կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-07 16:26
Աշխարհ

Ուկրաինայի արևելքում ռուսաստանցի լրագրողներ են ձերբակալվել

Ուկրաինայի արևելքում ռուսաստանցի լրագրողներ են ձերբակալվել

Ուկրաինայի «Ազգային գվարդիայի» զինծառայողները երկրի հարավ-արևելքում ձերբակալել են ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության օպերատոր Անդրեյ Սուշենկովին և վիդեոինժեներ Անտոն Մալիշևին: BBC-ն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Սլավյանսկից ոչ հեռու գտնվող հսկիչ-անցումային կետում:

 

Լրագրողները Ուկրաինա էին գնացել` լուսաբանելու նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդման արարողությունը:

 

Լրագրողներին կասկածում են անցակետում ծառայության կազմակերպման վերաբերյալ «դիտարկումներ անելու և տեղեկատվություն հավաքելու» մեջ: Ըստ «Ազգային գվարդիայի»` լրագրողներն ունեցել են ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» կողմից հավատարմագրված լինելը հաստատող փաստաթղթեր:

 

Համաձայն РИА Новости-ի` ձերբակալված լրագրողներին հանձնել են Ուկրաինայի անվտանգության ծառայությանը` անցումային կետի մոտակայքում գտնվելու նպատակն ու հանգամանքները պարզելու համար:

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգություն է հայտնել ձերբակալության կապակցությամբ:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարավ-արևելքում իշխանությունները լայնամասշտաբ գործողություն են կատարում ռուսամետ աշխարհազորայինների դեմ: