կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-27 13:23
Հասարակություն

ՀՀ-ում մահվան 2 դեպք է գրանցվել «Արևաբուժություն» կոչվող աղանդի մատուցած թեյի եւ կաթի պատճառով

ՀՀ-ում  մահվան 2 դեպք է գրանցվել «Արևաբուժություն» կոչվող աղանդի մատուցած թեյի եւ կաթի պատճառով

Աղով թեյը կամ կաթը, որ իրենց հյուրերին են մատուցում «Արևաբուժություն» աղանդի հետևորդներ Ակսելը և Ծովինարը, երեք մարդկանց մահվան պատճառ են դարձել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ աղանդի հետևորդները հանդիպում են ամեն օր` երեկոյան ժամը 7-ին Պարույր Սևակ փողոցի 24 շենքի 3-րդ հարկում:

 

«Աղանդը ֆինանսավորվում է Թուրքիայից: Արդեն մեկ տարի է` այն գործում է և այս մեկ տարվա ընթացքում գրանցվել է մահվան երեք դեպք: Հավաքների ժամանակ մասնակիցները պարտադիր խմում են աղով կաթ կամ թեյ` մոտավորապես 3 լիտր: Ըմպելիքը քայքայիչ հատկություն ունի և առաջացնում է ենթաստամոքսային գեղձի խոց»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Ըստ նրա` մահվան դեպքերից երկուսը տեղի են ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում` Հայաստանում, իսկ մեկը` Ֆրանսիայում: Հովհաննիսյանն ասում է, որ տուժողն այնտեղ էր գնացել բուժման նպատակով: Աղանդի գործունեության մասին իրավապահ մարմինները, Հովհաննիսյանի հավաստմամբ, դեռ ոչինչ չգիտեն, սակայն այսօր արդեն ՄԵԼ-ը պատրաստվում է տեղեկացնել այդ մասին իրավապահ մարմիններին:

 

«Իրավապահ մարմիններին դիմելու ենք մենք, որովհետև մահացածների հարազատները վախենում են: Աղանդի հետևորդներից ոմանք, ներկայանալով որպես ոստիկաններ, սպառնացել են մահացածների հարազատներին, որի պատճառով էլ վերջիններս վախենում են դիմել ոստիկանություն»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն աղանդի գոյության մասին տեղեկացրել էր դեռ 2013-ի նոյեմբերին: Այդ ժամանակ տեղեկացվել էր նաև, որ աղանդի պարագլուխների գլխավոր նպատակը պետական գաղտնիքներ կորզելն է և դրանք Թուրքիա հասցնելը: