կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-06 14:52
Իրավական

Փաստաբանը կմիջնորդի կարճել Թևոսիկի եղբոր սպանության գործը` իր պաշտպանյալի մասով

Փաստաբանը  կմիջնորդի կարճել Թևոսիկի եղբոր սպանության գործը` իր պաշտպանյալի մասով

Այսօր քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալներից Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը միջնորդություն կներկայացնի վարույթն իրականացնող մարմնին իր պաշտպանյալի մասով գործը կարճելու վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել) և 335 հոդվածի 1-ին մասով (հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը):

 

Էլբակյանը պնդում է, որ իր պաշտպանյալի գործողություններում հանցակազմը բացակայում է: Պաշտպանի համար անտրամաբանական է, թե ինչպես է նախաքննական մարմինն իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրել 335 հոդվածի 1-ին մասով այն դեպքում, երբ գործով կարևոր նշանակություն ունեցող անձը` Մովսես Ներսիսյանը, չկա, ավելին` նրա դիակի որոնողական աշխատանքներն ապարդյուն են անցնում:

 

Նշենք, որ Տիգրան Ասատրյանը սպանված Արթուր Սաֆարյանի դստեր քավորն է և, ըստ Ասատրյանի ընտանիքի, Սաֆարյանի հետ ունեցել է լավ հարաբերություններ: Թեւոսիկի եղբոր հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունների մասին իր ցուցմունքներում հայտնել է նաև գործով կալանավորված Իսրայել Սարգսյանը, ով քննիչներին հավաստիացրել է, որ դեպքի մասին իմանալուն պես` շտապել է հիվանդանոց:

 

Առայժմ տեղեկություններ չկան միայն Արթուր Սաֆարյանի և, ըստ նախաքննության, նրա սպանությունն իրականացրած Մովսես Ներսիսյանի հարաբերությունների մասին: Տեղեկություններ չկան նաև  Մ. Ներսիսյանի ողջ կամ մահացած լինելու վերաբերյալ, քանի որ նրա դիակը դեռևս չի հայտնաբերվել:

 

Այսօր yerkir.am-ը Մովսես Ներսիսյանի (Մոսո) դիակի որոնողական աշխատանքներում ներգրավված փրկարարների աշխատանքները համակարգող` ՀՀ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացքի մեջ են որոնողական աշխատանքները, հնարավո՞ր է դրանք  դադարեցվեն:

 

Ի պատասխան` պարոն Գաբրիելյանը պատասխանեց, որ աշխատանքները դեռևս շարունակվում են, դրանք դադարեցնելու հրահանգ չեն ստացել: Նրա խոսքով` որոնողական աշխատանքներին մասնակցում է 2-3 մարտական հաշվարկ` կախված աշխատանքների ծավալից:

 

Նշենք, որ գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության հատկապես կարևոր գործերով վարչությունը: Քննչական խմբի ղեկավարն է վարչության քննիչ Հովիկ Պողոսյանը: