Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հերթական նիստի մեկարկից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնեց, որ մահացել է ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը: ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը:
ԱԺ նախագահը նաև տեղեկացրեց, որ, ԿԸՀ որոշմամբ, համամասնական ընտրակարգով ՀՀԿ ցուցակից ԱԺ պատգամավոր է դարձել Վազգեն Կարախանյանը, ԲՀԿ ցուցակից` Տիգրան Ներսիսյանը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Հայ-ադրբեջանական սահմանն այս օրերին շատ ավելի անհանգիստ է, քան լինում է սովորաբար: Փորձագետները նշում են, որ այն կապ ունի Աստանայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ: Հայաստանը Ղազախստանի հետ ՀԱՊԿ անդամ է, բայց ՀԱՊԿ շրջանակներում դաշնակից համարվող անդամն անում է այնպիսի հայտարարություն, որոնք լիցք են տալիս մեր հակառակորդներին` վտանգի տակ դնելով մեր զինվորների կյանքը:
Առաջարկում եմ մեկ հարց դնել քննարկման` ՀԱՊԿ-ի հետ կապված, և նստաշրջանը սկսել այդ հարցի քննարկումով` հրավիրել արտգործնախարարին, որ կարողանանք ճշգրտումներ անել` ՀԱՊԿ շրջանակներում մեր ունեցած պարտավորությունների և Ղազախստանի պարտավորությունների հետ կապված:
Առաջարկում եմ հանձնարարական մշակել այս թեմայի շուրջ` պատկան մարմինների մասնակցությամբ, կազմակերպել խորհրդարանական լսումներ, որ կարողանանք այդ հարցերը հստակեցնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ նախագահը համաձայնեց, որ հարցը հրատապ է: Նա նշեց, որ արդեն պայմանավորվածություն ունի և առաջարկել է ԱԺ տնտեսական հանձնաժողովին խորհրդարանական լսումներ կազմակերպել: «Հարցը կարևոր է, համապատասխան հանձնաժողովը և ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանն են հարցադրում արել: Մենք կկազմակերպենք քննարկում, որպեսզի պարզաբանենք Ձեր ասած խնդիրը»,- ասաց ԱԺ նախագահը:
Նիկոլ Փաշինյանը խնդրեց ԱԺ նախագահին` հստակեցնել Աստանայի թեմայով խորհրդարանական լսումների ժամկետները: Գալուստ Սահակյանը նշեց, որ որոշակի չի կարող պատասխանել, բայց հնարավոր է` դա լինի հունիսի 16-17-ին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը դիմել է արտգործնախարարին, որպեսզի իր համար ընդունելի ֆորմատով քննարկում անցկացնի Աստանայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, սակայն մինչ օրս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի պատասխանել:
«Առ այս պահը բոլոր սահմանված ժամկետներն անցել են, բայց արտգործնախարարը հարկ չի համարել պատասխանել` գալու է, չի գալու: Այս քառօրյայում հրատապ պետք է քննարկվի, թե ի՞նչ մտահոգիչ հայտարարություններ եղան Աստանայում, և թե ի՞նչ պետք է սպասել դրանից»,- ասաց պատգամավորը:
Գալուստ Սահակյանը, արձագանքելով, ասաց, որ կփորձեն լսումներ կամ աշխատանքային քննարկում կազմակերպել, որ վերլուծեն այդ խնդիրը: