կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-13 22:49
Հասարակություն

Հայաստանում 1000 բնակչից արյան դոնոր է 3-ը, պետք է լինի 40-ը

Հայաստանում 1000 բնակչից արյան դոնոր է 3-ը, պետք է լինի 40-ը

Հունիսի 14-ը արյան դոնորի համաշխարհային օրն է: Այն հաստատվել է 2005թ. Ժնևում Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների: Լանդշտեյները մարդու արյան խմբերը հայտնաբերելու համար 1930թ. արժանացել է Նոբելյան մրցանակի:

 

1819թ. Անգլիայում առաջին անգամ արյան փոխներարկում կատարվեց մարդուց մարդուն: Ներկայում արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ մարդու կյանք է փրկում:

 

Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2013թ. կատարվել է մոտ 13 000:

 

Աշխարհի 57 երկրում դոնորների 100 տոկոսը կամավոր անհատույց է: Նախկին սոցիալիստական ճամբարի որոշ երկրներում կամավոր անհատույց դոնորության հետ կապված խնդիրներ կան։ Բուլղարիայում, օրինակ, որտեղ 75 տոկոս արյունատվությունները փոխհատուցվող դոնորներից են, 1000 բնակչից դոնոր է 22-ը: Լիտվայում կամավոր անհատույց դոնորները կազմում են 33 տոկոս:

 

Ըստ ԱՀԿ-ի տվյալների` որպեսզի երկիրն ամբողջովին ապահովված լինի արյան բաղադրամասերով և պատրաստուկներով, երկրի 1000 բնակչից 40-ը պետք է դոնոր լինի: Հայաստանում ներկայումս 1000 բնակչից դոնոր է 3-ը: Սա նշանակում է, որ ցանկալի ցուցանիշին հասնելու համար դեռ շատ անելիքներ կան:

 

Հայաստանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են փոխհատուցվող դոնորները` 48,7 տոկոս, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անհատույց կամավոր դոնորները, որոնք Հայաստանում կազմում են 4.7 տոկոս: Այս խնդրի լուծումն անվարձահատույց կամավոր դոնորության քարոզումն է հասարակության լայն շրջաններում, հատկապես երիտասարդության մեջ:

 

«Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` միայն մեր հանձնած արյան շնորհիվ հնարավորություն կստեղծվի փրկել տուժած մարդկանց կյանքերը: Շատ կարևոր է, որ այս գաղափարը սերմանվի մեր հասարակության մեջ հնարավորինս վաղ հասակից: Պետք է ձգտենք, որ Հայաստանում, ինչպես զարգացած երկրներում, արյան դոնորությունը լինի կամավոր և անվարձահատույց»,- հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: