կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-11 17:35
Հասարակություն

Լվացքս տանելու եմ, Տարոն Մարգարյանի կաբինետի դեմը փռեմ. Կասկադի բնակչուհին վրդովված է

Լվացքս տանելու եմ, Տարոն Մարգարյանի կաբինետի դեմը  փռեմ. Կասկադի բնակչուհին վրդովված է

Պարզվում է` քաղաքի կենտրոնում ապրելն էլ մի բան չէ, այնտեղի բնակիչներն էլ ունեն իրենց խնդիրներն ու քաղաքապետարանից դժգոհելու առիթները: Կասկադի հարևանությամբ գտնվող Գեղարվեստի ակադեմիային հարող` Իսահակյան 38 շենքի բնակիչներն այսօր զանգահարել էին yekir.am:

 

Բնակիչներից Սուսաննա Մակարյանը մեզ պատմեց, որ բակում գտնվող ծառի ճյուղերն իսկական աղետ են դարձել իրենց համար: «Ամեն անգամ ուժեղ քամուց հետո ճյուղերը մի վնաս տալիս են մեր բնակարանին»,- ասաց նա և ցուցադրեց երեկ երեկոյան ուժեղ քամու հետևանքով վնասված ննջասենյակի պատուհանի ցանցը: Ծառի ճյուղի հարվածից պլասմասսայե շրջանակով ցանցն ընկել է վար և վնասել պատահական մի անցորդի:

 

«Բա որ հանկարծ ոչ թե այդ մարդու ուսին, այլ գլխին կպներ, ո՞վ էր պատասխան տալու»,- նշեց բորբոքված քաղաքացին և հավելեց. «Զանգահարում եմ քաղաքապետարանի թեժ գիծ` այնտեղից խորհուրդ են տալիս զանգահարել բնապահպանության նախարարություն, հետո մեզ ասում են, որ մենք պետք է փետրվարին զանգահարեինք, որ իրենք ապրիլին գային, կտրեին, հակառակ դեպքում` մինչև աշուն պետք է սպասենք: Ես Նոստրադամու՞սն եմ, ինչ է»: Այնուհետև կինը ցուցադրեց իր պատշգամբը, որը գրեթե ամբողջությամբ պատված էր ծառի ճյուղերով:

 

Սուսաննայի խոսքով` իրենք իրավունք չունեն էտելու ճյուղերը, բացի այդ` ինչո՞ւ անեն, եթե դա քաղաքապետարանի գործն է: Ըստ նրա` այդ ճյուղերից տարբեր տեսակի միջատներ են հայտնվում իրենց տանը` խավարասերներ, մորեխներ: Սակայն խնդիրն այդքանով չի սահմանափակվում: «Մեզ պատասխանել են` մինչև աշուն, ես մինչև աշուն սենց ո՞նց ապրեմ, ես լվացք փռելու տեղ չունեմ: Տանելու եմ, Տարոն Մարգարյանի կաբինետի դեմը փռեմ»,- վրդովված հայտարարեց բնակչուհին: Նա եւ նրա հարևանուհին` Կարինե Պետրոսյանը, քաղաքապետարանի հետ կապված այլ դժգոհություններ էլ հայտնեցին.

«Ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին քաղաքապետարանը թույլատրում է Կասկադում համերգ կազմակերպել, մենք մեր տան մեջ դարձել ենք չգիտես` ով, ո՞ւր գնանք, ի՞նչ անենք: Երբ բողոքում ենք լկտի պատասխան են տալիս` չեք ուզում, փոխեք ձեր բնակավայրը»: Սուսաննայի խոսքով` եթե այսպես շարունակվի` իրենք ստիպված կլինեն շենքի բնակիչներով հավաքվել, ցույցեր կազմակերպել, ընդհուպ` Իսահակյան փողոցը փակել:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: