Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ ազգային կոնգրեսի համակարգող, համանուն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մեծ նվաճում էր որակել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը նախագահական ընտրություններից հետո ստեղծելու շուրջ խորհրդարանական մեծամասնության հետ ձեռք բերված համաձայնությունը: Եթե դա նվաճում էր, ապա այն ոչնչով չէր տարբերվում այն մուրացկանի «լուրջ» ձեռքբերումից, ով հանկարծ հայտնաբերում է, որ անցորդն իր ափի մեջ ավանդական 50 դրամանոցի փոխարեն միանգամից 200 դրամանոց է դրել:
ԱԺ-ում արդեն մեկ անգամ նման հանձնաժողով, «նիկոյանական» հայտնի որակմամբ, ստեղծվել էր 2008թ.: Այն դեռ չէր հասցրել ավարտել իր առաքելությունը, երբ ՀԱԿ-ը հայտարարեց, որ հանձնաժողովի նպատակը ողբերգական դեպքերի վերաբերյալ իշխանության վարկածը հաստատելն էր և գործի բացահայտումը անհնար դարձնելը: Այդ գործի հետ կապված գրեթե բոլոր հանգամանքները բացահայտված են, բացառությամբ ամենագլխավորի`ովքեր 10 քաղաքացի սպանության իրական պատասխանատուները: Այս հարցի պատասխանը չեն տվել ոչ միայն ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խումբը, այլև նույնիսկ մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի` առ այսօր ընթացքի մեջ գտնվող նախաքննությունը: Վստահաբար այն չի տալու նաև նախագահական ընտրություններից հետո ստեղծվելիք «ջհանգիրյանական» հանձնաժողովը: Եվ դա հրաշալի գիտեն նաև ՀԱԿ-ում:
Հետևաբար հարց է առաջանում, այդ դեպքում ո՞ր էր նման մի նոր հանձնաժողով ստեղծելու համառություն դրսևորելու և իշխանության հետ այդ հարցում նման կոմպրոմիսի գնալու նպատակը: 2011թ. մարտի մեկի բազմամարդ հանրահավաքում Տեր-Պետրոսյանն իշխանությանը 15 կետից բաղկացած պահանջագիր ներկայացրեց, որի հրատապ լուծման ենթակա պահանջներից մեկը վերաբերում էր մարտի մեկի գործի վերանայումն ու անկախ, միջազգայի փորձագետներով համալրված հանձնաժողովի ստեղծումը: Մեկ ամիս անց Տեր-Պետրոսյանն այդ 15 պահանջներից թողեց միայն երեքը, այդ թվում` վերոնշյալ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ: Եվ տեղի ունեցավ այն, ինչ կատարվում է հիմա: Նախագահը շտապեց օգտվել առիթից և կատարել բոլոր երեք պահանջները` «Ազատության» հրապարակը «նվիրեց» ՀԱԿ-ին` հանրահավաքներն այնտեղ անցկացնելու համար, ազատ արձակվեցին բոլոր քաղբանտարկյալները, և ամենակարևորը` Սերժ Սարգսյանը պարզապես մի օր հրահանգեց նախաքննությունն իրականացնող մարմնին` վերսկսել գործի քննությունը և նոր հանգամանքներ ու փաստեր վեր հանել: Գործն առ այսօր «քննվում է» նախագահի տված բանավոր հանձնարարականի շրջանակներում, սակայն դրանից հատկապես 10 զոհերի հարազատները ոչ միայն ոչինչ չշահեցին, որովհետև հիմնական հարցերի պատասխաններն այդպես էլ չտրվեցին, այլ փաստացի խաբված դուրս եկան ՀԱԿ-իշխանություն փաստացի առաջին այս յուրօրինակ երկխոսությունից:
Ավելին` ԵԽԽՎ-ն էլ հայտարարեց, որ մարտի մեկի էջն արդեն փակված է: Հիմա, փաստորեն, այդ խաբեության երկրորդ արարն է սկսվել: ՀԱԿ-ի համար «մարտի մեկը», որքան էլ ցինիկ հնչի, դարձել է մաշված քսակում միշտ «զապաս» պահվող այն մանրադրամը, որն անհրաժեշտ պահին հանվում է «բուլկի» առնելու համար: Թե ինչ բուլկի է այս անգամ փորձում առնել ՀԱԿ-ը, միանշանակ դժվար է ասել: Չի բացառվում, որ այն ընդամենը ԲՀԿ-ին իր դաշտը բերելու, այսպես ասած` նրան ճշմարտության դեմ հանդիման կանգնեցնելու նպատակ ունի: Սակայն այդ դեպքում` ինչո՞ւ համաձայնել հանձնաժողովը նախագահական ընտրություններից հետո ստեղծելուն: Արդյոք ԲՀԿ-ին մերկացնելու հրամայականն այնքան արժեքավո՞ր է, որ արժեր դրա համար կրկին խաղալ զոհերի ծնողների և հարազատների ամենանուրբ զգացումների հետ և մարտի մեկը դարձնել պարապ վախտի խաղալիք:
Ինքնին այն փաստը, որ ՀԱԿ-ը հատկապես նախագահական ընտրությունների գործոնի շահարկմամբ է գնում է նման փոխզիջման` այն էլ հստակ պատկերացում ունենալով, որ անգամ փետրվարից հետո ձևավորվելիք հանձնաժողովը ոչ մի արդյունքի հասնել չի կարողանալու, արդեն իսկ խոսում է այն մասին, որ սա ՀԱԿ-իշխանություն մի նոր «երկխոսության» դրսևորում է, որից, ի դեպ, միշտ պարտված է դուրս եկել ՀԱԿ-ը: Եթե ՀԱԿ-ը այս ճանապարհն է ամենաազնիվն ու արդյունավետը համարում, ուրեմն պետք է ԱԺ մեծամասնությանը երախտապարտ լինի: Ի վերջո, մուրացկանին մեկ-երկու օր գոյատևելու միջոց տալն էլ մեծահոգություն է:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ