կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-01 13:54
Հասարակություն

Պետք է արժանի լինենք մեր ժողովրդին, սա փաստեց նաև ապրիլյան պատերազմը

Պետք է արժանի լինենք մեր ժողովրդին, սա փաստեց նաև ապրիլյան պատերազմը

Արցախյան ազատամարտի ամենամեծ նվաճումն այն էր, որ հայ ժողովուրդը թոթափեց զոհի բարդույթն ու անօգնականության զգացողությունը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց գրականագետ, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:

Նրա խոսքով՝ Արցախյան ազատամարտին նախորդած դեպքերը ցույց տվեցին, որ անօգնական լինելը ոչ թե արժանիք է, այլ թերություն, և համընդհանուր ինքնապաշտպանությամբ փոխարինվեց անօգնականությունը:

«Այս նույն երևույթը դրսևորվեց նաև ապրիլյան պատերազմի ժամանակ. եթե նախկինում ասում էին, թե ուժերը հավասար չեն, հիմա հասկացել ենք՝ մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք ու ինքներս պայքարենք: Բացի այդ՝ Արցախյան շարժման ամենամեծ դասերից հաջորդն էլ այն էր, որ մենք մեր հաղթանակը ձեռք բերեցինք միասնականությամբ»,- ասաց Դևրիկյանը՝ հավելելով, որ հիմա պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի այդ միասնականությունը վերականգնվի` բնականաբար, բացասականի վրա աչք չփակելով: «Մեր գերխնդիրը պետք է ոչ թե ընտրությունից ընտրություն 5 տոկոսի շեմը հաղթահարելը լինի, այլ մեր պետության զարգացումը»,- ասաց գրականագետը:

«Արցախյան ազատամարտից հետո ի՞նչ ունենք այսօր» հարցին Դևրիկյանը պատասխանեց, որ ունենք Արցախի Հանրապետություն և անկախ Հայաստան:

Yerkir.am-ի հարցին, թե որքանո՞վ ենք գնահատում մեր հաղթանակները, կռվին մասնակցածներին, կամ ժողովուրդը զգո՞ւմ է, որ ինքը հաղթանակած ժողովուրդ է, արդյո՞ք հաղթածի կյանքով ենք ապրում, Դևրիկյանը պատասխանեց, որ, այո, ժողովուրդն արժանի է ավելիին: «Մեր ժողովուրդն արժանի է ավելիին, ավելի լավ կյանքի, քան այսօր ապրում է, սա փաստեց նաև ապրիլյան պատերազմը: Մենք պետք է արժանի լինենք մեր ժողովրդին, դեռևս չենք հասել այն աստիճանի, որ արժանի լինենք մեր ժողովրդին»,- ասաց նա: