Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարմիր խաչը որևէ բան հանրայնորեն չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել, ո՛չ էլ մեկնաբանել, որովհետև նրա մասնակցությունը և միջնորդությունն այդ գործընթացին միայն մեկ նպատակ է հետապնդում` մարմինները փոխանցելու մարդասիրական ֆունկցիա կատարելը: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների մարմինների խոշտանգված և անարգված լինելու հանգամանքի վերաբերյալ հայտարարությանը:
Հիշեցնենք, որ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ, ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը արձանագրել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի։
«Ցանկացած հարց, որը վերաբերում է արձանագրված, նշված կամ տեղ գտած որևէ խախտման, հետաքրքրություն է ներկայացնում Կարմիր խաչի համար, սակայն մենք մանդատ, հետաքննական կամ իրավապահ որևէ մեխանիզմ չունենք և իրավապաշտպան մարմին չենք»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք ԿԽՄԿ-ն իր ներկայությամբ տեղի ունեցած գործընթացի ժամանակ արձանագրված փաստերի վերաբերյալ տեղեկություններ չի ներկայացնելու որևէ կառույցի, Ամատունին պատասխանեց. «ԿԽՄԿ-ն, մարդասիրական գործունեություն իրականացնելուց զատ, հավաքագրում է փաստեր, եթե լսում կամ տեղեկանում է նման խախտումների վերաբերյալ և փաստերը երկխոսության միջոցով ուղղում այն կողմին, որին դա վերաբերում է, ով, ըստ հավաքագրված փաստարկների, պատասխանատվություն է կրում, սակայն այդ երկխոսության մասին չենք կարող մեկնաբանություն տալ»,- ասաց նա` հիշեցնելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չեզոք միջնորդ է և դրա շնորհիվ է, որ հակամարտության գոտում տարբեր հարցերում կարողանում է միջնորդ հանդիսանալ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, ս.թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև։ Փոխանակման ընթացքում ղարաբաղյան կողմին է հանձնվել ս․թ․ ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում առաջնագծում զոհված ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին: