք առաջադրել»: