կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-13 13:06
Մշակույթ

Ես խենթանում եմ, երբ լսում եմ դուդուկի ձայնը. Յուրի Բաշմետ

Ես խենթանում եմ, երբ լսում եմ դուդուկի ձայնը. Յուրի Բաշմետ

Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «աշխարհի թիվ 1 ալտահար» Յուրի Բաշմետի համերգը:

 

Լրագրողների հետ զրույցում Բաշմետը նշեց, որ, ցավոք, հայերեն ոչ մի բառ չի հասկանում եւ տարօրինակ զգացողություն ուներ, երբ լսեց փառատոնի նախագահ եւ գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի խոսքը, որից երկու բառ հասկացավ` Բաշմետ եւ «տանկ» (թանկ):

 

Բաշմետը նշեց, որ ինքն ուղղակի սիրահարված է հայկական դուդուկին եւ անգամ փորձել է դուդուկի ու ալտի միջոցով նոր ստեղծագործություն ստանալ: «Ես խենթանում եմ, երբ լսում եմ այդ գործիքի ձայնը: Առհասարակ, Հայաստանը շատ եմ սիրում եւ ամեն անգամ վառ տպավորություններով եմ հեռանում այստեղից: Եղել են դեպքեր, երբ ինքնաթիռը սպասում էր, բայց ես չէի ուզում հեռանալ: Ինձ համար շատ թանկ հայ ընկերներ եմ ունեցել` Էդուարդ Միրզոյան, Դավիթ Խանջյան»,- ասաց  երաժիշտը:

 

Անդրադառնալով երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Պատվո շքանշանով պարգեւատրվելու փաստին` Բաշմետը նշեց, որ ինքը չի թաքցնում` միշտ սիրել է պարգեւներ ստանալ, սակայն կան պարգեւներ, որոնք առանձնահատուկ են իր համար, ինչպես եւ այս մեկը:

 

«Ինձ համար պատիվ էր նաեւ այն, որ երեկ ինձ առաջարկեցին լինել Բյուրականի նորաստեղծ միջազգային ակադեմիայի նախագահ, եւ ես, բնականաբար, համաձայնեցի: Պահպանեք ձեր մշակույթը, քանի որ յուրաքանչյուր ազգի հիմքը եւ ապագան մշակույթն է»,- ասաց ալտահարը:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: