կարևոր
8737 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-07-03 19:51
Տնտեսական

Ահազանգ Շիրակից. կաթի մթերման ցածր գնի պատճառով փակվում են ֆերմերային տնտեսությունները

Ահազանգ Շիրակից. կաթի մթերման ցածր գնի պատճառով փակվում են ֆերմերային տնտեսությունները

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.

«Պետական լուրջ աջակցության բացակայությունը, կաթի մթերման ցածր գները, անասնաբուժական խնդիրներ, անասնակերի պակասը և արոտավայրերի անհասանելիությունը...

Այս և բազմաթիվ այլ խնդիրները հանգեցրել են նրան, որ Շիրակի մարզի ֆերմերները ստիպված են ծայրահեղ քայլերի դիմել՝ զանգվածաբար վաճառում կամ հարկադիր մորթի են ենթարկում անասուններին։

Ֆերմերների կարծիքով՝ կաթնային անասնապահությունը շատ ավելի մեծ ծախսեր է պահանջում, և կա նաև ռիսկերի ավելի բարձր տոկոս։ Ամբողջ մարզով մեկ ֆերմերներն ահազանգում են՝ իրենց առաջարկում են կաթը հանձնել կոպեկներով, և դա լավագույն դեպքում։ Այսօր առաջարկվող գները շատ ցածր են՝ լիտրի համար 160 դրամ։ Նման ցածր գներով մեծ վնասով են աշխատում շիրակցի ֆերմերները։ Կաթի մթերման նման ցածր գները Շիրակի մարզում պահպանվել են վերջին տարիների ընթացքում։ Բայց չէ որ այս ընթացքում ամեն ինչ շատ է թանկացել՝ և կերը, և պարարտանյութը, և վառելիքը։

Անասնապահական ոլորտը չի հանդուրժում անտարբերությունը և անորոշությունը։ Եվ միայն իշխանության կողմից տրված դատարկ խոստումներով, թե ինչպիսի փոխհատուցումները կարող են փրկել մարզում կաթնային անասնապահությունը, խնդիրը չի լուծվում։ Իսկ շիրակցի ֆերմերներին մնում է հաշվարկել կորուստները և եզրակացություններ անել։

Պետական թիրախային աջակցությունը և կաթի մթերման գների բարձրացումը մինչև առնվազն 210-230 դրամ կարող է փրկել ֆերմերային տնտեսությունները: Սա այն նվազագույնն է, որը թույլ կտա ֆերմերներին պահպանել իրենց անասունների գլխաքանակը և չփակել ֆերմաները»։