կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-05 15:00
Հասարակություն

Գազը նույնպես թանկացել է. Նաիրա Զոհրաբյան

Գազը նույնպես թանկացել է. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, հիշեցրեց, որ օրեր առաջ` կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ինքը հարց է ուղղել էներգետիկայի փոխնախարարին, որ կան հավաստի տեղեկություններ, որ էլեկտրաէներգիան թանկանալու է, սակայն կառավարության ներկայացուցիչը հերքել է:


«Ես հարցրեցի կառավարության ներկայացուցչին` ինքը կարո՞ղ է հերքել կամ հաստատել համառորեն շրջանառվող տեղեկությունը էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Ինքն էլ ԱԺ ամբիոնից հստակ պատասխանեց, որ` ոչ, նման բան չկա: Սա նույն պատմությունն է, երբ ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մավոսիսյանը բոլոր հնարավոր ամբիոններից համառորեն հայտարարում էր, որ գազի թանկացում չի լինելու, բայց մենք կանգնեցինք մի խայտառակ փաստի առաջ, երբ գազը թանկացել էր շատ ավելի վաղ»,- ասաց պատգամավորը:


Նրա համոզմամբ` ապրում ենք արատավոր ժամանակներում,  երբ պետական պաշտոնյաները կա'մ իրապես չեն տիրապետում խնդրին և դիլետանտ են,  կա'մ նրանց վերջին պահին կանգնեցնում են փաստի առաջ, ինչն էլ վկայում է երկրի հանդեպ հարգանքի բացակայության մասին:


«Մեր երկիրը դարձել է վասալային մի երկիր` որ պահին, ով ասես ում ասես կարող է ինչ-որ բան թելադրել, և երկրի առաջին դեմքերը, շարքային քաղաքացու պես, վերջին պահին են իրազեկվում, որ, օրինակ, էլեկտրաէներգիա ու գազ է թանկանալու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:


Ինչ վերաբերում է, գազի հետ կապված, մամուլի հրապարակումներին` գազի գնի բարձրացման կամ տվյալների անճշտության հետ, Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ այդտեղ էլ ոչ մի անճշտություն չկա, և ԲՀԿ մասնագետները զբաղվում են այդ խնդրով:


«Ես գրեթե վստահ եմ, որ գազը նույնպես թանկացել է: Այսօր ունենք SOS օրակարգ` արտագաղթ, սոցիալական պայմաններ և երկիրը վասալային կախվածության մեջ գցելու փաստ»,- ասաց պատգամավորը: