կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-09 16:35
Իրավական

Որքանո՞վ են ապահովված բնակիչների ավանդները Հայաստանի ամենաարտոնյալ բանկում

Որքանո՞վ են ապահովված բնակիչների ավանդները Հայաստանի ամենաարտոնյալ բանկում

«Հայաստանում հերթական ֆինանսական բուրգն է «պայթելու»» վերտառությամբ` yerkir.am-ի հրապարակած հոդվածը` «Յունիբանկ»-ի սեփականատերերի սկանդալային գործարքների մասին, ըստ սպասվածի, մեծ աղմուկ է բարձրացրել: Ուշագրավ է, որ թեեւ «Յունիբանկ»-ից խմբագրությունը մի շարք «մեսիջներ» է ստացել, բայց այդպես էլ մինչ օրս պաշտոնական պարզաբանման կամ հերքման որեւէ տեքստ չի ստացել:

 

Եվ ահա խմբագրություն պաշտոնապես պարզաբանում ուղարկելու փոխարեն բանկը որոշել է նախեւառաջ ներքին լսարանին հանգստացնել. իր ֆեյսբուքյան էջում հարկ է համարել իր հաճախորդներին տեղեկացնել, թե իբր մեր հոդվածն իրականությանը չի համապատասխանում, նաեւ ակնարկում է դատարան դիմելու մասին: Ինչ խոսք, դա իրենց իրավունքն է, մեր իրավունքն էլ հանրությանը փաստարկված ինֆորմացիա տալն է:

 

Մինչ «Յունիբանկի»՝ ներքին լսարանի համար նախատեսված հայտարարությունը, մենք պատրաստել էինք նաեւ երկրորդ հոդվածը, որը ներկայացնում ենք ստորեւ:

 

 ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննված թիվ 62204013 քրեական գործը ներկայումս քննվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, որով  նախաքննության ընթացքում ապացուցվել է, որ մեղադրյալ Արթուր Անդրեասյանը, ով այս պահին գտնվում է կալանքի տակ և առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, «Յունիբանկ» է ներկայացրել «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում գտնվող արտարժույթի փոխանակման կետերի ֆիսկալ հաշվետվությունները` որպես իր եկամուտ, և, գրավադրելով տուժողի գույքերը, ստացել, ընդհանուր առմամբ, 170 000 ԱՄՆ դոլարի վարկ:

 

Ի դեպ, ըստ քրգործի Արթուր Անդրեասյանը  մանկուց շփվել և մտերիմ հարաբերություններ է ունեցել ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանի և վերջինիս ազգական, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանի ընտանիքի անդամների հետ, ինչն էլ ըստ որոշ լուրերի առիթ դարձավ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի պաշտոնանկության համար:  

 

Սակայն նախաքննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալը բացարձակապես կապ չի ունեցել «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում գտնվող արտարժույթի փոխանակման կետերի հետ, նրա կողմից «Յունիբանկ» ներկայացված ֆիսկալ հաշվետվությունները եղել են քսերոպատճեններ, չեն եղել կնքված և ստորագրված, եղել են կեղծ: Ավելին` քրեական գործով ապացուցված է նաև այն, որ վարկերը ստանալու պահին մեղադրյալը չի աշխատել ոչ մի տեղ, չի ունեցել ոչ մի եկամուտ: Սակայն բանկ ներկայացրած կեղծ փաստաթղթերում ցույց է տվել 1.5 միլիարդ դրամի շրջանառություն և 12 միլիոն դրամի շահույթ: Առաջին հայացքից այս ամենը թվում է ֆանտաստիկայի ժանրից, որովհետև բոլորին է հայտնի, թե ինչ դժվարությամբ են ՀՀ բանկերը վարկ տրամադրում և ինչքան փաստաթղթեր են պահանջում:

 

«Յունիբանկ» ՓԲԸ-ի` վարկերի տրամադրման ներքին կանոնակարգից երեւում է, որ վարկերի տրամադրման համար պատասխանատու են բանկի հետևյալ աշխատակիցները և վարչությունները`

 

1. «Յունիբանկ» ՓԲԸ-ի /կարգ, սպառողական վարկերի տրամադրման /Նոր խմբագրություն-2013թ/-ի կանոնակարգի 3.12.1 կետում ամրագրված է. «Մասնաճյուղի կառավարիչը ու վարկային մասնագետը պատասխանատու են վարկային փաթեթի ամբողջականության,հավաքագրված տեղեկության արժանահավատության և իրականացված վերլուծության համար»:

 

2. Նույն կանոնակարգի 3-րդ գլխի 3.8 կետում նշված է. «Այն դեպքում, եթե վարկերի փաստաթղթավորման վարչությունը փաստաթղթերում հայտնաբերել է այնպիսի թերություններ/անճշտություններ,որոնք անհնար է շտկել կամ առկա են կեղծ փաստաթղթեր,ապա վարկերի փաստաթղթավորման վարչությունը մերժում է հայտը`նշելով դրա պատճառը և համապատասխան գրությամբ ուղղարկում մասնաճյուղ»:

 

3. Նույն կանոնակարգի 3.12.2 կետում ամրագրված է. «Վարկերի հաստատման կենտրոնի իրավասու աշխատակիցը/վարկային հայտ ուսումնասիրող և հաստատող անձիք/պատասխանատու է իրականացված վերլուծության և Բանկի պահանջներին համապատասխանության համար»:

 

Իսկ վարկի տրամադրման վերջնական արձանագրությունն անձամբ հաստատում է բանկի վարչության նախագահի տեղակալ Զաքար Բոյաջյանը: Ակնհայտ է, որ այդքան աշխատակիցներ չէին կարող չնկատել վարկային փաթեթներում առկա կեղծ փաստաթղթերը, գոնե անզեն աչքով պետք է որ քսերոպատճենները տարբերեին բնօրինակից: Կարելի ենթադրել, որ այս երկու վարկերը տրամադրելու ցուցումը եղել է բանկի ամենավերևից, և այդ պատճառով են բոլոր` վերը նշված անձինք «կուրացել» և իրենց ստորագրություններով հաստատել այդ վարկերը: Այնուամենայնիվ, բանկին հաջողվել է ամբողջությամբ ետ ստանալ տրամադրած վարկի գումարն ամբողջությամբ, առանց կորուստների:

 

Yerkir.am-ին հայտնի է դարձել նաև այն, որ տուժող կողմը դիմել է Կենտրոնական բանկ, որպեսզի այնտեղ ստուգեն այդ վարկերի տրամադրման համապատասխանությունը ՀՀ Կենտրոնական բանկի կանոնակարգի պահանջներին: Սակայն այնտեղից ստացել են պատասխան, որ դա իրենց իրավասության մեջ չի մտնում: Այս հանգամանքը նույնպես ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ բոլորին է հայտնի, թե ինչ արագ է արձագանքում ԿԲ վերահսկողության ծառայությունը ցանկացած ահազանգի: Նշենք, որ ներկայումս «Յունիբանկ» ՓԲԸ-ի ներքին աուդիտի տնօրենն է ՀԱՅԿ ՀՐԱՆՏԻ ՍՈՒՎԱՐՅԱՆԸ `Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության պետ Հրանտ Սուվարյանի հարազատ որդին և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի փեսան:

 

Ի դեպ, yerkir.am-ը մեկ ամիս առաջ գրել էր, որ հայր և որդի Սուվարյանները վաճառում են իրենց ունեցվածքը և որոշել են արտագաղթել ՀՀ-ից: Մեր այս հրապարակմանը հաջորդեց վարչապետ Տիգրան Սարգսյանի` «Ֆեյսբուք»-ում հրապարակած նկարները, որով նախկին վարչապետը պարզապես հասկացնում էր, որ, այսպես ասած, կանգնած է իր փեսայի թիկունքին:

 

Համադրելով այս փաստերը` ակամայից գալիս ենք այն եզրահանգման, որ «Յունիբանկը» ՀՀ-ում գործող միակ բանկն է, որը գրեթե չի վերահսկվում ԿԲ-ի կողմից:Հետեւաբար, կարծում ենք ժամանակն է, որ պատկան մարմիններն ուսումնասիրեն «Յունիբանկ» ՓԲԸ-ի գործունեությունը:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Yerkir.am