կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 18:41
Իրավական

Ուղարկել է «փող ճարելու». անչափահասները հարկադրված մուրացկանություն են արել

Ուղարկել է «փող ճարելու». անչափահասները հարկադրված մուրացկանություն են արել

18-ամյա Ալբերտը  դատարանում պատմում է, որ, 24-ամյա Արմանի կազմակերպմամբ, պետք է փող հավաքեին, գործ դնեին: Նախնական բիզնեսը «կիլոյով շոր» առնել-վաճառելը պետք է լիներ, իսկ դրա համար հարկավոր էր 50 հազար դրամ:

 

Ալբերտը պատմում է, որ Արմանը չի ստիպել իրեն ու մյուս անչափահասներին, որ գնան մուրացկանություն կամ գողություն անեն, սակայն ասել է, թե «գնացեք, փող ճարեք», իսկ երբ ինքն ասել է, որ գազի բալոն գողանալու հնար կա, Արմանն ասել է, թե «եթե ձև կա, արեք»:

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է անչափահասներին հարկադիր շահագործելու, մուրացկանության մեջ ներգրավելու գործով դատավարությունը:

 

Համաձայն մեղադրանքի` Արմանը երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով  երեք անչափահաս տղաների` ծնողական հսկողությունից դուրս մնալն ու փողոցում հայտնված լինելը, 2013թ. հունվար ամսին  խաբեությամբ, հետագայում` բարեկեցիկ կյանքով ապահովելու կեղծ խոստումներով մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել է նրանց, շահագործել` ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում երեխաների կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:

 

Ալբերտն այս գործով նաև մեղադրյալ է, քանի որ Արմանի հետ ծանոթ լինելու ընթացքում գործով անցնող տուժողներից մեկի հետ «փող ճարելու» նպատակով ավտոմեքենայից գազի բալոն է գողացել և այն վաճառել 30 հազար դրամով:

 

Ալբերտն այսօր նախ հրաժարվեց ցուցմունք տալ, հետո էլ նշեց, թե նախաքննության ընթացքում տված ցուցմունքների մի մասը սխալ է, և դատարանում ճիշտը կասի: Նրա խոսքով` նախաքննության ժամանակ ասել է, թե Արմանը ստիպել է տղաներին մուրացկանությամբ փող աշխատել և իրեն տալ, քանի որ իմացել է, թե Արմանն իր դեմ է ցուցմունքներ տվել ու ասել,որ «թրաֆիքինգն ինքն է արել»: Սակայն Ալբերտի` դատարանում տված ցուցմունքներն հակասական էին: Նա մեկ նշում էր, թե Արմանը չի ստիպել, մեկ էլ ասում, թե պահանջում էր փող բերել:

 

Ալբերտից հետո հարցաքննվեց նաև Արմանը: Նա իր խոսքը սկսեց նրանից, որ ինչ-որ ցուցմունքներ է տվել, որոնք դատարանը «բանի տեղ չի դրել»: Այնուհետև պատմեց, թե ինչպես ինտերնետային ակումբում ծանոթացել է տուժող տղաներից մեկի հետ, հետո` մյուսների, ովքեր մուրացկանությամբ զբաղվելիս են եղել:

 

Նրա խոսքով` վարձակալած է եղել Մաշտոցի փողոցում գտնվող Դերասանի տան երկու սենյակ, որտեղ նախատեսում էր «Քաստինգ ակումբ» բացել, ամսական վճարել է 120 հազար դրամ, իսկ քանի որ հատկապես վերջին մի ամսում այնտեղ չի աշխատել, սակայն վարձը վճարել է, անչափահաս տղաներին, ովքեր ծնողների հետ խնդիրներ ունեին, ապահովել է տանիքով: Իր օգնականին` գործով վկա անցնող Մարինեին ասել է, թե` բանալին կտաս, որ բացեն, մտնեն, եթե գան:

 

Արմանը պնդում է, թե այդ օրերին մոտ 1.5 միլիոն դրամ է իր մոտ եղել, ու կարիք չի ունեցել տղաներից փող վերցնելու, ավելին` նրանց համար հագուստ ու սնունդ է գնել: Ու, առհասարակ, նրանց շատ է օգնել, նույնիսկ զանգել է նրանց ծնողներին, ասել, որ գան, տանեն, սակայն երեխաները չեն ցանկացել նրա մոտից գնալ:

 

Արմանն իր խոսքում անընդհատ ինչ-որ փաստերի մասին էր խոսում, որոնք գործում չեն ներառվել, ասում էր, թե կարող է տվյալներ տալ, որ գնան, ստուգեն իր խոսքերի ճիշտ լինելը:

 

«Ես մեկ ա դատվելու եմ: Ես դեմ չէի նույնիսկ արագացված կարգով դատավարությանը, որովհետև կապ չունի, մեկ ա դատվելու եմ: Բայց դու դատախազ մարդ ես, ասեմ, գնա…»,- Արմանը խոսքը, սակայն, չվերջացրեց, որովհետև դատավորը նկատողություն արեց` դատախազի հետ խոսել «Դուք»-ով, քանի որ նա իր հետ «Դուք»-ով է խոսում:

 

Մեղադրյալների ցուցմունքները լսելուց հետո դատարանը դատաքննությունն ավարտված համարեց: Հաջորդ նիստին` մայիսի 31-ին, դատախազը կներկայացնի մեղադրական ճառը, այնուհետև փաստաբանը` պաշտպանական ճառը: