կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-05 12:30
Քաղաքական

Մինչ ՍԴ դիմելը` քառյակը կդիմի ԱԺ քաղաքական մեծամասնությանը

Մինչ ՍԴ դիմելը` քառյակը կդիմի ԱԺ քաղաքական մեծամասնությանը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով նոր կուտակային օրենքի մասին, նշեց, որ իշխանությունը ստիպում է, որ երկրորդ անգամ օրենքը բողոքարկվի ՍԴ-ում: Նրա խոսքով` ցավալի է, բայց փաստ, որ իշխանությունը չանսաց ոչ միայն ընդդիմության հորդորներին, այլև նաև Սահմանադրության որոշումը փաստացի չկատարեց:

 

Ըստ պատգամավորի` ՍԴ դիմելու դեպքում հույսը հիմնվում է այն համոզման վրա, որ, ի տարբերություն նախորդ օրենքի, այս անգամ ավելացել է ևս մեկ խոշոր խախտում` ընթացակարգերի կոպտագույն խախտումն է` օրենքների նախագծերի մշակման, ԱԺ ներկայացնելու և ԱԺ-ում քննարկումների և քվեարկությունների ողջ ընթացքը:

 

«Այնպես է խախտվել, որ տպավորություն կա, որ ինչ-որ մեկը որոշել է, որ հետայսու պետք է այսպես լինի, և վերջ` անտեսելով և ոչնչացնելով Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր մարմինը, ոչնչացնելով հանրային կարծիքը: Այդ ընթացակարգային խախտումները գործի քննության ժամանակ հստակ հիմք են հանդիսանալու ՍԴ վերջնական որոշման համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ արդեն իսկ կան շատ նախադեպեր, երբ օրենքի ընդունման ընթացակարգերը չպահպանելը հիմք է հանդիսացել օրենքը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու համար:

 

Բացի դրանից, ըստ պատգամավորի, կան նաև բովանդակային շատ լուրջ խախտումներ: Այն, որ, ձևական առումով փոխելով պարտադիր կուտակային վճար հասկացությունը սոցիալական նպատակային վճար հասկացությամբ, բովանդակությունը չի փոխվել, դա փաստ է:

 

ՍԴ որոշմամբ արձանագրված էր, որ պարտադիր վճարը պետք է գանձվի պետական բյուջե, որից հետո կառավարությունը պետք է որոշի դրա բաշխման ուղղությունները, և այդ բաշխումը պետք է գտնվի ԱԺ-ի վերահսկողության տակ, այդ կանոններն էլ պահպանված չեն: Ընդհակառակը` թողել են օրենքի նույն նախկին մեխանիզմը:

 

«Չեն էլ մտածել, որ եթե սա պետական բյուջեի մուտք պետք է համարվի, առնվազն  2014թ. պետական բյուջեի մասին օրենքում պետք է փոփոխություն լիներ, այսինքն` իրենց արածը ձևական է եղել, փորձելով շղարշ ստեղծել` իբր կատարվել է ՍԴ որոշումը: Էլ ավելի է վատացել վիճակը` կապված խտրականության դրսևորման, այլ ոլորտային առումով ևս: Ստեղծվել է մի իրավական, խուճուճ իրավիճակ, որի արդյունքում տուժում են, բնականաբար, քաղաքացին, պետությունը, վարկաբեկվում է ողջ պետական կառավարման համակարգը` սկսած ՍԴ-ից, վերջացրած ԱԺ-ով»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Պատգամավորի խոսքով` եթե քաղաքացիական շարժումը հետևողականորեն կանգնի ու պաշտպանի իր իրավունքները և միանա քառյակի նախաձեռնությանը ՍԴ-ում, ապա ևս մեկ անգամ կարձանագրվի հաջողություն: Խոսքը օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկվելու միջնորդության մասին է այն անձանց նկատմամբ, ովքեր կփորձեն իրավաբանական ուժ չունեցող ակտը կիրառել քաղաքացիների նկատմամբ:

 

Մինչև ՍԴ դիմում ներկայացնելը` քառյակը ընթացակարգի պատշաճությունը պահելու համար ԱԺ ղեկավարությանը կդիմի` արձանագրելու բոլոր հնարավոր խախտումները, և ներկայացվելու է առաջարկ, որ քաղաքական մեծամասնությունը կամավոր կասեցնի օրենքի հակաօրինական ընթացքը, ուղղի այդ սխալը: