կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-10 14:20
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոմանդոսն առաջարկում է Քաղաքացիական խորհուրդ ձևավորել՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն (Կոմանդոս) առաջարկում է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ձևավորել Քաղաքացիական խորհուրդ, որում կլինեն մտավորականներ և հասարակական-քաղաքական գործիչներ, որոնց վստահում է հասարակությունը. հայտնում է Yerkir.am-ը։

Այս մասին նա ասաց մամուլի ասուլիսում և հրապարակեց գրավոր ուղերձ։  Արցախի հերոսը պատրաստակամություն հայտնեց ղեկավարելու այդ հասարակական մարմինը, որը քննարկումների միջոցով ելք կփնտրի ստեղծված իրավիճակից։ Քաղաքացիական խորհուրդը, որը նա առաջարկում է, տեղակայված կլինի Կոմանդոսի ներկայիս նստավայրում՝ ԴՕՕՍԱՖ-ի շենքում՝ Արշակունյաց 5 հասցեով։ Նա նաև հեռախոսահամարներ է հրապարակել՝ իրենց հետ կապ հաստատելու համար՝ 010 526465 կամ 091 358928։

Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց, որ այսօր, ինչպես երբեք, մեզնից է կախված հայ ազգի ճակատագիրը:

«Մենք պետք է կարողանանք պահպանել կայունություն պետական կառավարման համակարգում: Մենք իրավունք չունենք տրվելու էմոցիաների, թույլ տալու քայլեր, որոնք է՛լ ավելի կբարդացնեն եղած իրավիճակը: Տեսնում եմ հնարավորություն բոլոր առողջ ուժերի միավորման՝ հայ մտավորականության, քաղաքական և հասարակական գործիչների, այս բարդ իրավիճակից լուծման ճանապարհներ գտնելու համար»,- հայտարարեց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Նա ընդգծեց, որ որևէ քաղաքական նպատակ չունի, և բոլորին կոչ արեց վեր կանգնել նեղ անձնական, քաղաքական և կոլեկտիվ շահերից:

Արկադի Տեր-Թադևոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ փաստաթուղթը ստորագրելու որոշումից առաջ քննարկում եղե՞լ է իր հետ: «Ինձ չեն տեղեկացրել, չգիտեմ»,- ասաց 1992-ին Շուշին ազատագրած գեներալ-մայորը։

Նա նշեց, որ պատերազմի առաջին օրից մեծ թիմով աշխատել են Հայաստանում՝ զինվորագրվողների համար դասընթացներ անցկացրել, և այդ կերպ կանգնած եղել բանակի կողքին։

Կոմանդոսը նաև հարկ համարեց շեշտել, որ քաղաքականության մեջ չի մտել, չի էլ ուզում մտնել։

Իսկ տեղյակ եղե՞լ է, որ, ինչպես Արցախի նախագահն է ասում, նոյեմբերի 7-ից Շուշին դուրս է եղել վերահսկողությունից,  Արցախի հերոսը պատասխանեց, որ տեղյակ չի եղել։

Մանրամասն՝ տեսանյութում: