Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասկերան քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խնապատ գյուղը հարուստ է հուշարձաններով, սրբավայրերով, գերեզմանատներով եւ խաչքարերով, որոնց մեջ իր առասպելական պատմություններով առանձնանում է Մեծ Նան սրբավայրը: Վերջինս համարվում է Խնապատի ամենանշանավոր սրբատեղին:
Մեծ նանի զորության մասին բազում լեգենդներ են հյուսվել, որոնք մի լուսե ստվեր են թողել հերոսական գյուղի պատմական անցյալի մռայլ էջերին: Լեգենդներ պատմող Մեծ նանը բացահայտելու նպատակով այցելել ենք գյուղ եւ խոսել խնապատցիների հետ: Գյուղացիների խոսքով՝ այստեղ ցանկացած անցանկալի դեպք հաջողությամբ է ավարտվում: Խնապատցիները ոգեւորված պատմել են, որ սրբավայրի զորությանն ապավինելով՝ զերծ են տհաճ դեպքերից եւ տարբեր հիվանդություններից:
Անտառների ու ձորերի խորհրդավոր լռության մեջ գյուղի գլխավերեւում նշմարվում է նույնքան խորհրդավոր Մեծ նան սրբավայրը: Սրբատեղի տանող ճանապարհը նախկինում քարքարոտ ու անանցանելի փոքրիկ կածան էր: Ճանապարհի քարերն իր ձեռքերով ջարդել է նորագյուղցի երջանկահիշատակ Մխիթարը, որին խնապատցիներն այսօր էլ Մուխտար անունով են հիշում: Հետագայում խնապատցի ռուսաստանաբնակ Շիրին Հակոբյանը օժանդակել է ճանապարհի բարեկարգման ամբողջական աշխատանքներին:
Բնությունն առատաձեռն է եղել Մեծ նանի նկատմամբ եւ առանձնահատուկ սիրով նրան շնորհել գեղեցկություն եւ գրավչություն: Բնության գեղեցիկ գույներով ու ջերմությամբ պարուրված Մեծ նանը մի քարանձավ է հիշեցնում, որի առաստաղից եւ կողքերից ջուր է կաթկթում: Ջրից գոյացած նստվածքները նման են կնոջ ստինքների, որից էլ առաջացել է Մեծ նան անվանումը:
Սրբավայրին կից փոքրիկ աղբյուր կա, որը գյուղի մյուս աղբյուրների նման չի հավաքվում կիրճերից ու ձորերից: Այստեղ ջուրը ստորգետնյա է եւ սառն է անգամ ամռան տաք օրերին:
Խնապատի համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Մեծ նանի մասին հետաքրքիր պատմություններ շատ կան: Նրա խոսքով՝ մայրաքաղաքից գյուղում աշխատող մի երիտասարդ, այցելելով սրբատեղի, զարմացած բացականչել է. ‹‹Հենց սա է, այո, սա››: Հուզված երիտասարդը նրանց պատմել է, որ կինը երազում տեսել է սրբավայրը եւ այնքան պատկերավոր է նկարագրել, որ երիտասարդն արագ ճանաչել է այն: Ամուսինները որոշել են գտնել սրբավայրն ու իրենց հիվանդ երեխայի ապաքինման համար մատաղ մատուցել այնտեղ:
Սամվել Շահրամանյանը հավելել է, որ երիտասարդի պատմածով՝ երկար է որոնել է սրբավայրը, եւ գտնելու հաջորդ օրը, շրջանցելով անձրեւոտ եղանակը, խոստացված մատաղը մատուցել այնտեղ: Ըստ մեր զրուցակցի՝ հետագայում լսել են, որ նրանց հիվանդ երեխան կազդուրվել է:
Մեզ հետ զրույցում իր հետաքրքիր պատմությամբ անկեղծացել է նաեւ Խնապատի համայնքի աշխատակից Հասմիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ մեծ հավատով է ապրում եւ դժվար պահերին միշտ ապավինում Մեծ նանի զորությանը:
‹‹Երեկվա պես հիշում եմ, երբ եղբայրս հիվանդ էր: Ձմռան ցուրտ օր էր, բայց դա չի խանգարել ինձ՝ ոտաբոբիկ հասնելու սրբատեղի, մոմ վառելու եւ եղբորս համար աղոթելու ››,- ասել է նա:
Ըստ տիկին Հասմիկի՝ եղբայրը շուտ լավացել է:
Մեծ Նան սրբավայրից վերեւ գտնվում է նահատակաց գերեզմանատունը, որը վաղուց ծածկվել է սաղարթախիտ ծառերով: Գերեզմանատանն ամփոփված են մի կնոջ՝ պատերազմում զոհված 7 որդիները: Որդեկորույս մայրը միշտ հետեւել է որդիների գերեզմանատանը եւ հոգացել նրա մաքրության մասին:
Մեծ նանի մասին պատմող պատմություններից մեկում խոսվում է, որ Խնապատ գյուղում ապրել է մի հաշմանդամ, որը չէր կարողանում քայլել: Ըստ այդ պատմության՝ հաշմանդամն այցելել է սրբավայր եւ այնտեղ երկու շաբաթ ապրելուց հետո սկսել քայլել։
Մեծ նան սրբավայրի մոտակայքում է գտնվում Սայունց օջախ սրբատեղին: Այստեղ նույնպես տարվա ցանկացած եղանակին հավաքվում են խնապատցիները:
Խնապատում կան այլ սրբավայրեր եւս՝ գյուղատեղի Ջրավեր, Սբ. Ատվածածին եկեղեցի, գյուղատեղի Երեշեն, որոնց անդրադառնալու ենք մեր հետագա համարներում:
Հասմիկ Հակոբյան