կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-27 11:46
Քաղաքական

ԱԺ-ում ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ խորհրդարանական լսումներ են

ԱԺ-ում ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ խորհրդարանական լսումներ են

Խորհրդարանում մեկնարկել են ԱԺ «Ելք» խմբակցության հրավիրած` ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ լսումները: Հիմնական զեկուցող` «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցությամբ Հայաստանը սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում ապրել է հետընթաց, երկրի անվտանգությունը չի երաշխավորվել:

«ԵՏՄ անդամակցության հետևանքով առաջին սպառման շուրջ 900 ապրանք Հայաստանի տարածքում թանկանալու է, որոնցից 759-ը թանկանալու են արդեն 2018 թվականի հունվարի 1-ից: Դա է պատճառը, որ մենք արդեն շուկայում սկսում ենք զգալ թանկացումները»,- ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ ԵՏՄ պայմանագրով երաշխավորված բազմաթիվ դրույթների խախտմամբ՝ չի ապահովվում աշխատուժի, ապրանքների, ֆինանսական միջոցների և ծառայությունների ազատ տեղաշարժը, և ԵՏՄ անդամակցությունը խանգարում է երրորդ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը: Մարուքյանի խոսքով` ԵՏՄ անդամ պետությունները չեն նպաստում Արցախի հիմնահարցի կարգավորմանը:

«ՌԴ-ն շարունակում է զինել Ադրբեջանին: Բայց ԵՏՄ անդամակցությունից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը շատացել են»,- նշեց պատգամավորը՝ վկայակոչելով ապրիլյան պատերազմը:

Անդրադառնալով նախորդ շաբաթ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝ Մարուքյանը նշեց, որ դա «և, և»-ի քաղաքականություն չէ: «Ամենյան պատասխանատվությամբ ասում եմ՝ որևէ «և, և» տեղի չի ունեցել: Դա կարող էր տեղի ունենալ, եթե ՀՀ-ն, լինելով ԵՏՄ անդամ, ստորագրեր ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիր»,- ընդգծեց նա:

Մարուքյանը նաև նշեց, որ ՀՀ-ին անհրաժեշտ է տնտեսական ինտեգրում Եվրոպային, որը նաև կնպաստի անվտանգության բարձրացմանը: «Մենք չենք կարող, անընդհատ վարկ վերցնելով, զենք գնելու պայմանագրեր ստորագրել: Տնտեսությունը չզարգացնելով՝ մենք չենք կարողանում այդ վարկերը փակել»,- եզրափակեց նա: