Իր 6-ամսական երեխային աշխատանքային շահագործման հանձնելու մեջ մեղադրվող 37-ամյա Լուսինեն անմեղսունակ է ճանաչվել` հայտնում է
«Փաստինֆո»-ն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ դատարանը բավարարել էր Լուսինեի պաշտպան Անահիտ Եսայանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ դատահոգեբուժական և դատահոգեբանական ամբուլատոր համալիր փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, ըստ որի՝ Լուսինեն անմեղսունակ է ճանաչվել:
Նշենք նաև, որ նախաքննական փուլում կատարված փորձաքննության համաձայն՝ գործով երկու ամբաստանյալներն էլ ճանաչվել էին սահմանափակ մեղսունակ:
Ըստ մեղադրանքի՝ Լուսինեն և Լուսիկը 2011 թվականի սեպտեմբերին ծնված Լուսինեի որդուն՝ Էրիկին, 2012թ. փետրվարից մինչև 2013թ. հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում «դրել և պահել են ստրկությանը հավասարազոր` աշխատանքի վատթարագույն՝ մուրացկանության շահագործման վիճակում»:
Ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչ երեկո, մայրը երեխային հանձնել է Լուսիկին, իսկ վերջինս էլ, Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ նրան գրկին պահելով, երեխայի առկայության հանգամանքով քաղաքացիների խղճահարությունը հարուցելով, զբաղվել է մուրացկանությամբ: Լուսինեն ու Լուսիկն օրական վաստակած 4.000-ից 6.000 ՀՀ դրամ գումարներն ուղղել են իրենց առօրյա կարիքները հոգալուն: