կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-28 15:17
Հասարակություն

Զգուշացեք խաբեությունից. մահացածների ավանդները չեն վերադարձվում, ուրիշի անձնագիր վերցնելն էլ անօրինական է

Զգուշացեք խաբեությունից. մահացածների ավանդները չեն վերադարձվում, ուրիշի անձնագիր վերցնելն էլ անօրինական է

Հայտնել էինք, որ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն համայնքում «Հայկական վերածնունդ» կուսակցության` տեղի կառույցի անդամները ցուցակագրում են մարդկանց, նույնիսկ` մահացածների վկայականներն են պահանջում` պատճառաբանությամբ, թե համայնքի բոլոր անդամների` դեռևս խորհրդային շրջանից մնացած ավանդները վերադարձվելու են:

Ջրաշենի համայնքապետ Վահան Ուռուսյանը Yerkir.am-ի հետ զրույցում «Հայկական վերածնունդ»-ի այս քայլը կապել էր ընտրությունների հետ: «Դեմն ընտրություններ են, «Վերածնունդն» էլ խաբում է ժողովրդին, փող է խոստանում»,- հայտարարել էր նա:

Ուշագրավ է, որ Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն համայնքի «Հայկական վերածնունդ» կառույցի անդամ Սամվել Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ իրենք անձնագրեր ու մահացածների վկայականներ են հավաքում: «Այո', նման բան կա, շարունակում ենք այդ գործողությունները: Մենք հավաքում ենք անձնագրերը, պատճենահանում: Ժողովրդին ասել ենք, որ ավանդների վերադարձման համար է: Անձնագրերի պատճենները հանձնում ենք մեր ընդհանուր շտաբին, այնտեղից ուղարկելու են Երևան: Տանում են, որ այնտեղ` Ազգային ժողովում, այս հարցը լուծեն, ասեն` այսքան գումար ժողովրդի համար չեք վճարել»,- ասաց նա:

Մարդկանց մոլորությունից հանելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեթոդական օգնության բաժնի պետ Արտակ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ավանդի փոխհատուցում ստանալու համար կարող է հաշվառվել երեք խումբ: «Առաջին խումբը մինչև մինչև 1931 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք են, երկրորդը սահմանամերձ գյուղերի բնակիչներն են, երրորդը` պաշտպանության, մարտական գործողությունների մասնակիցները: Այս երեք կատեգորիայի անձինք կարող են դիմել ՎՏԲ բանկ, հաշվառվել, և ըստ դրա էլ` հերթ է ձևավորվում»,- բացատրեց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք այդպես զանգվածաբար դիմումներ հավաքագրելու դեպքում հնարավոր է ավանդ վերադարձնել, անգամ` մահացածների վկայականներն են հավաքում, նա պատասխանեց. «Նման բան չի կարող լինել, դիմումը պետք է ներկայացնի անձամբ այդ երեք կատեգորիաներին պատկանող անձը կամ, լիազորագրով, հոգաբարձուն կամ խնամակալը: Նման բան հնարավոր է, բայց որ այդպես` զանգվածաբար անձնագիր հավաքեն ու այդ մարդկանց անունից դիմեն, ոչ: Նման դիմումները չեն էլ ընդունի: Ինչ վերաբերում է մահացածներին, իմաստ չունի, մահացածը չի կարող ավանդ ստանալ»:

Ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի պետ Մնացական Բիչախչյանն էլ հիշեցրեց, որ անհիմն կերպով անձի ձեռքից անձնագիր վերցնելը վարչական իրավախախտում է և ենթադրում է վարչական պատասխանատվություն:

Ուշագրավ է, որ, չնայած այս փաստերին, «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը համոզված է, որ իրենց արարքն անօրինական չէ, եւ որ մահացածների եւ այլոց ավանդները կարողանալու են վերադարձնել:

 Ամալյա Առաքելյան