կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-08 15:32
Տնտեսական

Ջրային տնտեսության պետական կոմիտեում հարկադրված կադրային փոփոխություններ չեն լինելու. Արսեն Հարությունյան

Ջրային տնտեսության պետական կոմիտեում հարկադրված կադրային փոփոխություններ չեն լինելու. Արսեն Հարությունյան

«Ջրային տնտեսության պետական կոմիտեում հարկադրված կադրային փոփոխություններ չեն լինելու: Այսօր բոլորից նույն պահանջն ունեմ՝ աշխատել. աշխատել ակտիվ և բարեխիղճ և միշտ առաջ նայել: Այսօր ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի խնդիրը»,- այս մասին ՋՏՊԿ աշխատակազմի անդամների և ՋՕԸ-երի պետերի հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարեց  Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Արսեն Հարությունյանը:

Հանդիպմանը մասնակցում էր  նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը:
Ա. Հարությունյանի խոսքով՝ ոլորտի արդյունավետ կառվարման համար մի շարք կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ՝ օրինակ՝ ՋՕԸ-երի խոշորացումը, սակայն ցանկացած աշխատանքի հիմքում պետք է ընկած լինի մեկ սկզբունք՝ բարեխիղճ աշխատանքը:

«Ես այսօր արդեն հանձնարարել եմ գույքագրում իրականացնել և հնարավորինս սեղմ ժամկետներում ինձ ներկայացնել ՋՕԸ-երի ենթակայության տակ գտնվող ոռոգելի հողերի վերաբերյալ տեղեկություններ, որպեսզի կարողանանք հստակ պատկերացում կազմել այն մասին, թե որտեղ ենք թերանում: Ես կարծում եմ, որ մեր առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի ծախսերի արդյունավետության հստակեցում, ոռոգելի հողատարածքների ավելացումը և ի վերջո, կոռուպցիոն ռիսկերի բացառումը»,- նշեց Ա. Հարությունյանը:

Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հաջողություն մաղթեց Ա. Հարությունյանին և նշեց, որ երիտասարդ սերնդի ներգրավումը կառավարման ոլորտում հույս է ներշնչում, քանի որ ջրային տնտեսության ոլորտում ծառացած խնդիրները ոչ միայն արմատական, համակարգային լուծումներ են պահանջում, այլև՝ նորարարական մոտեցումներ:

Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը երաշխավորեց, որ ՋՕԸ-երի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի խնդիրը լսելի կլինի, իսկ նման հանդիպումները կդառնան պարբերական.

«Ձեր աշխատանքի որակից շատ բան է կախված՝ թե՛ մեր գործունեության արդյունավետության առումով, թե՛ քաղաքացիների բարօրության»,- ասաց նա:
Ա.  Հարությունյանը հանձնարարեց կարճ ժամանակում գույքագրում իրականացնել նաև պոմպակայաններում, որոնք անմխիթար վիճակում են գտնվում: Նա նաև հանձնարարեց օրենսդրական փոփոխություններ պատրաստել, որոնք թույլ կտան Կոմիտեին վերահսկել ՋՕԸ-երի պետերի նշանակումները: Ըստ Ա. Հարությունյանի՝  այսպիսով հնարավոր կլինի ոչ միայն վերահսկել ՋՕԵ-երի գործունեության արդյունավետությունը, այլև՝ պատասխանատվության հստակ մեխանիզմներ մշակել:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն