Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հակառակորդի կողմից պարբերաբար գնդակոծվող Չինարի գյուղում դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռեգինա Նազարյանը վարդեր է մշակում, որոնք նրան ու տարեց ամուսնուն հիշեցնում են խաղաղության մասին:
«Ծաղիկները մեզ խաղաղություն են հիշեցնում, բերում: Ծաղիկներին նայելով` հիշում ենք մեր անցած կյանքը, խաղաղ կյանքը: Ինչքա~ն շատ ծաղիկներ ունեինք, ինչքա~ն էինք զբաղվում` ծաղիկներ աճեցնելու համար: Հիմա էլ հիշեցնում են էդ կյանքը մեզ էս ծաղիկները»,- պատմում էր Ռեգինա Նազարյանը' երազկոտ հայացքն իր բակում աճած վարդերին հառելով:
Ճիշտ է, Արցախյան հակամարտության պատմության մեջ վերջին 20 տարիները թվագրվում են որպես հրադադարի տարիներ, բայց Տավուշի մարզի սահմանամերձ կամ, այդ բնակավայրերի գյուղացիների բառով ասած, սահմանապահ գյուղերում այդ հրադադարը այդպես էլ չեկավ:
Yerkir.am-ի լրագրողական խումբը Չինարիում էր' նկարահանումների, երբ գյուղի մերձակա դիրքերից լսվեց ականի ուժեղ պայթյուն, որին հետեւեցին ուժեղ կրակահերթեր: Հենց այսպես ամեն օր Չինարիի բնակիչներն ապրում են հակառակորդի գնդակոծության տակ: 1992-94 թվականներին անգամ այսպես չի եղել. գյուղացիներն այն ժամանակ գիտեին, որ պատերազմ է, ու ամեն մեկն իր գլխի ճարը տեսնում էր: Բայց հիմա մեկ էլ տեսնում ես` անսպասելի կրակեցին կոնկրետ գյուղի ուղղությամբ...
Վերջին շրջանում կրակոցներն ավելի հաճախակի են դարձել, հատկապես` գյուղի վրա: Այստեղ հակառակորդի մարտական 2 հենակետերը գերիշխող դիրք ունեն գյուղի նկատմամբ` գյուղի բոլոր տները գտնվում են հակառակորդի կրակի գոտում: Հենց այդ հենակետերից էլ ադրբեջանցի զինվորականները տարբեր տրամաչափի զենքերից պարբերաբար գնդակոծում են Չինարին:
Գյուղացիներն արդեն սովորել են կրակոցներով հագեցած կյանքին, այլ կյանք չեն էլ պատկերացնում: Իրենց հանդերում ու խոտհարքներում էլ աշխատում են գիշերները` քնելու փոխարեն, այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը հանգիստ քնած է ու Չինարիի կրակոցների ձայնը չի լսում: Գիշերով խոտը գյուղ հասցնելուց հետո էլ` առավոտյան, երբ արդեն բեռնաթափում են, ամեն ինչ անում են արագ-արագ` հակառակորդի' դեմ դիմաց գտնվող կրակակետից ամեն վայրկյան իրենց ուղղությամբ մահաբեր գնդակներ կարող են թռչել... Այդ մահաբեր գնդակները, եթե մարդու էլ չեն դիպչում, գյուղի տներն են բզկտում: Չինարիում այդպիսի տուն չկա, որի տանիքը, լուսամուտները, դարպասները ցանց դարձած չլինեն:
Փոխարենը թշնամու կրակոցենրի ձայնը թե' օրորոցային, թե' ահազանգի որոտ են դարձել Չինարիում ու այլ գյուղերում ապրող փոքրիկների համար: Երեխաների հոգեբանությունն էլ է փոխվել է:
«Բոլորն էլ արդեն վախեցած են, էլի` երեխաները, հիշողություն չունեն արդեն, ասում ես, նույն վայրկյանին մոռանում են ասածդ»,- ասում է մաթեմատիկայի ուսուցչուհի Ռեգինա Նազարյանը, իսկ նրա ամուսինը' ֆիզիկայի ուսուցիչ Ալբերտ Պապյանը, հավելում. «Էս բոլորի հետեւանքը մի քանի տարի հետո է երեւալու երեխաների մոտ»:
Ստեղծված իրավիճակը գյուղի փոքրիկներին այլ դաս է տալիս ազգերի, մարդկանց, կյանքի վերաբերյալ: Տիկին Ռեգինան մեզ պատմեց, թե իր թոռնիկը, երբ լսում է կրակոցների ձայները, իրենից հարցնում է. «Տատի'կ, իրենց մաման գիտի՞, որ իրենք թուրք են դառել...»:
«Չի պատկերացնում' թուրքն ինչ է: Երեւի, նրա պատկերացմամբ, դա մի գիշատիչ է, կենդանի է, գազան է, ինչ է... Ասում է' իրենց մաման գիտի՞, որ իրենք թուրք են դառել... Չեմ կարողանում բացատրել, որ թուրքն էլ մեզ նման մարդ է, թուրքն էլ' մեծամասնությունը, մեզ նման խաղաղություն է ուզում, հետո՞ ինչ, որ պատերազմ է, հո բոլորն էլ չեն ուզում պատերազմ: Բայց դե երեխային ո՞նց բացատրես, երբ մենակ վայրենություն է տեսել...»,- ասաց Ռեգինա Նազարյանը:
Գևորգ Ավչյան, Մելանյա Մելքումյան
Yerkir.am