Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից տեղահանված Թերեզա Պողոսյանը՝ իր բազմանդամ ընտանիքով, անտուն, անսնունդ ու անաշխատանք է մնացել։ Կառավարության կողմից որեւէ աջակցություն չի ստացել՝ միայն այն պատճառով, որ Հին Շենից դուրս է եկել ոչ թե սեպտեմբերի զանգվածային տեղահանության ժամանակ, այլ՝ ձմռանը, երբ անհրաժեշտ էր փրկել ծննդկան դստեր կյանքը։
«Արցախից հունվարին եմ եկել Երեւան՝ դստերս պետք էր շտապ հիվանդանոց տեղափոխել։ Բլոկադայի պատճառով չկարողացանք տանել Ստեփանակերտ, բերեցինք Երեւան․ փոխպատվաստման խնդիր կար, կյանքի եւ մահվան հարց էր»,-պատմեց նա։
Բլոկադայի ժամանակ Հին Շենից հնարավոր էր դուրս գալ, բայց՝ անվերադարձ։ Թերեզան ասում է․ երրորդ դասարանում սովորող տղան, որ մնացել էր գյուղում, իր խոսքով՝ հոգեկան խանգարում էր ստանում՝ տեսնելով, թե ինչպես են թուրքերը մտնում իրենց տուն, շրջում, օգտվում տան սանհանգույցից։ Ադրբեջանցիների՝ իր տուն ազատ ելումուտից տեղյակ են եղել Արցախի իշխանություններն էլ, գյուղապետն էլ, ոստիկանությունն էլ։
«Գյուղապետը տեղյակ էր, որ թուրքը գիշերը մտնում էր իմ տուն։ Իմ տան կողքը բարձր սար էր, որի գագաթին թուրքն էր նստած՝ իր դրոշով հանդերձ։ Երբ գյուղապետին ասում էի՝ տունս թուրք է մտնում, ինձ հոգեկան հիվանդ էր անվանում։ Հետո հաստատեցին, որ ադրբեջանցիները գնում-գալիս են։ Գալիս էին, իմ տան առաջին հարկում պլան էին քաշում, ուտում-խմում, կարիքները հոգում, գնում»,- ասաց Թերեզան՝ միաժամանակ շեշտելով, որ, միեւնույն է՝ եթե աղջիկն առողջական խնդիր չունենար, չէին լքի գյուղը։
Դիմել է Հայաստանում գործող Արցախի օպերատիվ շտաբ, որտեղից Թերեզային ասել են, որ եթե բլոկադայի ժամանակ հետ գնային գյուղ, դուրս գային սեպտեմբերի տեղահանության ժամանակ, օգնություն կստանային։
«Սկզբում շտաբից ասում էին՝ սպասեք։ Ինն ամիս է՝ սպասում ենք։ Հիմա շտաբից ասում են՝ եթե դուք հետ գնայիք բլոկադայի ժամանակ Արցախ, սեպտեմբերին հետ գայիք, նոր ձեզ աջակցություն կտրամադրվեր։ Տներս մնացին այնտեղ։ Վարձով տան մեջ ենք ապրում, որի համար վճարում էինք 80 հազար դրամ, տանտերը սեպտեմբերյան տեղահանությունից հետո դարձրեց 100 հազար դրամ։ 9 ամսվա մեջ որտեղ դիմեցինք, չօգնեցին»,- նշեց նա։
Հին Շենի բնակիչն իր երեխաների հետ Չարենցավանի քաղաքապետարանում գրանցվել է որպես տեղահանված, այնտեղից ասել են՝ միայն գրանցում են, օգնելու իրավասություն չունեն, պետությունը պիտի որոշի։
«Արցախի շտաբում զարմանում են՝ ո՞նց կարա ձեզ չհասնի կառավարության ֆինանսական օգնությունը։ Չարենցավանի քաղաքապետարանի սոցապի աշխատողը եկավ մեր տուն, արձանագրեց, որ չափազանց կարիքավոր ընտանիք է։ Ես շատ լուրջ առողջական խնդիրներ ունեմ, ինձ հրավիրեցին քաղաքապետարան, բայց դեռ չեն արձագանքել»,- նշեց նա։
Ընտանիքում 5 հոգի են՝ ինքը եւ 4 անչափահաս երեխաները։ Թերեզայի ամուսինը վերջերս է մահացել՝ սրտի ինֆարկտից։ Ասում է՝ 100 հազար դրամները ստանալու համար հաշվառման էլեկտրոնային հարթակում որոնում է իր անուն-ազգանունը, բայց ցույց չի տալիս, ասես ինքը գոյություն էլ չունի։
«Մերժելու դեպքում էլ անուն-ազգանունս պիտի բերի, բայց չի բերում, փաստորեն, ես գոյություն չունեմ»,- ասաց նա»։
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։