Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրյուսելի Հայ դատի գրասենյակի գործունեության, ծրագրերի վերաբերյալ yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ:
-Բրյուսելի Հայ դատի գրասենյակի գործունեության նպատակը ո՞րն է, պարո'ն Կարապետյան:
-Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբն ու նրա գրասենյակը սկսել են գործել 2000 թվականի սկզբից Բրյուսելում: Հիմնական առաքելությունը համաեվրոպական կառույցների հետ աշխատանքն է` Եվրամիության, Եվրախորհրդի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի եւ նաեւ կազմակերպությունների, որոնք ընդհանրապես առնչվում են մեր հարցերի հետ: Դրանք կարող են լինել միություններ, համալսարանական շրջանակներ` բոլոր կառույցները, որոնք կապ ունեն կամ որեւէ կերպով հասարակական կարծիք են ձեւավորում կամ որոշումներ կայացնում:
-Ներկայումս ի՞նչ ծրագրեր են իրականացվում գրասենյակի կողմից, եւ ի՞նչ արդյունքների եք հասել:
- Ծրագրերը բազմազան են: Դրանց մեկ գլուխը Թուրքիան է` Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից եւ ճանաչումից հետո հատուցման հարցերը: Հաջողվել է Եվրոպական Միության ընդունած բանաձեւից հետո, որ կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ պայման դրեց Թուրքիայի առջեւ, որ եթե Թուրքիան երբեւէ անդամակցի Եվրամիությանը, պետք է ճանաչած լինի Ցեղասպանությունը: Դրանից հետո մի քանի անգամ հնարավոր եղավ նույնը կրկնել, վերջին անգամ` 2005 թվականին:
Բացի Ցեղասպանությունից, Թուրքիայի մասով մեր թիրախում են Թուրքիայում մարդու իրավունքների հարցերը, հիմնականում` Հայաստանի հետ հարաբերությունների հարցերը: Մեր հիմնական խնդիրներից մեկն է եղել, որ յուրաքանչյուր տարի, երբ Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի մասին զեկույց է պատրաստվում, այնտեղ միշտ նշված լինեն Թուրքիայի կողմից առանց պայմանների Հայաստանի հետ կապերի վերահաստատման եւ Հայաստանի հետ սահմանները բացելու հարցերը:
Երկրորդ մեծ գլուխն Արցախին ու Ադրբեջանին է վերաբերում: Ադրբեջանի ուղղությամբ մեր հիմնական աշխատանքը երկու մասի է բաժանվում: Մեկը մեր դիրքորոշումները ներկայացնելն է, որոնք վերաբերում են Արցախի հարցին: Նաեւ միջոցառումներ կազմակերպելը համալսարաններում, Եվրախորհրդարանում մեր տեսակետները ներկայացնելը, թե ինչ է իրենից ներկայացնում Արցախի հարցն այսօր:
Երկրորդ բաժինը, որ վերաբերում է Ադրբեջանին, նրանց սուտ ամբաստանությունները քողազերծելն է եւ դա նրանց դեմ բումերանգի վերածելը: Վերջին շրջանում, կարելի է ասել, մեր ներդրմամբ էլ, նաեւ ՀՀ դեսպանության հետ համագործակցելով, կարողացանք Սաֆարովի դեպքից հետո Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված բանաձեւ ունենալ: Դրանից մի քանի ամիս առաջ հաջողել էինք նաեւ Ադրբեջանի ներսում մարդու իրավունքների ոտնահարման համար Եվրոպական խորհրդարանին համոզել, որ բանաձեւ ընդունի:
Երրորդ գլուխը, որով զբաղվում ենք, ջավախահայության հարցերն են, ուր հաջողել ենք Ջավախքից բերել հայկական հասարակական կազմակերպությունների համադրող Արտակ Գաբրիելյանին, եւ Բրյուսելում նա հանդիպեց Եվրախորհրդարանի մոտ 15 պատգամավորների հետ, որոնք ուղղակի կապ ունեն Հարավային Կովկասի հետ, հանդիպում ունեցավ թե’ Եվրախորհրդի, թե’ Եվրոպական հանձնախմբի Հարավային Կովկասի գործակատարների հետ եւ այլն, որպեսզի ջավախահայության հարցերն առաջ մղենք եւ կարողանանք եվրապաշտոնյաներին ծանոթացնել այս հարցի հետ:
Չորրորդ գլուխը Հայաստանի մոտեցումն է Եվրոպային եւ մեր պատվիրակություններին օժանդակելը, ինչպես Եվրանեսթի, Արեւելյան գործընկերության դեպքերում: Այնտեղ` Եվրանեսթում, բյուրոյի անդամ է նաեւ Վահան Հովհաննիսյանը, հայկական պատվիրակության ղեկավարն էլ Արտակ Զաքարյանն է: Այնտեղ էլ մեր գրասենյակի ներկայացուցիչներից մեկն աշխատում է Եվրանեսթի քարտուղարությունում, եւ երբ հայկական պատվիրակությունն այնտեղ է, իրենց ամեն կերպ օժանդակում է` հանդիպումներ է կազմակերպում, մամլո ասուլիսներ կազմակերպելու հարցերում է օգնում, ինչը ազերիները չեն հաջողեցրել ունենալ:
Վերջին հիմնական գլուխը, որ մենք ունենք, եվրոպահայության հարցերն ու իրավունքներն են: Նաեւ եվրոպահայության համադրումն ու կազմակերպումը, որպեսզի մեր դատն ավելի լավ պաշտպանվի ամբողջ Եվրոպայի տարածքում: Այդ ուղղությամբ կազմակերպում ենք եվրոպահայության համագումարներ: Այս տարի պետք է տեղի ունենա երրորդ համագումարը` հոկտեմբերի երկրորդ շաբաթվա մեջ, ուր արդեն շատ մեծ հետաքրքրություն կա, եւ պետք է մասնակցեն եվրոպական բոլոր երկրների ներկայացուցչությունները: Հիմնական ջանք պետք է թափվի, որպեսզի սերտանան հարաբերությունները 1950 թվականից հետո ստեղծված գաղութների հետ, հատկապես` Արեւելյան Եվրոպայում, հինգ գաղութների հետ համադրում եւ կապ ստեղծվի:
-Դուք նշեցիք Ձեր նպատակները, աշխատանքների հիմնական ուղղությունները: Այդ աշխատանքների կազմակերպման համար ի՞նչ ծրագրեր ունեք, որ պետք է մոտ ապագայում իրագործեք:
-Հիմնական մեկ ծրագրի մասին խոսեմ, որ իրագործեցինք` մեր եւ Բրյուսելում հայկական դեսպանության համագործակցությամբ, որ նաեւ Եվրախորհրդում Հայաստանի ներկայացուցչությունն է. Եվրախորհրդարանում կազմավորել ենք Հայաստանի հետ բարեկամության խումբ, որը բաղկացած է եվրապատգամավորներից: Մոտավորապես 35-40 պատգամավոր է ընդգրկված խմբում, ինչը մեծ թիվ է Հայաստանի պես փոքր երկրի համար:
Ծրագրեր ունենք եւ արդեն արել ենք հանդիպումներ արեւմտահայերենի պահպանման համար: Մամուլի համար հատուկ հավելվածներ ենք պատրաստում. խոսքն այն պարբերականի մասին է, որ հրապարակվում է ուղղակի Եվրամիության պաշտոնյաների համար` Եվրապառլամենտի, Եվրամիության գործակատարների, Եվրախորհրդի պաշտոնյաների եւ այլն: Այնտեղ 16-20 էջանոց հավելվածներ պատրաստելու ծրագիր ունենք, ընդհանրապես, հայկական հարցի վերաբերյալ, իսկ առաջիկայում` Արցախի հարցի վերաբերյալ, Հայաստան-Եվրոպա ինտեգրման հարցերի շուրջ, որոնք պետք է հասնեն եվրոպական կառույցների բոլոր ներկայացուցիչներին:
-Ի՞նչ խնդիրներ են առաջանում ձեր գործունեության ընթացքում, եւ Հայաստանի կողմից ի՞նչ օգնություն, օժանդակություն եք ակնկալում:
-Հիմնական դժվարությունը նյութականն է: Որովհետեւ Ադրբեջանն ու Թուրքիան հսկայական գումարներ են ծախսում հակահայկական ուղղությամբ: Հասկանալի է, որ նման գումարներ ծախսելու կարողություններ հայկական կողմը չունի` ո’չ հայկական պետությունը, եւ ո’չ, առավել եւս, մենք: Բայց որոշ կարելիություն պետք է ստեղծվի: Օրինակ`հայկական պետության շուրջ գտնվող մարդիկ, ովքեր երկրի արտադրած հարստության միջոցով են դիզել իրենց հարստությունը, այդ հարստությունից մի որոշ մասը կարող են տրամադրել ազգային շահի համար: Որովհետեւ, ի վերջո, երբ Հայ Դատն ենք հետապնդում դրսում, ազգային հարցի շուրջ քարոզչություն ենք անում, մեր ժողովրդի, ազգի համար է, բոլորի ապագայի համար է: Ու նրանք իրենց ներդրումը կարող էին ունենալ այդ գործերում, բայց, դժբախտաբար, չեն անում:
Ինչ վերաբերում է Հայաստանի պետական մարմինների հետ հարաբերություններին, դեսպանության հետ շատ սերտ, անկեղծ ու լավ համագործակցություն ունենք: Անշուշտ, հիմա դժվարություններ ունենք Թուրքիայի պարագայում` Սիրիայում ծագած հարցերը, վերջերս Օջալանի եւ Էրդողանի միջեւ սկսված հարաբերություններն այս պահին Թուքրիային Եվրոպայում հարվածելը մի քիչ դժվարացրեցին: Համենայն դեպս, Թուրքիայի դեմ հեշտ չէ պայքարելը: Բայց մենք էլ մեր միջոցները պետք է գտնենք եւ հակազդենք:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այնտեղ նավթն է, որ ստիպում է Եվրոպային Ադրբեջանի հետ հարաբերությունները պահել: Որովհետեւ Ադրբեջանն էլ, Բելառուսի նման, որի ներքին քաղաքական ռեժիմի պատճառով սառեցվել են եվրաինտեգրման գործընթացները, նույն վիճակում է, եւ հարաբերությունները պետք է սառեցված լինեին, բայց նավթի պատճառով շարունակվում են: Ադրբեջանի դեմ մեր հիմնական պայքարը Ադրբեջանի ամբողջատիրական ընտանեկան ռեժիմն ու մարդկային, եվրոպական արժեքներից բոլորովին հեռու լինելը քողազերծելն է, եւ ցույց տալը, որ Ադրբեջանը երկիր է, որ չի կարող ասել, մանավանդ` Սաֆարովի դեպքերից հետո, որ Արցախը երբեւէ պետք է վերդադարձվի իր գերիշխանության ներքո: Այնտեղ շատ ականջներ կան, որ դա լավ են լսում:
-Ձեր նշած առաջնահերթություններից որո՞նք են, որ արդեն հասել են իրենց վերջնափուլին կամ նպատակին. Ո՞ւր եք հասել:
-Մեր հիմնական նպատակն այս պահին համագումարի հաջողությունն է: Որովհետեւ այս համագումարի հիմնական նպատակն այն է, որ Եվրոպայի հայ համայքները կարողանան զբաղվել ներքին հարցերով: Եթե հաջողենք ստեղծել կառույց կամ մի ինչ-որ միջոց, ցանց, որ Եվրոպայում, հատկապես` Արեւելյան Եվրոպայում մեր գաղութներն ու կառույցները, որ դեռեւս այն կազմակերպվածությունը չունեն, անմիջական, երկկողմ հարաբերությունների հնարավորություն ստանան, այդ դեպքում հնարավոր կլինի որեւէ հարց ծագելու դեպքում ամբողջական եվրոպահայության հակազդեցությունն ունենալ: Օրինակ, երբ ահազանգ լինի, որ այսինչ հարցը կա, հնարավոր լինի, որ ոչ թե միայն Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը հակազդի այդ ահազանգին, այլ բոլորը` ամբողջ եվրոպահայությունը: Դա եվրոպացիների համար շատ կարեւոր նրբություն է, որովհետեւ մենք` բոլորս, իբրեւ Եվրոպայի քաղաքացիներ, իրավունքներ ունենք: Եվ երբ մեծ թվով եվրոպացի քաղաքացիներ բան են պահանջում, եվրոպական կառույցները, Եվրամիությունն արդեն չեն կարողանա աչք փակել այդ հարցի հանդեպ եւ կարեւորություն չտալ դրան: Դրա վրա ենք մենք այս պահին աշխատում:
Այս հարցում հաջողության հասնելու նախադրյալներից է այն, որ մեծ հետաքրքրություն կա Արեւելյան Եվրոպայի երկրների կողմից: Բայց համագումարը ցույց կտա, թե որքանով կկարողանանք այդ հետաքրքրությունը վերածել արդյունքի եւ դա գործնականում իրագործել:
Զրուցեց Գեւորգ ԱՎՉՅԱՆԸ