Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր հայ զորահրամանատար, պետական գործիչ, հայդուկապետ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է: Yerkir.am-ը ներկայացնում է նշանավոր ազգային ու պետական գործիչ Ավետիս Ահարոնյանի որդու՝ Վարդգես Ահարոնյանի «Անդրանիկ. մարդը և ռազմիկը» գրքից մի հատված: Ի դեպ, գրքի հեղինակը Առաջին աշխարհամարտի տարիներին եղել է Կամավորական առաջին գնդի հրամանատար Անդրանիկի համհարզն ու թարգմանիչը:
Քսաներորդ դարի առաջին քսանհինգամեակի Հայ Ազատագրական Շարժման պատմութեան մէջ Անդրանիկը ամենավիպական, ամենափայլուն ռազմատենչ հոգին է: Բռնակալ տիրապետողների դաժան բռունցքի տակ դարերով կքած հայ ժողովուրդը Անդրանիկի մէջ տեսաւ իր վրիժառու բազուկը եւ անզուսպ բերկրանքով փարեց այդ բազկի բռնած սրին, որ վաղուց է ինչ դուրս չի քաշուել իր պատեանից:
Նոյնիսկ թշնամին, արիւնռուշտ ու վայրագ, պատկառանքով եւ զսպուած հիացումով կրկնեց անունը հայ հերոսի, որի հպարտ գլուխը երբեք չխոնարհւեց թշնամու առջեւ, եւ որին երբեք չհասաւ թշնամու հարուածը:
Ինչպէս հրաբուխը ժայթքում է լերան անդնդախոր արգանդից, այդպէս էլ Անդրանիկը ժայթքեց հայ ժողովրդի սրտից, որպէս վրիժառու ըմբոստութեան հոյակապ մարմնացում: Թշնամուն պատուհասող նրա սուրը հայրենի հողի վրայ երբեք պատեան չմտաւ:
Նոյնիսկ հայրենիքից դուրս նա նետուեց դէպի այն դիրքերը, որտեղից կարելի էր հարուածել դարաւոր թշնամուն: 1912-13-ի բալկանեան պատերազմի ժամանակ Անդրանիկը հայ կամաւորական մի գումարտակի գլուխ անցած կռուել է պուլղարների կողքին թուրքի դէմ: Բայց երբ թուրքի դէմ պատերազմը վերածուել է Բալկանեան դաշնակիցների եղբայրասպան կռուի, Անդրանիկը վար է դրել իր զէնքը և քաշուել է ռազմի դաշտից:
Հայ ժողովուրդը սիրեց իր ըմբոստ զաւակին, երգեր հիւսեց նրա արիութեանը և դիւցազնական առասպելներով զարդարեց նրա փոթորկալից , մրրկածուփ կեանքի պատմութիւնը: Եւ մի՞թէ առասպել չէր նրա հերոսական կեանքը, որքան առասպել, նոյնքան իրականութիւն միաժամանակ:
Անդրանիկը ռազմիկ էր ոտքից գլուխ: Նա ծնուած հրամանատար էր, որ իր սուրը բարձրացրեց կամօքն Աստուծոյ եւ օրհնութեամբ հայ ժողովրդի:
Անդրանիկի զինուորական տաղանդը միեւնոյն շաղախից էր, ինչ որ պատմութեան մեծ հրամանատարներինը: Եւ յանցանքը իրենը չէր, որ հայ կեանքը անձուկ սահմանների մէջ, նրա զինուորական տաղանդը չհանեց նրան այն բարձունքները, ուր իրենից առաջ հասել էին հայ եւ օտար մեծ ռազմիկները: Մեր հայրենի լեռներում, մեր անդնդախոր ձորերում հայկական ռազմի ամէնից գոռ շեփորի ձայնն անգամ խեղդւում է, առանց հասնելու դրսի աշխարհին: Հայ կեանքից դուրս, այլ, աւելի լայն հորիզոնների տակ, Անդրանիկը կարող էր դառնալ պատմութեան նշանաւոր դէմքերից մէկը:
Բնութիւնը բաժին էր հանել Անդրանիկին մեծ հրամանատարների յատկութիւններից. նախաձեռնութեան ոգի, արագ չափող ու կշռող միտք, յանգուդն վճռականութիւն, անթերի աչք ու ականջ եւ անձնական արիութիւն՝ իր օրինակով հրդեհելու իր հրամանին ենթակայ ռազմիկների հոգիները:
Անդրանիկը մէկ հայեացքով գիտէր չափել ռազմադաշտի բոլոր առավելութիւնները եւ թերութիւնները իրեն եւ հակառակորդի համար: Մի արագ հայեացք հերիք էր, որ ռազմադաշտը տպաւորուէր Անդրանիկի մտքի մէջ այնպէս, ինչպէս լուսանկարչական ապակու վրայ առնուած համայնապատկեր եւ անջնջելի կերպով դրոշմուած մնար նրա ուղեղի ծալքերում: Եւ Անդրանիկը գիտէր լիուլի կերպով օգտագործել ռազմադաշտի բոլոր առաւելութիւնները՝ ի վնաս հակառակորդի:
Փոյթ չէ թէ թշնամին նոյնիսկ գերազանց ուժեր ունենար. երբ պէտք էր ճակատել, Անդրանիկը կռուի նախաձեռնութիւնը չէր զիջում հակառակորդին: Պէտք չէ, որ հակառակորդը կռուի իր յատակագիծը պարտադրէր Անդրանիկին, այլ Անդրանիկն էր, որ իր կամքը պիտի պարտադրէր թշնամուն: Թշնամին էր, որ պիտի յարմարուեր Անդրանիկի ռազմական շարժումներին: Հարուածողը պիտի լինէր Անդրանիկը, իսկ հարուածն ընդունողը՝ թշնամին:
Պարտուած թշնամին կարող է ճողոպրել եւ մի ուրիշ տեղ ճակատ յարդարել: Պէտք չէ թոյլ տալ այդ, թշնամու դիմադրութեան յետին ուժն էլ պիտի խորտակել. այսպէս էր մտածում Անդրանիկը:
Անդրանիկը, ինչպէս ամէն մի կամօքն Աստուծոյ հրամանատար, միշտ յաղթանակը ծրագրեց, միշտ յաղթանակը հետապնդեց, բայց երբեք չմոռցաւ, որ կռուի դաշտում յաղթանակին կարող է յաջորդել ձախողութիւն եւ պարտութիւն:
1915-ի ամրան նահանջից յետոյ Վասպուրականում ռուսական զօրամասերի բռնած ճակատը շատ էլ կայուն չէր թւում Անդրանիկին: Ուստի, 1916-ի Յունւարին ճակատ վերադառնալուց յետոյ, ռուսական հաւանական նահանջի հեռանկարով մտահոգուած, Անդրանիկը մի օր կանչեց ինձ եւ ասաց.
-Սա քարտէսդ բեր, նայինք:
Եւ ռուսական երկու վերստանոց զինուորական քարտէսի վրայ երկար ժամանակ կռացած Անդրանիկը գծեց նահանջի ճամբաներ իր գնդի համար, անկախ ռուսական բանակի հաւանական շարժումներից: Նա միայն իրեն էր վստահում: Եւ իրաւունք ունէր: Այդ դէպքում նրա մէւջ խօսում էր ե՛ւ ռազմագէտ հրամանատարը, ե՛ւ հայ հայդուկը, որ գերազանց ուժերի տէր թշնամու դէմ ճակատելուց յետոյ, գրեթէ միշտ թշնամու օղակումից խուսափելու մասին է ստիպուած եղել մտածել, մի այլ տեղ նորից ճակատ կազմելու համար:
Վտանգի պահուն Անդրանիկին կարելի էր անսահման վստահիլ: Նրա հրամանի տակ գտնուող զինուորն իրեն ապահով էր զգում: Եթէ թշնամին բազմահազար ուժերով գրաւեր լեռ ու ձոր եւ շրջապատէր Անդրանիկին իր փոքրաթիւ գնդով, կարելի էր վստահ լինել, որ Անդրանիկը, եթէ դիպուածի զոհ չգնար, ապահով դուրս կը հանէր իր գունդը թշնամու օղակումից:
Ռազմադաշտում Անդրանիկը վճռական էր իր որոշումների մէջ, երբ համոզուած էր, որ ճիշդ է իր ընթացքը, նոյնիսկ, երբ վճռականութիւնը հակառակ էր զինուորական կարգապահութեան եւ կարող էր նկատուել ըմբոսութիւն վերին հրամանատարութեան դէմ:
1915-ի ամառը, Վասպուրականի ռուսական բանակը Վանի լճի հարաւային եւ հիւսիսային ափերով դիմեց ընդհանուր յարձակման: Թուրքական դիմադրութիւնը աւելի շատ կենտրոնացած էր Վանի լճի հարաւային ափի վրայ, Սուրբի լեռներում, որոնք պաշտպանում էին դէպի Բաղէշ եւ Մուշ տանող ճամբաների հանգոյցը Րահվէ-Դուրանում:
Սուրբի ճակատի վրայ կռուող ռուսական զօրաբանակի յառաջապահ ուժերը կազմուած էին առաւելապէս հայ կամաւորական չորս գնդերից՝ Անդրանիկի, Դրոյի, Քեռու եւ Համազասպի հրամանի տակ: Մի քանի օր թուրքական գրոհները եւ հակագրոհները յետ մղելուց յետոյ, երբ հայ կամաւորական գնդերին յաջողուել էր յանդուգն գրոհով եւ բաւական ծանր զոհերի գնով գրաւել թուրքական տիրապետող դիրքերը, այդ ճակատի ռուս հրամանատար զօրավար Տրուխինից նահանջի հրաման է ստացւել: Անդրանիկը մերժել է ենթարկուել այդ հրամանին եւ մնացել է ծանր գնով գրաւուած դիրքերի վրայ, մինչ ռուսական ուժերը, մինչեւ յետին զինուորը, յետ են քաշուել Վանի ուղղութեամբ:
Երկու օր չանցած ռուսական ուժերը վերադարձել են Սուրբի դիրքերը: Այդ դիրքից ռուսական ուժերը, միշտ մեր կամաւորական գնդերի յառաջապահութեամբ, շարժուել են դէպի առաջ, դէպի Ուրթափ եւ Դատվան:
Այդ յանդուգն անհնազանդութեան համար Անդրանիկը ոչ թէ պատժուել է, այլ պարգեւատրուել է քաջութեան շքանշանով: Այդ պարգեւատրութեան բացատրականի մէջ ռուս հրամանատարութիւնը ասել էր գրեթէ բառացի հետեւեալը. «Հայ Կամաւորական Առաջին Դրուժինայի հրամանատար Անդրանիկը, հակառակ նահանջի մասին իր ստացած հրամանին, մնացել է թշնամուց գրաւուած դիրքերի վրայ, մինչեւ որ այդ ճակատի վրայ վերսկսուել է մեր ուժերի յարձակողականը: Իր այդ քայլերով Հայ Կամաւորական Առաջին Դրուժինայի հրամանատար Անդրանիկը մեծապէս նպաստած է եղել մեր զօրամասերի յետագայ յաջողություններին»:
- Ես կը հասկնայի, որ ատիկա ընդհանուր առմամբ նահանջ չի կրնար ըլլալ, եւ ռուսները պիտի վերադառնան,- պատմում էր յետագային Անդրանիկը:- Թուրքերու ձեռքէն այդ դիրքերը խլելու համար մենք զոհեր տուած էինք, եւ եթէ լքէի այդ դիրքերը ու նահանջէի, վերադարձի պարագային պիտի նորէն նոյնքան, եթէ ոչ աւելի զոհ տայինք այդ միեւնոյն դիրքերը գրաւելու համար: Ուստի որոշեցի չնահանջել:
Անդրանիկը հզօր, յաճախ անզուսպ կրքի տէր մարդ էր: Ամէն ինչի մէջ նա կիրք էր դնում եւ ծայրայեղ կիրք: Ռազմադաշտում չափի զգացումի տէր Անդրանիկը կռուի դաշտից դուրս կորցնում էր այդ զգացումը: Եւ չափի զգացումի այդ պակասը եղաւ պատճառ Անդրանիկի այն քայլերի, որոնք ստւերոտեցին նրա, այլապէս պայծառ, անունը: