կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-29 16:59
Իրավական

Վարդան Պետրոսյանի սթափության մասին փաստեց նաև նրան ստուգած բժիշկը

Վարդան Պետրոսյանի սթափության մասին փաստեց նաև  նրան ստուգած բժիշկը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող` Վարդան Պետրոսյանի գործով այսօրվա դատական նիստումցուցմունք տվեց «Եղվարդ ԲԿ»-ի հերթապահ բժիշկ Համազասպ Գևորգյանը: Նա նշեց, որ վթարից հետո Վարդանին տեղափոխել են իրենց հիվանդանոց:

 

«Վարդան Պետրոսյանի հետ երկու բառ խոսել եմ, շատ թույլ էր զգում իրեն, հարցրել եմ` խմա՞ծ ես, ասաց` ոչ»,- պատմեց նա և հավելեց, որ ալկոմետրի միջոցով ստուգել են Պետրոսյանի արտաշնչած օդի մեջ սպիրտի քանակությունը և գրանցամատյանում արձանագրել, որ նա սթափ է:

 

Շուրջ մեկ ժամ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը վկայից փորձում էր պարզել` ամբաստանյալի սթափության վիճակի զննության վերաբերյալ հիվանդանոցից պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին տված արձանագրությունը քսերոպատճե՞նն է, թե՞ կրկնօրինակը:

 

Վկան նշեց, որ գլխավոր բժշկի կողմից տրվել է երկու արձանագրություն, որից մեկը` դեպքից ամիսներ հետո, և որի մեջ նշված է եղել ալկոմետրի ստուգման մեթոդը: Ռուբեն Բալոյանը հարցաքննոււթյան ավարտին վկայից հետաքրքրվեց. «Դուք փաստաթո՞ւղթ եք կեղծել»:

 

Սակայն դատավորը հանեց հարցը` նշելով որ փաստաթուղթ կեղծելը քրեական օրենսգրքով նախատեսվող արարք է, և որ փաստաբանը գիտի, թե այդ հարցով ում դիմի: Նշենք, որ, տուժող կողմի կարծիքով, երկրորդ արձանագրության մեջ փոփոխվել է Վ. Պետրոսյանի սթափության փաստը: