կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-25 11:26
Իրավական

Խոշտանգված Գ. Վիրաբյանի գործը նոր նախաքննության է ուղարկվել

Խոշտանգված Գ. Վիրաբյանի գործը նոր նախաքննության է ուղարկվել

Բելգիայում քաղաքական ապաստան ստացած, ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանի` ոստիկանությունում խոշտանգումների ենթարկվելու վերաբերյալ գործը նոր նախաքննության է ուղարկվելԱյս մասին տեղեկանում ենք Վիրաբյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից ֆեյսբուքյան էջից:

 

Նշենք, որ 2012 թվականի հոկտեմբերի 2-ին Եվրադատարանի կողմից ընդունված վճռով հաստատվել է Գ. Վիրաբյանի հանդեպ խոշտանգումներ կատարելու, ինչպեսև նրա անմեղության կանխավարկածի ու արդար դատաքննության իրավունքների խախտումը և որոշվել գործն ուղարկել վերաքննության:  ՀՀ-ին պարտավորեցրել են Գ. Վիրաբյանին 31 հազար եվրոյի փոխահատուցում տալ դատական ծախսերի և խախտված իրավունքների համար:    

 

2004 թվականին Գ. Վիրաբյանը` որպես ՀԺԿ անդամ և Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ, մասնակցել է ցույցերի, ինչի պատճառով նրան ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժին են կանչել: Այստեղ Վիրաբյանին խոշտանգել են, փորձել ինչ-որ ցուցմունքներ կորզել, ինչի հետևանքով նրան առողջական լուրջ վնաս է հասցվել, հեռացվել է օրգաններից մեկը

 

Վիրաբյանը մի շարք հրապարակումներում պնդել է, որ իրեն խոշտանգող ոստիկաններից է եղել  Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը

 

Նա դատախազությունից պահանջել էր քրեական գործ հարուցել իրեն  խոշտանգելու համար, սակայն պահանջը գրավոր մերժվել էր: Մերժումը հայաստանյան բոլոր ատյաններում բողոքարկվելուց հետո նա դիմել էր Եվրադատարան:

 

Եվ այժմ այս գործով նոր նախաքննությունը պետք է վերականգնի Գ. Վիրաբյանի` արդար դատաքննության իրավունքը:

 

Նշենք նաև, որ գործի նոր նախաքննությունը կատարվելու է ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի կողմից: