կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-20 13:57
Իրավական

Սնխչի Կրկո Մանուկի Անդրանիկը

Սնխչի Կրկո Մանուկի Անդրանիկը

 

Կարեն Դեմիրճյանը շատ էր սիրում Թալինի Կաքավաձորի հայտնի հրաշագործ սնխչի Կրկո Մանուկին և միշտ պատեհ առիթ էր որոնում որևէ հարցով նրան զորակցելու։ Հերթական հանդիպումից հետո Դեմիրճյանը առաջարկում է Մանուկի որդուն՝ Անդրանիկին աշխատանքի տեղավորել Հայաստանի Մինիստրների սովետում։ Անդրանիկն աշխատանքի է անցնում, բոլորը գիտեին, թե նա ում որդին է, ու կարգադրությամբ է նշանակվել և միշտ պատկառանքով էին վերաբերվում իրեն։ 1977–ի Մարտի 8–էր, Կառավարական նստավայրում մեծ շուքով նշվում էր կանանց տոնը։ Ներկա էին Կենտկոմի քարտուղարները, Մինիստրների սովետի կազմը, մի խոսքով՝ ողջ էլիտան. բնականաբար նաև КГБ–ի ղեկավարները։ Դեմիրճյանը խնդրում է Անդրանիկին մի անուշ երգով ծաղկեցնել Կանանց տոնը։ Անդրանիկը սկսում է՝

 

...Ստամբուլը պիտի դառնա արյան ծով,
Ամեն կողմից կռիվ կսկսվի շուտով...
...Կոտորենք Բաշկալա, անցնենք հեշտ կերպով,
Աջից Վարդանը, ձախից Իշխանը,
Գրավենք Աղբակ,տարածենք սարսափ, 
Փա՜ռք Դաշնակցությանը...

 

Մինչ Անդրանիկը փառահեղորեն երգում էր, կուսակցական ամբողջ վերնախավը քարացել էր և աչքի պոչով Դեմիրճյանին էին հետևում։ КГБ–ի ղեկավարները արդեն մտովի պատժաչափն էին որոշում։ Երգն ավարտվեց։ Բոլորը վախենում էին առաջինը ծափ տալ։ Հանկարծ Դեմիրճյանը սկսեց ժպիտով ծափահարել...Բոլոր, հանգիստ շունչ քաշելով, սկսեցին ծափահարել։
Հաջորդ օրը առավոտյան Անդրանիկի աշխատասենյակ մտան КГБ–ի մի քանի աշխատող և միանգամից սառը տոնով ասացին՝ «Երիտասարդ, սա քո տեղը չէ՛»։ Անդրանիկը տեղափոխվեց Հայէլեկտրո գործարան... Օրեր անց Դեմիրճյանը Անդրանիկի ղեկավարներին հարցնում է՝ Անդրանիկն ու՞ր է՝ չի երևում...Տեղեկացնում են, որ Մարտի 8–ի երգի համար նրան ազատել են աշխատանքից...«Անմիջապես ետ բերեք Անդրանիկին»,–կարգադրում է Դեմիրճյանը։ Շտապ գտնում են Անդրանիկին և հայտնում Կենտկոմի Առաջին քարտուղարի կարգադրությունը։

 

«Չէ՛, չե՛մ ուզում, ինձ համար իմ ազատությունն ավելի թանկ է»,–հրաժարվում է Անդրանիկը։

 

Այդ երգը Անդրանիկի կատարմամբ ընկերներով հաճախ ենք վայելում...

 

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

 

 

Սնխչի Կրկո Մանուկի Անդրանիկը